Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՆՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո աշխարհի տարբեր պետություններից հնչում են դատապարտող ելույթներ, շարունակվում են գործադրվել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված դիվանագիտական ջանքեր:

 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը: Խումբը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում իրավիճակի գնահատման և մանրակրկիտ զեկույցի պատրաստման, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման առաջարկություններ է մշակելու: Նախատեսված են սահմանամերձ շրջաններում ընթացիկ իրավիճակի մշտադիտարկման միջոցառումներ և հանդիպումներ ՀՀ բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության անդամները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտնել է, որ Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար, իսկ Թբիլիսին առաջարկում է որպես բանակցությունների հարթակ: Իրենց գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՆԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կոնգրեսականները և միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և դրանց դեմ Հայաստանի ջանքերը միջազգային դատարաններում:

Հույն քաղաքական գործիչ Մարկոս Բոլարիսը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան։

«Իմ պարտավորությունն է՝ աջակցելու այս ժողովրդին յուրաքանչյուր դժվարին պահի: Հունաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների ուղերձը ադրբեջանցիներին պետք է հստակ լինի. չփորձե՛ք օգտվել միջազգային էներգետիկ իրավիճակից: Դա ժամանակավոր է: Հարգե՛ք միջազգային պայմանագրերը և ճանաչված սահմանները»:

ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը դատապարտել է  Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի՝ դադարեցնելով Ադրբեջանին ռազմական աջակցությունը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում բանակցություններ են վարել՝ քննարկելով լարվածությունը Հարավային Կովկասում: Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման հասնելու գործում:

Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան  գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ. «…Արդյո՞ք Իսպանիայի կառավարությունը կձեռնարկի ինչ-որ միջոց այս հանցագործության դեմ, թե՞ կշարունակի դիտորդի դերում լինել»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ «Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ»,- նշել է Բլինքենը։

Սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Երևանում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Պաշտոնական հանդիպումների ընթացքում նա մի քանի կարևոր ուղերձներ է հղել ՀՀ-ին աջակցելու մասին:

-Այլ երկրների հետ հարաբերություններում կօգտագործենք մեր լծակները՝ ցույց տալու, որ ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունն առաջնային են: Փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին, մասնավորապես` Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո:

-Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել ագրեսիան, մենք ընդունել ենք դա։

-Մենք այստեղ ենք, որպեսզի հասկանանք՝ ինչ ակնկալիքներ կան մեզանից:

-Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան և կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան։ Աշխատանքային հանդիպումների ժամանակ հայտնել ենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի երկար տարիների բարեկամ, ուժեղ և շարունակվող աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորմանը։

-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության դեմ ենք լինելու։

-Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները խոստորեն դատապարտում ենք ԱՄՆ Կոնգրեսի անունից:

Իրանը չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում՝ այս դիրքորոշումն ակտիվորեն տարածվում է իրանական տարբեր աղբյուրներով:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում։ Իրանի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանվի տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։

«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում այն մոտեցումն է, որ երկրների ճակատագրերը պետք է որոշվեն իրենց իսկ կողմից, և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է նա։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին էլ իր հերթին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն:

Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խնդիրները լուծել խաղաղ երկխոսության միջոցով: «Մենք հակամարտությունների և պատերազմների չենք ձգտում, սակայն չենք լռում, երբ պետք է դրանց դիմակայել»,- ասել է Բաղերին:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ