Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը կստանան գերհեռահար նոր ռեակտիվ հրանետներ: Դրանցով հնարավոր կլինի խոցել հակառակորդի կենդանի ուժը թաքստոցում և թույլ պաշտպանված զրահամեքենայում մինչև 1,7 կմ հեռավորության վրա: Դիպուկ խոցել հնարավոր էր 800 մետրից:

ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

Ռուսաստանում մարտական հերթապահության է անցել ՌՍ-24 Յարս ռազմավարական հրթիռների շարժական համակարգերով համալրված առաջին գունդը: Համակարգերն աստիճանաբար կփոխարինեն ՌՍ-18 և ՌՍ-20 դասի հրթիռներին: Նախատեսվում է, որ հնացած մոդելները փոխարինելուց հետո Յարս և Տոպոլ-Մ հրթիռները կկազմեն Ռուսաստանի ռազմավարական նշանակության զորքերի հարվածային հիմքը:

Վերլուծաբան Մայքլ Օսլինը «The Wall Street Journal» թերթում գրում է, որ Ռուսաստանը վերադառնում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Այդ են վկայում նախորդ մի քանի շաբաթվա երեք իրադարձություն:
Առաջինը Ռուսաստանի պաշտպանության նախարարի, ապա նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցն էր Կուրիլյան կղզիներ (անցյալ տարվա վերջում): Երկրորդը Ռուսաստանի այն ծրագրի հրապարակումն էր, ըստ որի` հաջորդ տասնամյակում ռուսական նավատորմը կծախսի ավելի քան 150 մլրդ դոլար` տասնյակ սուզանավեր ու ռազմանավեր ձեռք բերելու համար` իր ուշադրությունը կենտրոնացնելով Խաղաղ օվկիանոսի վրա:

ԱՄՆ-ի մի խումբ նախկին դիվանագետներ և ռազմական գործիչներ` Ջորջ Շուլցը (ԱՄՆ պետքարտուղար 1982-1989թթ.), Ոիլյամ Փերրին (ԱՄՆ պաշտպանության նախարար 1994-1997թթ.), Հենրի Քիսինջերը (ԱՄՆ պետքարտուղար 1973-1977թթ.) և Սեմ Նանը (Զինված ուժերի գծով Սենատի հանձնաժողովի նախկին նախագահ) «The Wall Street Journal» թերթում հանդես են եկել հոդվածով, որում կոչ են անում գիտակցել համաշխարհային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների լրջությունը:

ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրներ մտահոգվել են Չինաստանի ռազմական բյուջեի աճով (այն այս տարի կկազմի 12.7%, բացարձակ մեծությամբ` 91.7 մլրդ դոլար):
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Սեիջի Մաեհարան մարտի 4-ին հայտարարեց, որ վերոնշյալը «չափազանց շատ է պաշտպանական ծախսերի համար»: Փորձագետներից շատերն այն կարծիքին են, որ Չինաստանի ռազմական բյուջեի հրապարակված մեծությունը շատ ավելի քիչ է, քան իրականը:

ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ԿԴԱՌՆԱ ԱՄԵՆԱՄԵԾԸ

Կանխատեսումների համաձայն` 20 տարի հետո Ասիան կվերածվի ինքնաթիռների ամենամեծ շուկայի, որի ծավալը կկազմի համաշխարհային շուկայի մեկ երրորդը: Հաջորդ 15 տարվա ընթացքում ինքնաթիռափոխադրումների ծավալն ամբողջ աշխարհում կկրկնապատկվի, իսկ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն այդ առումով կգերազանցի Հյուսիսային Ամերիկային ու Եվրոպային: Ակնկալվում է, որ Ասիական տարածաշրջան կմատակարարվի ավելի քան 8500 նոր ինքնաթիռ` 1.2 տրլն դոլար ընդհանուր արժողությամբ:

Ֆրանսիական «Le Monde»-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում բռնկված հեղափոխությունների ալիքը անհանգստացրել է Ֆրանսիայի ռազմարդյունաբերական ընկերություններին, քանի որ Մերձավոր Արևելքի երկրները ֆրանսիական ռազմական արտադրանքի հիմնական գնորդն էին:
Փորձագետների կարծիքով, պայմանագրերի մեծ մասը կվերանայվեն, հնարավոր է՝ նույնիսկ չեղյալ հայտարարվեն: Ֆրանսիացի ռազմարդյունաբերողներն «աղոթում են», որ հեղափոխությունը չհասնի գոնե Սաուդյան Արաբիա, որին բաժին է ընկնում տարածաշրջան մատակարարվող ֆրանսիական արտադրանքի 75%-ը: