Ազգային բանակ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օրերս տեղի ունեցավ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների և ակադեմիական դասընթացների 2022 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Շրջանավարտներին հանձնեցին նրանց ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն՝ յուրաքանչյուր տարի «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում անցկացվում է զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը: Հինգերորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:

Առաջնագիծ տանող ճանապարհներին հովվատեղիներ են, եւ բարձրաբերձ սարերի փեշերին հոտ ու նախիր արածեցնող գյուղացու ջերմ ողջույնն այն պարզ ճշմարտության արտացոլանքն է, որ այստեղ՝ Հայրենիքի սահմանին, դիրքապահն ու գյուղացին մեկը մյուսով են ապրում, կամքը վճռականություն դարձրած՝ ամենքն իր բաժին խաղաղությունն է վաստակում։ Այստեղ վաղուց համոզվել են՝ խաղաղությունը երբեք հարատև չի լինում, խաղաղությունն ամեն օրվա վաստակ է։

Երիտասարդ մարտիկի դասընթաց ոչ թե ռազմական բուհի տարածքում, այլ՝ լեռնային տեղանքում։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված կուրսանտների նոր հերթափոխը, նախքան երդման արարողությունը, զինվորականի երկար ու պատվավոր ուղին սկսում է անտառային պայմաններում։

ԶՈւ սպառազինության վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սերգեյ Զուրաբյանն ու իր որդին՝ Արենը, 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել են տարբեր ճակատներում: Երբ հայրը հայտնվել է ռազմաճակատում, զինվոր որդին ասել է՝ տանը տղամարդ չի մնացել, դու գնա, ես կկռվեմ: Հայրը գնացել է, բայց ոչ թե տուն, այլ մեկ ուրիշ ճակատ: Երբ պատերազմն ավարտվել է, Արենը պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Պայմանագրային զինծառայող, դիրքի ավագ, լեյտենանտ Արթուր Համբարձումյանի հետ իմ առաջին հանդիպումը 2014-ին էր: Ավելի ճիշտ, դա վիրտուալ շփում էր՝ ֆեյսբուքյան նամակագրություն: Զինվոր Արթուր Համբարձումյանը ինձ պարբերաբար նամակներ էր գրում նույն բովանդակությամբ. «Խնդրում եմ՝ օգնեք ինձ տեղափոխվել Արցախ: …Որ Արցախի սահմանը պաշտպանեմ: Շատ եմ խնդրում՝ օգնեք, որ ինձ Արցախ ուղարկեն…»: