Ազգային բանակ

Զինված ուժերում ընթանում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցած անձնակազմի ուսուցումը։ Երեք ամիսների ընթացքում հայրենյաց պաշտպանները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ եւ պատրաստվում են որպես տարբեր զորատեսակների մասնագետներ։ Օրեր անց մասնագետների հերթական խումբը կամփոփի ուսումնառությունը։ Ավարտական քննությունները բարձր արդյունքներով հանձնելու դեպքում տղաները նոր ձևաչափով իրենց ծառայությունը կմեկնարկեն զգալի բարձր աշխատավարձով։

Կանայք ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զինվորական մասնագիտությունների և բանակում ծառայության հանդեպ։ Կին զինծառայողների թիվը ՀՀ զինված ուժերում անշեղորեն աճում է։ Նրանցից մեկը կուրսանտ Լիլիթ Հովհաննիսյանն է։ Երեք տարի սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այժմ ուսումը շարունակում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում։ Երիտասարդ աղջկա երազանքն է դառնալ արհեստավարժ և օրինակելի հրամանատար։

Սահմանային զորամասերից մեկում հետևել ենք հրետանային ստորաբաժանման պարապմունքներին։ Ուսումնական տագնապի ժամանակ իրենց վարժ գործողություններով զինծառայողները փաստել են՝ նրանք ունեն գիտելիքներ, փորձ և մասնագիտական բարձր պատրաստվածություն։

Շարունակվում է զինված ուժերի ավագ և կրտսեր սպայական կազմերի ատեստավորման գործընթացը։ Օրերս ատեստավորվել է սպաների հերթական խումբը:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ապագա սպաները սովորում են զինվորական տարբեր մասնագիտություններ, ձեռք են բերում հմտություններ հետագայում ստորաբաժանումներ առաջնորդելու, ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու համար:

Զինված ուժերում ավարտին է մոտենում ուսումնական հերթական փուլը: Ուսումնական ստորաբաժանումներում տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում հայրենիքի նորօրյա պաշտպանները ջանք ու եռանդ չեն խնայում օրեցօր ավելի կատարելագործվելու, նոր գիտելիքներով ու փորձով զինվելու համար: Նրանք արդեն լավ գիտեն՝ սովորելու վերջնարդյունքը ուղիղ համեմատական է զինվորի ծառայության որակին ու մարտունակությանը:

Զորամասերից մեկում զինվորական առօրյան լուսաբանելու նպատակով շրջում ենք տարածքում, զրուցում զինվորների հետ: Պարապմունքների ավարտին մեր ուշադրությունը գրավում է բարձր լսվող դասական երաժշտությունը: Պարզվում է՝ զորամասում գործող ռադիոհանգույցով Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն են հնչում: Քիչ հետո հաղորդավարը ներկայացնում է մեծանուն հայ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը, նրա մասին ուշագրավ փաստեր: Տեղեկատվությունը հետաքրքիր էր, մենք էլ ուշադիր ունկնդրում էինք և ընդգծում նման ձևաչափի կարևորությունը: