Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵԳԻՊՏՈՍԻՑ ՓԱԽԵԼ ԵՆ 100.000 ՂՊՏԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ

«Մարդու իրավունքների եգիպտական միության» տվյալներով, մինչ տարեվերջ այդ թիվը կարող է հասնել 250.000-ի և նման դինամիկայի պահպանման դեպքում առաջիկա 10 տարիներին Եգիպտոսում քրիստոնեության մյուս հետևորդների հետ միասին երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը կազմող ղպտիների համայնքը կկրճատվի մեկ երրորդով:
Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ օգտվելով Եգիպտոսի իշխանությունների թողտվությունից, ղպտիներին երկրից հեռանալ պարտադրում են սալաֆի արմատականները:

«ՔԱԴԱՖԻԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ ԲԵԼՈՌՈՒՍՈՒՄ». ԿԱՏԱԿ

Բելառուսի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ թեև ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը Լիբիայի օդային տարածքի նկատմամբ խիստ հսկողություն են սահմանել, Լիբիայից օդ բարձրացած երեք ինքնաթիռները, որոնցից մեկում գտնվել է լիբիական հեղափոխության առաջնորդը, իսկ մյուս երկուսում`Քադաֆիի ոսկին, բարեհաջող վայրէջք են կատարել Մինսկում:
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ գնդապետը մտադիր է իր կարողությունը ծառայեցնել բելոռուսական ագրոքաղաքների զարգացման գործին և հավելել, որ այլ կերպ անհնար է մեկնաբանել նման լուրերը:

ԲԼՈԳԵՐՆԵՐԸ` ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ

2011 թվականի Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդներից կարող են դառնալ սոցցանցերում «արաբական գարնան» կազմակերպիչ բլոգերները: Այդ կարծիքին է Նորվեգիայի նախկին արտգործնախարար Յան Էգելանդը, որի հավաստմամբ, մրցանակի շնորհման հանձնաժողովը ձգտում է իր որոշումներում արտացոլել միջազգային կարևոր իրադարձությունները: Այդ տրամաբանությամբ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ պիտի դառնան Եգիպտոսում «Google»-ի մենեջեր Վաէլ Գոնիման և թունիսցի բլոգեր Լինու Բեն Մեննին:
Մրցանակին հավակնում են նաև «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը և ռուս իրավապաշտպան Սվետլանա Գաննուշկինան:

ՈՐՏԵ՞Ղ Է ՔԱԴԱՖԻՆ

Նրանց պնդմամբ, գնդապետը թաքնվում է երկրի արևմուտքում, Ալժիրի սահմանի մոտ գտնվող Գադամես քաղաքում, ուր բնակվող տուարեգ ցեղն իր պաշտպանության ներքո է վերցրել գնդապետին:
Ինչ վերաբերվում է Քադաֆիի որդիներին, նրանցից Սեյֆ ալ Իսլամը կռվում է Բանի Վալիդում, իսկ Մութասեմը` Սիրտում:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ԿԳՈՐԾԵՆ ՔՐԴԵՐԻ ԴԵՄ

Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Հյուսիսային Իրաքում քրդերի զինված խմբավորումների դեմ համատեղ ռազմական լայնամասշտաբ օպերացիա սկսելու մասին:
Անկարան և Թեհրանը ծրագրում են համատեղ հարվածով վերջ տալ Քրդական աշխատավորական կուսակցության և դրա հետ կապված Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության ռազմական թևերին:
Քրդերի դեմ գործելու սկզբունքային որոշումն ընդունվել է նախորդ շաբաթ Նյու Յորքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջև կայացած հանդիպման ժամանակ:

ԻՐԱՆԸ ՀԱԿԱՆԱՎԱՅԻՆ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ

Իրանն սկսել է Ghader ծովային թևավոր հրթիռների մասսայական արտադրությունը: Անտեսանելիությունն ապահովող տեխնոլոգիաներով արտադրվող նոր հրթիռները մշակվել են հատուկ վերջրյա ռազմանավերին, նաև ցամաքային օբյեկտներին հարվածելու նպատակով:
Նմանատիպ նախկին մշակումներից Ghader-ը տարբերվում է գործողության ավելացված շառավղով: Այն թիրախները կարող է խոցել մինչև 200 կմ հեռավորության վրա: Այն նաև նշանակետի ոչնչացման ավելի հզոր ներուժ ունի, ունակ է գերճշգրիտ հարվածներ հասցնել:

«ԵՐԿԱԹԵ ԳՄԲԵԹԸ» ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ԽՓԵԼ

Հակահրթիռային պաշտպանության «Երկաթե Գմբեթ» (Iron Dome) համակարգը տարբեր տեսակի հրթիռներ խոցելուց բացի ունակ է ոչնչացնել նաև թռչող ապարատներ: Համակարգի լրացուցիչ գործառույթն իրականացնելու հնարավորությունը զինվորականները հայտնաբերել են շահագործման ընթացքում:
Զինվորականները պարզել են, որ համալիրը օդային թիրախները որսում է մինչև 10 000 մետր բարձրության վրա: Հեռանկարում համալիրը կարող է կիրառվել որպես հակաօդային պաշտպանության իսրայելական համակարգի լրացուցիչ բաղկացուցիչ մաս: