Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

Ռաֆիկ Հովհաննիսյանի նախնիները Սասնո Տալվորիկ գյուղից են։ Եղեռնին մեծ գերդաստանից փրկվել են քչերը։ Գաղթել ու բնակություն են հաստատել Արեւելյան Հայաստանում։ Հայրենական մեծ պատերազմ մեկնած հորից եկել է «սեւ թուղթ», եւ Հրանուշ մայրն իր երեք զավակներին սասունցի կնոջ պատվախնդրությամբ իր թեւերի տակ առած` պահել է, մեծացրել։ Գաղթական բառի հետ որբացած երեխաների ականջին լսելի էին արդեն զոհվածի ընտանիք, այրի, որբություն բառերը։

ՍՈՒԼՈՒԽԻՑ ԲԵՐՎԱԾ ՄԱՍՈՒՆՔ

-Գաղթի օրերին տատս մի կերպ հասնում է Գյումրի,- պատմում է հրամանատար Գեւորգ Գրիգորյանը,- մինչեւ մահ որդիներին, թոռներին, ծոռներին պատմում էր իր ծննդավայրից՝ Սուլուխից։ Պատմում էր Անդրանիկից, Գեւորգ Չաուշից, նրանց հերոսական կռիվներից։ Այնպես էր նկարագրում հայրական տունը, որ փակ աչքերով էլ կարելի էր այն գտնել։ «Տան կողքին՝ ծառերի շվաքի տակ, աղբյուրն է, որից ջուրը լցվում էր գռների մեջ։ Մեր մարագի ծածկից մի հաստ գերան մի քանի մետր մնացել էր դրսում, ու հայրս մորթ անելիս՝ անասունը կախում էր այդ գերանից ու մաշկում»,- վերհիշում էր տատս։ Տատս մահացավ ծննդավայրի կարոտը սրտում։

Արա Թովմասյանն իր կենսագրությունն սկսում է Սասուն լեռնաշխարհի Մգդինք գյուղից, թուրքական կառավարությանը հայտնի որպես հայդուկապետ Առաքելի ծննդավայր։
-Մանկուց այնքան եմ լսել, հայրս, պապս այնքան են պատմել մեր գյուղի, մեր քար ու աղբյուրի մասին, որ եթե ինձ բախտ վիճակվի, առանց դժվարության կգտնեմ մեր գյուղը, գյուղի եզրի մեր տունը,- պատմում է Արան։ -Գյուղում հաճախ էին երեւում ասկյարներ, որոնք փնտրում էին Առաքելին։ Մի օր էլ Կարմիր Երեցի (այդպես էր կոչվում նրանց տոհմը) հարսները գնում են ջրի։

Տիգրանակերտի Քիլիս բնակավայրից են սերում Բյուզանդ եւ Մաքրուհի Շիլգեւորգյանները։ Եղեռնից հետո դեգերել են աշխարհով մեկ, հանգրվանել Լոս Անջելես քաղաքում… Մաքրուհի մայրիկն իր որդու՝ Ավետիսի հետ արդեն մի քանի անգամ եղել է Արցախում, մասնակցել զոհվածների հուշարձանի բացմանը։ Այս անգամ նա եկել է, որ կնքահայրը դառնա զոհված ազատամարտիկ Հրաչյայի Արսեն, Մանուկ, Մուշեղ տղաների։

Մեծ եղեռնից մազապուրծ Անդրեասյան գերդաստանի շառավիղները հանգրվանեցին մայր հայրենիքում։ Տարեցները նոր ծնված զավակներին պատմում էին հեռվում մնացած իրենց ծննդավայրից, նախնիներից, նրանց անտապան աճյուններից ու մեկիկ-մեկիկ հեռանում` ապրողների հոգում թողնելով հուշ ու հիշատակ։ Ավետյաց երկրի կարոտից էր, որ ազատագրական պայքարի առաջին օրերից Անդրեասյանի երիտասարդներից Վարդանը, Արմենը, Ջանիկը, Հարութը, Նորիկը զենք վերցրին եւ պաշտպանեցին հայրենի սահմանները։

Սիմոն պապը ծնունդով սեբաստացի էր։ Փոքրամարմին էր, ձյան նման ճերմակ մազերով ու իր բարությամբ՝ գյուղի երեխաների ամենասիրելին։ Վաղ առավոտից ծեր ամուսինները նստում էին թթենու տակի քարերին ու ձեռնափայտերին հենված՝ հայացքն ուղղում հեռու-հեռուները։ Փողոցով անցնող մեծ ու փոքր ծերերին տեսնելիս հարգանքով բարեւում էին։ Մանկան պես ժպտում էին ամեն մի երեխայի։ Մարթա տատը ձեռքը տանում էր գոգնոցի գրպանն ու հյուրասիրում էր նրանց։ Սիմոն պապն էլ սիրով երեխաներին կանչում, բարձրացնում էր թթի ծառը.

ԵՂԵՌՆԻՑ ՓՐԿՎԱԾ ՀԱՅՈՒՀՈՒ՝ ՆՈՅԵՄԶԱՐԻ ՀՈՒՇԵՐԸ

Մշո Մկրագոմ գյուղից էր Նոյեմզարը՝ օժտված բացառիկ գեղեցկությամբ։ Նույնիսկ ծեր տարիքում, երբ ողջ գերդաստանը Նանե պատվանունով էր դիմում նրան, Նոյեմզարը պահպանել էր դեմքի թարմությունն ու գեղեցկությունը, իսկ շեկ ու առատ մազերը մինչեւ խոր ծերություն մասամբ էին միայն ճերմակել։ Սակայն նրա գեղեցկության պսակը երկնագույն աչքերն էին, որոնց գույնն ու խորությունը մի քանի տասնյակի հասնող թոռներից քչերին բախտ վիճակվեց ժառանգել։ Նրա խոշոր ու զուլալ աչքերը պղտորվում էին այն ժամանակ, երբ նա արտասանում էր կոդօրում ու փախէփախ բառերը։