Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ-ՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՃՈՂ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի` զինված ուժերի հարցերով ենթակոմիտեի նախագահ Հովարդ Մաքեոնը իր ելույթներից մեկի ժամանակ նշել է, որ տնտեսական հզորությունից «հարբած» Չինաստանը ձգտում է ԱՄՆ հետ ռազմական հավասարակշռության հասնել:
Նա նշել է, որ չինացիները օգտվում են ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամից, որի հետևանքով կրճատվում է ռազմական բյուջեն:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Ուկրաինան հնարավոր է զրահատանկային տեխնիկա մատակարարի Ռուսաստանին:
Նիժնի Տագիլում անցկացված սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին մասնակցած ուկրաինական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Լունևը հայտնել է, որ պայմանագիրը պատրաստվում է ստորագրության, սակայն մարտական տեխնիկայի տեսակի և քանակի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ նշելը դեռ վաղ է:

ՖԻՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ԱԿԱՆԱԶԵՐԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է հանել Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղադրված հակահետևակային ականները, ինչը հարուցել է երկրի պատգամավորներից շատերի դժգոհությունը: Վերջիններիս կարծիքով ականների պաշտպանիչ գոտին վերացնելու դեպքում պետության անվտանգության ապահովումը զգալիորեն կթուլանա:
Այս տարվա օգոստոսին ֆիննական կառավարությունը հայտնել էր հակահետևակային ականների կիրառումը, արտադրությունը, այլ կողմի դրանց փոխանցումն արգելող կոնվենցիային 2012թ. միանալու մասին` ցանկանալով համալրել այն ընդունած ավելի քան 150 պետությունների շարքերը:

ՌԴ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ Է ՄՇԱԿՎԵԼ

Ռուսաստանի զինվորական ղեկավարությունը առաջիկա երկու ամսվա ընթացքում կորոշի արկտիկական նոր բրիգադների տեղակայման վայրը, կհստակեցնի դրանց տեխնիկական համալրման և նյութատեխնիկական ապահովման կարգը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը: Նա նշել է, որ գործնականում ավարտվել է հյուսիսային գոտիներում ծառայության առանձնահատկությունների հետ կապված խնդիրների վերլուծությունը, սահմանվել են զինծառայողների հանդերձանքի, ռազմական տեխնիկայի և սպառազինության անհրաժեշտ տեսակները, նույնիսկ մշակվել է հատուկ սննդակարգ:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ԹՇՆԱՄՈՒ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:
Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1967Թ. ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Արաբական պետությունների լիգայի` Կահիրեում տեղի ունեցած նիստի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը մի քանի անգամ ընդմիջվել է բուռն ծափահարություններով:
Ելույթի ընթացքում Էրդողանը առավելապես խոսել է մերձավորարևելյան հիմնախնդիրների մասին: Նրա խոսքերով Պաղեստինի անկախ պետության ճանաչումը 1967թ. սահմաններում (մինչև Իսրայելի կողմից տարածքներ գրավելը) անհրաժեշտություն է: Նա կոչ է արել աշխարհի բոլոր պետություններին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ աջակցել անկախության ճանաչման մասին պաղեստինյան հայտի ընդունմանը:

ԹՈՒՐՔԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ

Թուրք ինժեներները ինքնուրույն մշակել են F-16 կործանիչների համար նախատեսված բարեկամական և թշնամական նշանակետերի ճանաչման նոր համակարգ:
Այս դասի ինքնաթիռները համալրվում են ամերիկյան «յուրային-օտար» ստանդարտ համակարգերով, որոնք նմանատիպ իսրայելական ինքնաթիռները համարում են բարեկամական և թույլ չեն տալիս կրակ բացել դրանց վրա: Սեփական սարքավորումների տեղադրումը թուրքերին թույլ կտա անհրաժեշտության դեպքում F-16-ները օգտագործել Իսրայելի ինքնաթիռների դեմ պայքարելու համար: