Ռազմական
Մինչև այս տարվա հոկտեմբեր Ռուսաստանը Հնդկաստանին 900 մլն դոլարի դիմաց 10 տարով վարձակալությամբ կտրամադրի K-152 ատոմային սուզանավ: Ներկայում ռուս հրահանգիչները ուսուցանում են հնդկական անձնակազմին: Դասընթացը ներառում է նաև թևավոր հրթիռների արձակում:
2008թ. նոյեմբերին այս սուզանավի վրա հրդեհ էր բռնկվել և թունավոր գազերի արտահոսքի հետևանքով Ճապոնական ծավում զոհվել էր 20 նավաստի: Նորոգումից հետո սուզանավը պատրաստ է շահագործման:
ԱՄՆ-ի բանակը սկսում է արդիականացնել OH-58 Kiowa Warrior ուղղաթիռը` ստեղծելու համար դրա «F» մոդելը` ներկայիս «D»-ի փոխարեն: Կատարելագործվելու են սարքավորումները, տվիչները, մեծանալու է թռչող սարքի արտադրողականությունը: «F» մոդելի առաջին թռիչքը ծրագրվում է 2012թ.: Ընդհանուր առմամբ, բանակը ծրագրում է ձեռք բերել 368 ուղղաթիռ:
Այսօր OH-58 Kiowa Warrior 94 ուղղաթիռները Իրաքում և Աֆղանստանում լուծում են մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում` հետախուզության, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և պահակախմբերի ուղեկցման:
Այս մեքենաներն ամենամեծ պահանջարկն ունեն բանակային ավիացիայում:
Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքն առաջիկայում կստանա հրազենի կրակոցի հայտնաբերման 13000 անհատական համակարգ: Վերջինս բաղկացած է 4 փոքր ձայնային դետեկտորներից և փոքր դիսփլեյից, որոնց միջոցով յուրաքանչյուր զինվոր կիմանա, թե ինչ հեռավորությունից և որ կողմից են կրակում իր վրա: Դետեկտորն արձանագրում է թշնամու կրակոցից առաջացած գերձայնային ալիքները և ակնթարթորեն տեղեկացնում զինվորին: Վերջինս ուշադրությունը լարելու փոխարեն պետք է միայն հետևի դետեկտորի ցուցմունքին: Համակարգը կշռում է 2 ֆունտից (900 գրամից) էլ քիչ:
Ամերիկյան բանակի ղեկավարությունը Կոնգրեսում հիմնավորել է նոր սերնդի զրահամեքենա ստեղծելու անհրաժեշտությունը: Բանն այն է, որ եղած զրահամեքենաների արդիականացումն այլևս անիմաստ է, քանի որ նոր տեխնոլոգիաների կիրառումն այդ զրոհամեքենաներում անհնար է: Նոր սերնդի զրահամեքենան մշակվելու է` հաշվի առնելով Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորքերի վերջին 10 տարիների ռազմական գործողությունների փորձը:
«Բրաունինգ Մ1911» ատրճանակը դարձել է ամերիկյան Յուտա նահանգի պաշտոնական խորհրդանիշներից մեկը: Յուտան առաջին նահանգն է, որ խորհրդանիշ է ընտրում հրազենը: Նշված ատրճանակի ստեղծող Ջոն Բրաունինգը ծնվել է Յուտայում 1855թ. և ապրել է այդ նահանգում: Ատրճանակը պատրաստել է 1890-ականների վերջերին, իսկ 1911թ. այն սպառազինության է վերցրել ամերիկյան բանակը, օգտագործել առաջին և երկրորդ համաշխարհային և այլ պատերազմներում։
Microsoft ընկերության հիմնադիր Փոլ Ալենը ՄիԳ-29 կործանիչ է գնել: Մարտական մեքենայի նախկին սեփականատերն այն ձեռք է բերել Ուկրաինայից և լիովին նորոգելուց հետո նույնիսկ մի քանի թռիչք իրականացրել: Փոլ Ալենն սկսել է ինքնաթիռներ «հավաքել» 1998թ.: ՄիԳ-29-ը «կընկերակցի» նրա Supermarine Spitfire, Messerschmitt BF-109, Hawker Hurricane և այլ ինքնաթիռներին` կազմելով պատմական նմուշների հավաքածուի մի մասը:
ԱՄՆ Կոնգրեսն ու պաշտպանության նախարարությունը քննարկում են ռազմական բազաների էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով դրանք սեփական փոքր հզորության ատոմային ռեակտորներով համալրելու հնարավորությունը: Առաջին անգամ այս հարցը բարձրացվել է 1980-ականներին և իբրև այլընտրանք է դիտվել ԽՍՀՄ կողմից ատոմային ռմբահարումների դեպքում վնասված էլեկտրահաղորդակցության համակարգին: