Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԵՆԵՐԱԼԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի (USFK) հրամանատար, գեներալ Ջեյմս Թուրմանը երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է ամերիկյան զորախմբին հատկացնել լրացուցիչ մարտական ու հետախուզական ավիացիա, ինչպես նաև ուժեղացնել բալիստիկ հրթիռներից պաշտպանության միջոցները:
Հարավկորեական լրատվամիջոցների հավաստմամբ, նախատեսվում է կազմավորել սպառազինությունում «Apache» ուղղաթիռներ ունեցող ավիացիոն նոր գումարտակ, ինչպես նաև երկրում տեղակայել զենիթահրթիռային «Patriot» համալիրների նոր խմբաքանակ:

ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՆՎԱԶԻ

Ցամաքային զորքերի սպառազինության և ՀՕՊ վերգետնյա միջոցների փարիզյան «Եվրոսատորի-2012» միջազգային ցուցահանդեսում գումարված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Միխայիլ Պետուխովը. «Իհարկե, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդեց առևտրի բոլոր ասպարեզների վրա, և զենքի արտահանումը բացառություն չէ, սակայն ռուսաստանյան սպառազինության վաճառքի ծավալները տարեցտարի վստահորեն աճում են:

ԳԱԲԱԼԱՅԻ ՌԼԿ-Ի ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՅԺՄ «ԿՈՌԵԿՏ ՉԷ»

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը նման կերպ է բնութագրել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման ժամկետի երկարացման շուրջ ռուս-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլում խնդրի հրապարակային քննարկումներն ու տարբեր գնահատականներ տալը, ասելով, թե դրանց հեղինակները չեն հասկանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը…

ԻՐԱՆԸ ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԵՐ ԿՍՏԵՂԾԻ

Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, դեր-ծովակալ Աբաս Զամինին հայտարարել է, որ արդեն կատարվել են սեփական ատոմային սուզանավերի ստեղծման առաջին քայլերը:
Նա ընդգծել է, որ դա որևէ կերպ չի հակասում խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների օգտագործման ընդունված սկզբունքներին և կիրառվում է աշխարհի բազմաթիվ պետություններում:

ԵՎՍ 106 ԶՈՀ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Սիրիայի Ալ-Հեֆֆա քաղաքում սկսվել է զանգվածային սպանությունների նոր ալիք, որին զոհ է գնացել 106 մարդ, որոնցից 23-ը զինծառայողներ են: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաստատել է, որ մարտերի ընթացքում կառավարական զորքերի ռազմական ինքնաթիռները կրակ են բացել ընդիմադիրների վրա: Կիրառվել են նաև ռազմական ուղղաթիռներ, տանկեր ու ականանետներ: Ըստ շրջանառվող լուրերի, կառավարական ուժերը երեխաներին օգտագործել են որպես «կենդանի վահան» և նստեցրել գրոհի գնացող տանկերի վրա, որոնք փորձել են կասեցնել գրոհայինների հարձակումը:

«ԿՆԵՐԵՔ ՔԱՂԱՔԻ ԱՎԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ»

Եմենի բանակի ստորաբաժանումները գրոհով ազատագրել են Աբյան նահանգում գտնվող Ջաար քաղաքը, որն ավելի քան մեկ տարի գտնվում էր իսլամ գրոհայինների ձեռքում: Վերջիններս նահանջելիս տարածած թռուցիկներում բնակչությունից ներողություն են խնդրել կառավարական զորքերին դիմադրելու արդյունքում քաղաքի ավերման համար:

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՅՈՒՆԱԼԻ ՊՈՌԹԿՈՒՄ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

Երկրի վեց նահանգներում միջազգային ուժերի աջակցությամբ աֆղանական բանակի իրականացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում վերջին օրերին ոչնչացվել է շուրջ 50 իսլամ գրոհային: Նրանցից 20-ը ութ ժամ տևած մարտում սպանվել են ոստիկանների վրա հարձակում գործելիս: