Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

«ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ»

Ես ու Ռուդիկը համադասարանցիներ ենք։ Առաջին դասարանից միեւնույն նստարանին ենք նստել ու շատ մտերիմ ենք եղել։ Ռուդիկն ինձ եղբոր պես էր վերաբերվում, շատ հոգատար էր, ուշադիր, նրբանկատ։ Նա ինքնատիպ տղա էր։ Առաջին հայացքից կարող էր թվալ անմիջական, շփվող, կենսուրախ, բայց իրականում շատ նրբազգաց էր, խոցելի, ներամփոփ։ Նրա ապրումները, զգացմունքները հոգու խորքում էին։ Ռուդիկը նուրբ ու գեղեցիկ ներաշխարհ ուներ (իր արտաքինի պես)։ Նրա դպրոցական տետրերի բոլոր անկյուններում ինչ-որ պատկերներ էին նկարված։ Քանդակագործություն էր սովորում։ Ավելի բարձր դասարաններում սկսեց սպորտով զբաղվել, բոքս էր պարապում։ Բոքս եւ քանդակագործություն՝ այս երկու նախասիրությունները շատ բնութագրական էին Ռուդիկի համար, բնորոշում էին նրա հոգու ուժն ու գեղեցկությունը։

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Արցախյան պատերազմը ալեկոծեց հայ հասարակությանը, և հենց այդ պահին էր, երբ առաջ եկան մարդիկ, որոնք իրենց ուսերի վրա վերցրին Շարժում-Ազատամարտը` հատկապես առաջին գծում, որտեղ որոշվում էր Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Այդպիսի մարդկանցից էր նաև Արմենակ Արմենակյանը:
Կյանքի մեծ ճանապարհ անցած մարդու անունը որոշակի գործի հետ է կապվում: Արմենակի կյանքի գործը երկու բառերի մեջ կարելի է ամփոփել` Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ: Երկուսի մեջ էլ հսկայական իմաստ կա: Մեկում մեր ժողովրդի պատմության ու հոգևորի հանդեպ նրա ունեցած խոր հավատը, խոնարհումն ու սերն է, մյուսում` իր ժողովրդին ոսոխից պաշտպանելու, նրան պարտության մատնելու անսասան կամքը:

ՈՒԺ ՏՈՒՐ ՀՈՂԻՆ

Ես գիտեմ, որ տղամարդկանց հետ ճակատ մեկնած, կռված կնոջ կերպարը (այն էլ հայուհու) միանշանակ չի ընկալվում։ Ֆիդայի կնոջ կերպարը չի համապատասխանում հայ կնոջ մասին մեր պատկերացումներին։ Ես նույնիսկ քամահրական վերաբերմունք եմ տեսել, քննադատություն եմ լսել։ Ու չեմ նեղանում։ Իրոք, կինը չպետք է զենք վերցնի, չպետք է կրակի, չպետք է մարդ սպանի։ Կինը ի բնե փխրուն, զգացմունքային, բարի արարած է, այդպիսին էլ պետք է մնա։ Նա պետք է կյանք տա, ոչ թե կյանք խլի։ Իսկ պատերազմը աղավաղում է կնոջ էությունը, սպանում է նրա հոգին։ Հիշում եմ՝ երբ առաջին անգամ դեմառդեմ հանդիպեցի թշնամուն ու կրակեցի։ Կրակեցի մոտ տարածությունից։ Երիտասարդ տղամարդ էր։ Հնարավոր է՝ որդուս տարիքին։ Եթե ես չկրակեի, ինքն էր կրակելու (ձեռքն ավտոմատին էր)։

Տարիներ են անցել։ Տասնութ երկա՜ր ու ձիգ տարիներ, բայց Ժենյա մայրիկը դեռ սպասում է։ Սպասում է՝ աչքը որդու ճամփին, ականջը՝ հարազատ ձայնին… Բայց որդին՝ Արսենը, չկա՜ ու չկա՜…
-Ախր, Արսենս ուրիշ էր, է՜։
Ասում է ու ծանր հառաչում, թաշկինակը սեղմելով անհույս սպասումով լի աչքերին, որոնք վաղուց ցամաքել են…

ՍՊԻՐԻԴՈՆԸ ԲԱՆԱԿ Է ԳՆՈՒՄ

Հերթական ռմբակոծությունից հետո եվրոպայի հողով դեպի արեւմուտք գնացող հետեւակ զինվորները հողից դուրս ցցված զինվորական երկու սապոգ են տեսնում… Մոտենում են, դուրս քաշում… Ես էի։ Զինվորներից մեկն ինձ շալակն է առնում ու վազ տալիս դեպի բուժմաս։ «Փրկեցեք,- ասում է,- սա մեր «Մարտական թերթիկի» խմբագիրն է»։ Ճանապարհին զգում է, որ ոտից գլուխ թրջվել է։ Ոտքերը սապոգների մեջ ճպճպում են։ Վերեւ է նայում՝ անամպ երկինք է, անձրեւ չկա։ Նոր միայն գլխի է ընկնում, որ արյունս է իր մարմնով մեկ հոսել-լցվել սապոգների մեջ։ Նորից վազ է տալիս բուժմաս։ «Բժի՛շկ, փրկեցեք նրան, խնդրում եմ, ախր, 20 տարեկան դեռ չկա»։ Այո՛, իմ պատերազմը կարճ տեւեց, բայց տառապանքս շարունակվում է մինչեւ էսօր։ Իսկ ես արդեն 87 տարեկան եմ։ Ես ու իմ ցավը վաղուց արդեն անբաժան ընկերներ ենք դարձել. որտեղ ես՝ էնտեղ էլ իմ տառապանքը։

ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ…

Գեւորգ Վարդանյանը խորհրդային արտաքին հետախուզության ծառայության առաջին հետախույզն է, որ իր կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրա անունը նշված է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 100 լավագույն հետախույզների ցանկում։ Նրան այսպես են գնահատել. «Զորգեին, Աբելին, Կիմ Ֆիլբիին հավասար… իսկ գուցե եւ առավել»։ Քաջարի հայորդու սխրանքների մեծ մասը «հույժ գաղտնի» կնիքի տակ է. առայսօր բացված է նրա տասնամյակներ ձգվող գործունեության լոկ առաջին էջը՝ «թեհրանյանը»։ Նրա ղեկավարած խմբին (հայեր, երկու ասորի եւ մեկ լեզգի) հաջողվում է կանխել «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ գերմանական հետախուզության ծառայության կազմակերպած մահափորձը («Երկար ցատկ»), որն իրականացնելու էր հայտնի Օտտո Սկորցենին՝ Հիտլերի սիրելին։

ԿԱՐՈՂ ԵՍ

«Ադրբեջանցիները անակնկալ հարձակվել են Դարանակ գյուղի մերձակա դիրքերի վրա եւ գրավել բարձունքը»… 1994 թվականի հուլիսի երեքն էր։ Պատերազմը ե՛ւ ավարտվել, ե՛ւ չէր ավարտվել։ Հակառակորդը չէր հաշտվում կորուստների հետ։ Զորամասի հրամանատարի տեղակալ Արա Սարգսյանի գլխավորությամբ 7 հոգանոց հետախուզական խումբը թափանցեց թշնամու թիկունք։ Բարձունքն օղակման մեջ առան։ Դիրքի հետգրավման գործողությունը սկսված էր։