Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԺԱՄԿԵՏԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է

Ռուսական «Ս-300» հակահրթիռային պաշտպանության համալիրների մատակարարումը Վենեսուելա հետաձգվել էր, բայց շուտով կիրականացվի. այս մասին փետրվարի 22-ին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտի» հատուկ ծրագրերի տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը:
Անցյալ տարվա նոյեմբերին ռուսական զենքի ամենամեծ գնորդի` Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համաձայնության է եկել ավելի քան 4 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ:

ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունը սկսել է ստուգել օդաչուներին` պարզելու, թե արդյոք նրանք գործածո՞ւմ են սինթետիկ կանաբինոիդներ (թմրանյութի տեսակ է): Շատերն այս տեսակի թմրանյութը համարում են «անվնաս բուսական անուշահոտություն» և գործածում որպես մարիխուանայի իրավաբանորեն թույլատրելի այլընտրանք: Մինչդեռ կանաբինոիդները կարող են առաջացնել վախ, հալյուցինացիա, զառանցանք, փսխում, աչքի բիբի մեծացում և այլն:
ՌՕՈՒ ղեկավարությունը խստիվ զգուշացրել է, որ թմրանյութն օգտագործողները կարող են կորցնել իրենց կարիերան, հայտնվել բանտում, կամ էլ երկուսը միասին:

Մարտ ամսին Պերուի կառավարությունը ռուսական ևս երկու Ми-35 ուղղաթիռ կգնի` թմրանյութերի վաճառքով զբաղվողների և «Փայլող ճանապարհ» կազմակերպության պարտիզանների դեմ պայքարելու համար: Անցյալ տարի կառավարությունը ձեռք էր բերել ռուսական վեց Ми-17 տրանսպորտային և երկու Ми-35 մարտական ուղղաթիռ: Վերջիններս սպառազինված են հրանոթով և ունեն կրակային մեծ հզորություն:

1979թ. իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի երկու ռազմանավ փետրվարի 22-ին մտել է Սուեզի ջրանցք: Դրանցից մեկը 1500 տ ջրատարողությամբ «Ալվանդն» է, մյուսը` 33000 տ ջրատարողությամբ և 250 հոգանոց անձնակազմով «Խարգը»: Երկու նավերն էլ 1970-ականներին արտադրվել են Մեծ Բրիտանիայում` հատուկ Իրանի համար:

ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԹԱՅՖՈՒՆԸ»` «ԱՆԱՊԱՏԻ ԱՐԾԻՎ»

Աբու-Դաբիի ցուցահանդեսների ազգային կենտրոնում (Արաբական Միացյալ Էմիրություններ) փետրվարի 20-24-ը կազմակերպված պաշտպանական ոլորտի միջազգային 10-րդ ցուցահանդեսում ցուցադրվելու է նաև «Eurofighter Typhoon» ռազմական բազմանպատակային ինքնաթիռը: Այն արդեն իսկ ընդգրկված է Սաուդյան Արաբիայի թագավորական ՌՕՈՒ կազմում և համարվում է կատարյալ «անապատի արծիվ»:
Ինքնաթիռն արդեն իսկ իր հնարավորությունները ցուցադրել է Պարսից ծոցի շոգ և խոնավ կլիմայում և ապացուցել, որ քարշի ուժի և զանգվածի բացառիկ հարաբերակցության շնորհիվ այլ ինքնաթիռներից ավելի լավ է դիմանում կլիմայական բարդ պայմաններին:

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿՈԼԻԲՐԻ

Ամերիկյան «AeroVironment» ընկերությունը (Մոնրովիա, Կալիֆոռնիա) որակական նոր աստիճանի է հասել կոլիբրի թռչունի արտաքինն ու չափերն ունեցող թռչող սարքի ստեղծման ճանապարհին. այժմ թռչող սարքը կարողանում է, երկու թևերն արագորեն թափահարելով, առաջ ու հետ թռչել` մտնել-ելնելով սովորական դռան չափերն ունեցող բացվածքի միջով, ինչպես նաև հարկ եղած տեղում օդում անշարժ մնալ:
Ինքնաթիռի նախատիպի թևերի բացվածքը 16 սմ է, կշռում է 19 գ (առանց մարտկոցի), կարող է շարժվել 17.6 կմ/ժ արագությամբ և, որպես օգտակար բեռ, կրել տեսախցիկ:

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՆՈՐԱՑՎՈՒՄ Է

«Սուխոյ» ընկերությունը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին է փոխանցել ՍՈւ-27ՍՄ չորս նոր կործանիչ: Ինքնաթիռները հավաքման կայանից թռիչք են կատարել մինչև Կրասնոդարի շրջանում գտնվող ավիաբազա: Երկու տարի առաջ կնքված պայմանագրի համաձայն` գործարանը օդուժին կմատակարարի այս մոդելի տասներկու ինքնաթիռ: Համալրումը կատարվում է Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության աստիճանական թարմացման ծրագրի շրջանակներում