Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐ` ՀԵՏԱԳԱ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Արաբական Միացյալ Էմիրությունները 218 հատ «երկինք-երկինք» դասի ամերիկյան AIM-9X-2 Sidewinder հրթիռ է պատվիրել: Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում պայմանագրի ամբողջական փաթեթը կարժենա 251 միլիոն դոլար: ԱՄԷ-ը պատվիրել է նաև մարտավարական համակարգեր, ուսումնական հրթիռներ և համակարգեր, ուղեկցող սարքավորումներ: ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության վարչության գնահատականի համաձայն` նոր սպառազինությունը թույլ կտա ԱՄԷ-ին մասնակցել միջազգային ռազմական օպերացիաների և օդային օժանդակություն ցուցաբերել ԱՄՆ-ին:

ՌԴ Պետդումայում կառավարության աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է, որ երկրի ռազմածովային ուժերի արդիականացման համար կծախսվի 5 տրիլիոն ռուբլի, ինչը 3 անգամ ավել է նախորդ հատկացումներից: Համապատասխան ծախսերը հաշվարկված են 2011-2020թթ. սպառազինման ծրագրում:

Իսրայելի ռազմաօդային ուժերը առաջիկա տարիներին կարող են կործանիչների պակաս զգալ: 2010թ. Իսրայելը ԱՄՆ հետ 2,75 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել` F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ: Պայմանագրով հետագայում ևս 75 ինքնաթիռի գնում է նախատեսվում: Սկզբնապես ենթադրվում էր, որ առաջին կործանիչը Իսրայելը կստանա 2016թ., սակայն F-35-ի ստեղծման ծրագիրը երկարաձգվեց մինչև 2018թ.: Ժամկետների երկարաձգման պատճառով իսրայելական օդուժի հրամանատարությունը երկփուլ ծրագիր է մշակել, որը թույլ կտա պահպանել օդուժի մարտունակությունը մինչև F-35-ի մատակարարումը:

ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ռազմաօդային ուժերում վերանայել են հինգերորդ սերնդի F-22 Raptor կոչծանիչների օդաչուների մարտական պատրաստության ռազմավարությունը: Այժմ օդաչուները պատրաստություն կանցնեն T-38C Talon ուսումնամարզական ինքնաթիռների դեմ «օդային մարտերի» ժամանակ: Դրանք փոքր չափսեր ունեն և թույլ են տալիս F-22-ի օդաչուներին ուսուցանել թիրախների հայտնաբերում` ցերեկը` դիտելու միջոցով, գիշերը` միայն ինֆրակարմիր սենսորների միջոցով: Նման մոտեցումն անհրաժեշտ է, քանի որ ինքնաթիռի կիրառման հայեցակարգը թույլ է տալիս ռադարները միացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է փոփոխել երկրի զինված ուժերի համար ռազմական գնումների կարգը: Նոր կանոնները թույլ կտան զինվորականներին ավելի մանրամասն հետևել գնման գործընթացին և ավելի արագ ստանալ ռազմական արտադրանքը: Նոր փաստաթղթում գնման կարգը սահմանելուց բացի, կներառվի սպառազինության ձեռքբերման հնարավոր ռիսկերի երեք աստիճան: Կստեղծվի ռազմական գնումների երկու վարչություն, որոնք պատասխանատու կլինեն նյութական (սպառազինություն, վառելիքա-քսուքային նյութեր, պահեստամասեր և այլն) և ոչ նյութական (նորոգման, արդիականացման, տեխնիկական շահագործման և այլ ծառայություններ) գնումների համար:

ԾԱՌԱՏՈՒՆԿ  «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Ապագա զինվորական բժիշկները Եռաբլուրում ավարտեցին ծառատունկը։ Արցախյան պատերազմի հաղթանակն ու փառքը հավերժացնող պանթեոնում հայրենիքի պաշտպանները ծառեր տնկեցին՝ մարմնավորելով մեր վերընձյուղված հույսերի, ապագայի հանդեպ մեր ամուր հավատի ու մեր գալիք հաղթանակների խորհուրդը։ Մեկական ծառ՝ հայրենի հողից ավիշ ու սնունդ առնող, հայրենի հողում ննջող հերոսների շիրիմներին՝ կենդանի հուշարձան։ Մեկական ծառ՝ իբրեւ արժանապատիվ խաղաղության առհավատչյա։

ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Փոխգնդապետ Զ. Դավթյանը հրետանային զորամասի շտաբի պետն է։ Նա ծնվել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը, Զ. Դավթյանն ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո անցել է զինվորական ծառայության եւ ազգային բանակի զորամասերից մեկում նշանակվել դասակի հրամանատար։ Զ. Դավթյանը սովորել է Ռուսաստանի Դաշնության զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում։