Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՌԱՋԻՆ Ա400Մ-Ը ԿՍՏԱՆԱ ՖՐԱՆՍԻԱՆ

Ֆրանսիան կլինի առաջին երկիրը, որին կմատակարարվի Ա-400Մ ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը: Պատվիրված 50 միավորներից առաջինը Ֆրանսիան կստանա 2013թ., ողջ խմբաքանակը սպառազինություն կմտնի մինչև 2024թ.: Եվրոպական ինքնաթիռի սերիական արտադրությունն սկսվել է այս տարվա մարտին: Ընդհանուր առմամբ, պատվիրատու երկրները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան և Թուրքիան, պետք է ստանան 174 ինքնաթիռ:
Ա400Մ նախագիծը սկզբնական գրաֆիկից հետ է մնում գրեթե երեք տարով, իսկ ինքնաթիռի ստեղծման ծախսերը գերազանցել են նախահաշվարկը շուրջ 5 միլիարդ եվրոյով:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՆՔՆԱԹԻՌԸ

Ամերիկյան F-35 LightningΙΙ կործանիչի ստեղծման համար վերջին ինը տարիներին ծախսվել է 56,1 միլիարդ դոլար, ասվում է ԱՄՆ գլխավոր վերահսկիչ վարչության հաշվետվությունում: Գումարը ծախսվել է գիտահետազոտական, նախագծման աշխատանքների, ապա նաև փորձարկումների համար անհրաժեշտ ինքնաթիռ-նախատիպերի գնման նպատակով: Կործանիչի պատրաստումը կարժենա 56,4 միլիարդ դոլար, իսկ ծրագիրը կավարտվի 2018թ. նախատեսվածից հինգ տարի ուշ: Ընդ որում, նշվում է, որ F-35-ի ստեղծման ծրագիրը խախտել է Նաննա-Մակկերդիի դրույթը, որը ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնում է փակել ցանկացած ռազմական նախագիծ, եթե դրա արժեքը նախահաշվարկի համեմատ աճում է ավելի քան 25 տոկոսով:

The Sunday Independent թերթում տպագրված հոդվածից տեղեկանում ենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը 2010թ. աշխարհի 78 երկրներին շուրջ 5,3 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու հավանություն է տվել: Հենվելով սովորական սպառազինության շրջանառության վերահսկման ազգային կոմիտեի հաշվետվությունում բերված տվյալների վրա` թերթը գրում է, որ թույլատրվել է զենք վաճառել նաև առավել բռնատիրական պետություններին, այսինքն՝ ոչ ժողովրդավարական կառավարությամբ, մարդու իրավունքները խախտող, անկայուն քաղաքական իրավիճակով պետություններին, ինչպես նաև այն երկրներին, որտեղ կատարվող ռազմական ծախսերը խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացումը:

ԱՄՆ ռազմածովային ուժերը փոքր նավերից պաշտպանվելու համար նախատեսված լազերի փորձարկումներ են անցկացրել: 2010թ. հոկտեմբերից մինչև այս տարվա ապրիլ փորձարկումներն անցկացվել են բաց ծովում, Կալիֆոռնիայի ափերից քիչ հեռու գտնվող ծովային զորավարժարանում: Դրանց ընթացքում հաջողվել է այրել նավ-թիրախը: Նախնական տվյալները հաստատել են, որ լազերային նոր կայանը կարող է կիրառվել իբրև զենք: Նախատեսվում է փորձարկումների ավարտից հետո լազերային զենքի ստեղծման մրցույթ հայտարարել:

ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԴՈՒՐՍԳՐՈՒՄ

Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտարարել է սպառազինության մասշտաբային կրճատման մտադրության մասին՝ մինչև 2014թ. ռազմական ծախսերի մեկ միլիարդ եվրոյով նվազումն ապահովելու նպատակով: Երկրի պաշտպանության նախարարությունում և ենթակա գործակալություններում աշխատում է 69 000 մարդ։ Նրանցից շուրջ 12 000-ը նույնպես կկրճատվի: Պաշտպանության նախարար Հանս Հիլլենի խոսքերով, նախատեսվում է դուրս գրել բոլոր 60 «Լեոպարդ» տանկերը, 2 պարեկային նավ, 17 ուղղաթիռ, մեկ տրանսպորտային ինքնաթիռ և F-16 86 ինքնաթիռներից 19-ը: Իսկ երկրի վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ սպառազինության կրճատումը չի անդրադառնա միջազգային ռազմական օպերացիաներում իրենց մասնակցության վրա:

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սպառազինության արտադրությամբ և արդիականացմամբ զբաղվող Elbit Sistems իսրայելական ընկերությունը դատի է տվել Վրաստանի կառավարությանը և 100 միլիոն դոլար է պահանջում դեռ 2007թ. կնքված պայմանագրերի դիմաց: Հայցը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի արդարադատության բարձրագույն դատարան: Վրաստանը նախկինում ընկերությունից «Հերմես-450» անօդաչու ինքնաթիռ-հետախույզներ է գնել: 2008թ. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Նյու- Յորք Թայմս» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելից գնված 40 անօդաչու ապարատները տրամադրվել են ոստիկանության և բանակի տարբեր ստորաբաժանումներին:

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Ամերիկյան Օշկօշ (Oshkosh) ընկերությունը ամերիկյան բանակի ավտոզրահատանկային տեխնիկայի և սպառազինության հրամանատարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում մինչև 2012թ. հոկտեմբեր պատվիրատուին կմատակարարի HET A1 270 բեռնատար: Գործարքի արժեքը կկազմի 119 միլիոն դոլար: Բեռնատարները կարող են մինչև 72 կմ/ժ արագություն բացել, մեկ լիցքավորմամբ անցնել 482 կմ: 500-ուժանոց դիզելային շարժիչով մեքենան կարող է մինչև 64 տոննա քաշով բեռներ տեղափոխել: Այս բեռնատարներն առավելապես օգտագործվում են զրահապատ տեխնիկա, օրինակ` «Աբրամս» տանկեր տեղափոխելու համար: