Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ԿՂԵԿԱՎԱՐՎԻ ՄԿՆԻԿՈՎ

Ամերիկյան հեռանկարային X-47B ծովային անօդաչու թռչող ապարատը մյուս անօդաչուներից կտարբերվի կառավարման համակարգով: Այն թռիչք կիրականացնի ավտոնոմ ռեժիմով, իսկ օպերատորը հրամաններ կտա համակարգչային մկնիկի միջոցով: Անօդաչու ապարատը պատրաստվում Northrop Grumman ընկերությունում, որի ներկայացրած տվյալներով սարքի ծրագրային ապահովման բազայում կներառվեն թռիչքի, վայրէջքի տարբեր սցենարներ: Օպերատորը միայն մկնիկը սեղմելով պետք է հրամաններ տա սարքին, ասենք, անցում թռիչքուղով, շարժիչի միացում և անջատում, խուսանավում և այլն:

ԱՄՆ-ում ձերբակալվել է չինացի, որը գումար է կորզել իր համերկրացիներից` խոստանալով ծառայության տեղավորել ամերիկյան բանակում: Նա վստահեցրել է բոլորին, որ ծառայությունը կօգնի ամերիկյան քաղաքացիություն ստանալ: 51-ամյա չինացին երիտասարդներին «տեղավորել է» ամերիկյան բանակի գոյություն չունեցող, իր հորինած ստորաբաժանումում, զինվորական հանդերձանք է բաժանել, պարբերաբար տարել է Սան-Դիեգոյի թանգարանում գտնվող դուրս գրված ավիակրի մոտ, նույնիսկ «նորակոչիկների» հետ զինվորական շքերթ է անցկացրել:

Ռ. ԳԵՅԹՍԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

Aviation week-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը հաստատել է նոր սերնդի հեռանկարային ռմբակոծիչների (NGB)` բանակին անհրաժեշտ քանակն ու օպտիմալ գինը: ԱՄՆ ռազմաօդային ուժերը սպառազինության կվերցնեն 80-100 ինքնաթիռ, ընդ որում յուրաքանչյուրի համար կվճարեն ոչ ավելի, քան 500 միլիոն դոլար: Ինքնաթիռի նախագծման ֆինանսավորումը կսկսվի 2012թ. և մինչև 2016թ. կկազմի տարեկան մեկ միլիարդ դոլարից ոչ ավելի: Ամերիկյան զինվորականների հիմնական խնդիրը ինքնաթիռի արժեքի բարձրացում թույլ չտալն է, ինչպես դա եղավ B-2 Spirit-i հետ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԻ

Բրազիլիան անորոշ ժամանակով հետաձգել է ռուսական ՄԻ-35Մ ուղղաթիռների (ՄԻ-24-ի արտահանման տարբերակը) երկրորդ խմբաքանակի գնումը: Այդ որոշման հիմնական պատճառը պաշտպանական բյուջեի կրճատումն է: Բացի այդ, երկրի ռազմաօդային ուժերը դժվարություններ են ունեցել՝ կապված ուղղաթիռների տեխնիկական շահագործման հետ, դրանցում առկա համակարգերը անհամատեղելի են ամերիկյան` ՆԱՏՕ-ի չափանիշներով պատրաստված և բրազիլական բանակում օգտագործվող համակարգերի հետ:
Բրազիլիային 12 միավոր ՄԻ-35Մ ուղղաթիռների մատակարարման պայմանագիր` 150 միլիոն դոլար արժողությամբ, կնքվել է 2008թ:

ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ ավարտեցին AAI կազմակերպության ստեղծած նոր Small Sense And Avoid (SSAAS) օդային համակարգի փորձարկումը: Այն մոտ ապագայում կարող է վերացնել ԱՄՆ-ի ռազմական անօդաչու տրանսպորտային միջոցների (UAV) ազգային օդային տարածքում թռիչքներ կատարելու սահմանափակումը:
Հունվարի 28-ին գաղտնիության պայմաններում իրականացվել է AAI Shadow օդանավի վրա տեղադրված SSAAS համակարգի փորձարկումը: Թռիչքի ընթացքում օդանավը 2 ժամից ավելի գտնվել է օդում, միջինը` 2750 մետր բարձրության վրա:

ԱՐՁԱԿՄԱՆ ՆՈՐ ԿԱՅԱՆ՝ ՌՄԲԱԿՈԾԻՉԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ օդուժը B-1B Lancer ռմբակոծիչի համար նախատեսված հրթիռների և արկերի արձակման նոր համակարգի փորձարկումներ է անցկացնում: Այժմ ինքնաթիռի վրա տեղադրված է 16 տեղանոց արձակման կայան, որը կարող է մինչև 15 հատ կառավարվող JDAM ռումբ կրել, նոր կայանը հնարավորություն կտա կախել մինչև 48 այդպիսի ռումբ: Տեսականորեն հնարավոր է, որ B-1B ռմբակոծիչը փորձարկումների ընթացքում հռչակավոր B-52-ից 4 անգամ ավել սպառազինություն վերցնի, այսինքն` մեկ ինքնաթիռը կարող է փոխարինել չորսին: Նոր կայանը նաև համապիտան է, այն կարող է կրել և´ «երկինք-երկիր» հրթիռներ, և´ տարբեր չափի ռումբեր:

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ԿԱՊԵՐԸ

Նախկին Հարավսլավիայի մաս կազմող երեք հանրապետություններ` Սերբիան, Սլովենիան և Խորվաթիան, մտադիր են վերականգնել նախկին կապերը և ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կզբաղվի Քուվեյթի ցամաքային զորքերի Մ-84 տանկերի (խորհրդային Տ-72-ի հարավսլավական տարբերակը) արդիականացմամբ: Այժմ բանակցություններ են ընթանում Քուվեյթի հետ: Սերբիայի պաշտպանության նախարարությունը գործարքը գնահատել է մոտ 400 միլիոն դոլար: Համատեղ ձեռնարկության ստեղծման նախաձեռնությունն էլ այդ երկրինն է: