Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՆԳԼԻԱՑԻ ԾՈՎԱԿԱԼԸ ԳՈՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ

ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ ծովակալ Գերի Ռաֆհեդը բարձր է գնահատել Ռուսաստանի ռազմական նավատորմի կարողությունները: Նա նշել է, որ ՌԴ ռազմածովային ուժերը նախկինի պես մեծ հավակնություններ ունեն, ԽՍՀՄ փլուզումից հետո արձանագրված անկումը ոլորտում կանգ է առել, այժմ երկրի տնտեսության զարգացմանը զուգահեռ նավաշինական խոշոր ծրագրերի իրականացման շնորհիվ ռուսական նավատորմը կամրապնդվի և կավելացնի իր մարտական հնարավորությունները: Այդ մասին ծովակալը խոսել է Սենատի` բյուջետային հատկացումների կոմիտեում լսումների ժամանակ` պոտենցիալ վտանգ չհամարելով, սակայն, ՌԴ նավատորմի ռազմական հզորության աճը:

ԲԱՆԱԿԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՈՉ ԹԵ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ

Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նկատի ունենալով` ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել բարձր աստիճանի մարտունակություն եւ ունակ լինել մշտապես գտնվելու բարձր մարտական պատրաստականության վիճակում: Ուստի սա է ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների գերակա նպատակը, որին կարելի է հասնել մարտական պատրաստության որակը բարձրացնելու եւ արդյունավետությունը մեծացնելու միջոցով:
Մարտական պատրաստության որակը կարելի է բարձրացնել պայմանագրային ծառայության եւ պայմանագրային սերժանտական ինստիտուտի ներդրման ճանապարհով: Ստորեւ կքննարկենք դրանց առանձնահատկությունները՝ օտարերկրյա ԶՈՒ փորձի հիման վրա:
Հետխորհրդային ռուսական ԶՈՒ ներքին ծառայության անտանելի վիճակը, որի նախադրյալները ստեղծվել էին դեռեւս խորհրդային ժամանակներում, հասարակական գիտակցության մեջ ձեւավորել էր այն համոզումը, որ «մասնագիտական /արհեստավարժ/ բանակը» նախապատվելի է զորահավաքի ճանապարհով համալրվող բանակից:

ՓՈԽԱԴԱՐՁ «ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ»՝ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐՈՎ

Պակիստանում ատոմային մարտագլխիկ կրելու ունակ Hatf-ΙΙ բալիստիկ հրթիռի հերթական փորձարկում է անցկացվել: Հրթիռը կարճ հեռահարության է, կարող է թիրախ խոցել մինչև 180 կմ շառավղով: Նմանատիպ փորձարկումներով հարևանին պատասխանել է Հնդկաստանը, որը Պակիստանի հետ չլուծված տարածքային խնդիրներ ունի: Dhanush և Prithvi բալիստիկ հրթիռները 350 և 295 կմ խոցման շառավղով նույնպես կարող են ատոմային մարտագլխիկ կրել: Հայտարարվել է, որ բոլոր հրթիռների փորձարկումները հաջող են անցել:

Ինդոնեզիան ցանկանում է Մեծ Բրիտանիայից 24 Eurofighter Typhoon կործանիչ գնել: Նշենք, որ Մեծ Բրիտանիայի նախորդ կառավարությունը 1999 թ. արգելք էր դրել Ինդոնեզիա ռազմական նշանակության ապրանքների մատակարարման վրա այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել այդ երկրում բրիտանական արտադրության ինքնաթիռների միջոցով խաղաղ բնակչությանը ռմբակոծելու մասին: Մինչ այդ ինդոնեզական զինված ուժեր մատակարարվող սպառազինության շուրջ կեսը բրիտանական ծագում է ունեցել:

Միգ-29

Հնդկաստանը գլխավորել է 2006-2010 թթ. զենքի գնորդ երկրների համաշխարհային ցուցակը: Այդ մասին, Ֆրանս-Պրեսս գործակալության հաղորդմամբ, նշված է խաղաղության խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային իստիտուտի զեկույցում: Կազմակերպության տվյալներով, Հնդկաստանին բաժին է ընկնում սպառազինության ներկրման շուկայի 9 տոկոսը: Ընդհանուր առմամբ, անցած տարիների համեմատ երկիրն արդեն ավելացրել է իր ռազմական գնումները 21 տոկոսով: Հնդկաստանի համար սպառազինության գլխավոր մատակարար է եղել Ռուսաստանը` ապահովելով ներկրման 82 տոկոսը:

Ռուսաստանը դադարեցրել է զենքի արտահանումը Լիբիա` միանալով այդ երկրի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին: Դրանով իսկ, փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանը զրկվում է շուրջ 4 մլրդ դոլար վաստակելու հնարավորությունից. Լիբիան մտադիր էր Ռուսաստանից գնել «Յակ-130», «Սու-35» ռազմական ինքնաթիռներ և ռազմական այլ տեխնիկա:

Օրերս Պակիստանի պաշտպանության նախարարությունը դիմել է կառավարությանը` խնդրելով հավանություն տալ Չինաստանից սովորական սուզանավեր գնելու գործարքին, որը հիմք կդառնա սուզանավերի համատեղ կատարելագործման համար: Ըստ Պակիստանի ՊՆ-ի` իրենց երկիրը «ծայրահեղորեն հետ է մնում» սուզանավերի և ռազմանավերի քանակի առումով: