Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ
ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ողջ հայությունն ու միջազգային հանրությունը պարբերաբար ականատես են լինում Արցախի պատմամշակութային ժառանգության պղծմանն ու ոչնչացմանը, իսկ որոշ դեպքերում նաև դրանց, այսպես ասած, աղվանականացմանն ու այլ խեղաթյուրումների փորձերին։

Ադրբեջանական վանդալիզմի բոլոր գործողությունները միջազգային բառով կոչվում է էթնոցիդ (ազգասպանություն) հայ ժողովրդի հնագույն պատմական տարածքում։ Միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով արգելված են մշակութային հուշարձանների պղծումը, ոչնչացումը, յուրացումը, նախնական տեսքի աղավաղումը և վանդալիզմի այլ դրսևորումները։ Ադրբեջանը նույնիսկ պետական քաղաքականություն է մշակել, ըստ որի՝ ստեղծվել է Կովկասյան Աղվանքի պատմությունն ու ճարտարապետությունը ուսումնասիրող մասնագետներից բաղկացած մի խումբ, որը հեռացնելու է՝ «աղվանական կրոնական տաճարների վրայից հայկական հետքերը»։ Դրանից հետո պարբերաբար ականատես ենք լինում հայկական եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանների պղծմանն ու ոչնչացմանը, կամ էլ բախվում ենք դրանց սպառնալիքին։

Սույն խորագիրը նպատակ ունի ավելի հանգամանորեն պատմելու, ներկայացնելու, տեղեկացնելու այն պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ինչպես նախորդ համարներում տպագրված հոդվածներում, այնպես էլ այս հոդվածում կփորձենք ընթերցողին ներկայացնել Հադրութի շրջանի նշանավոր վանական համալիրներն ու պատմական, մշակութային ու գիտական վկայությունները։

 

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾԾԱԿՈՒՌԻԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

 

2021 թ. մարտին ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին տեսանյութ, որից պարզ դարձավ, որ նախագահ Ալիևն այցելել է Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այստեղ նա հայտարարել է, որ Ծակուռիի եկեղեցին ալբանական է, իսկ հայերեն արձանագրությունները, խաչքարերը կեղծ են, և Ադրբեջանը պատրաստվում է վերանորոգել եկեղեցին՝ բերելով «հին տեսքին»։ Այս հայտարարությունը միանշանակ մշակութային ժառանգության ձևափոխում է։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» կոնվենցիայի, մշակութային ժառանգության պահպանում նշանակում է ժառանգության կենսունակության ապահովում։ Պահպանել ժառանգությունը նշանակում է ապահովել դրա անձեռնմխելիությունը և ամբողջականությունը, որի մաս է կազմում նաև համայնքը, ապահովել ժառանգության իսկության, կարևորության, ամբողջականության, բացառիկության չափանիշները»։ Ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխություն, որը նպատակ ունի թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները։

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾԾակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցին նախկին վանական համալիր Ծաղկավանքից պահպանված միակ եկեղեցին է, որը մեզ է հասել 12-րդ դարից։ Ըստ եկեղեցու արձանագրությունների և պահպանված խաչքարերի՝ այն կառուցվել է 1198 թվականին։ Եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից է։ Ականավոր հոգևորական, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը, որը սերում էր Խաչենի նշանավոր Հասան-Ջալալյանների իշխանական տոհմից, իր «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» աշխատության մեջ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստան աշխարհի և մասնավորապես Արցախի եկեղեցիների պատմության, դրանց տեղադրության, ինչպես նաև հայ ազգագրության վերաբերյալ։ Նա ներկայացրել է նաև Ղարաբաղի մելիքների պատմությունը, տվել նրանց ծագումնաբանությունն ու տոհմաբանությունը։ Սարգիս Ջալալյանցն ի թիվս այլ եկեղեցիների, իր աշխատության մեջ անդրադարձել է նաև Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, ներկայացրել  հետաքրքիր մի ավանդազրույց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ քանդակված օձապատկերի մասին։ Ըստ այդ ավանդազրույցի՝  եկեղեցու կառուցման ժամանակ ճարտարապետը անիծել է իր աշակերտին և ասել՝ խայթվես օձից։ Որոշակի ժամանակ անց աշակերտին իսկապես խայթում է օձը, և նա մահանում է։ Ճարտարապետը զղջում է իր անեծքի համար և ի հիշատակ իր սիրելի աշակերտի՝ եկեղեցու կամարներից մեկի վրա քանդակել է տալիս օձապատկեր։ Եկեղեցում շատ են արձանագրությունները։ Եվ այդ արձանագրություններն էլ հիմք են տալիս ենթադրելու, որ նոր եկեղեցին կառուցվել է մեկ այլ՝ ավելի հին եկեղեցու տեղում։ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում պահպանվել են նշանավոր Պտքաթաղ վանքի ավերակները՝ կառուցված 1670 թվականին։

Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է։ Այն իր հատակագծային և ծավալատարածական հորինվածքով նմանվում է ոչ միայն Արցախի տարածքում ուշ միջնադարում կառուցված եկեղեցական ճարտարապետությանը, այլ նաև նույն ժամանակաշրջանի Սյունիքի և Նախիջևանի եկեղեցիներին։

Խորհրդային շրջանում եկեղեցին տասնամյակներ շարունակ ծառայել է որպես կոլտնտեսության պահեստ։ Հետխորհրդային տարիներին շատ հավատացյալներ այցելում էին եկեղեցի որպես ուխտատեղի։ Եվ ահա 2010 թվականին, նպատակ ունենալով պահպանելու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ու գյուղի դարեդար պահպանված ավանդույթները, սկսվում է եկեղեցու վերակառուցման ծրագրի նախապատրաստությունը, և 2019 թվականին վերակառուցման աշխատանքների առաջին փուլն ավարտվում է։ Ցավոք, Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն ընդհատվում են 2020 թվականին… Ներկայումս եկեղեցու մասին որևէ տեղեկություն չկա։

 

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾԴՐԱԽՏԻԿ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑԻ

 

Բոլորի համար էլ անժխտելի փաստ է, որ մենք՝ հայերս, Արցախում ապրել ու շարունակելու ենք ապրել դար ու դարեր։ Ապրել ենք հազարամյակներ և ունենք բազմաթիվ վկայություններ, այդ վկայությունները փաստող բազում հուշարձաններ:

Արցախ աշխարհի դրախտային բնակավայրերից մեկը Դրախտիկ գյուղն է շրջկենտրոն Հադրութից 25 կմ հեռավորության վրա։ Գյուղի հնության մասին են վկայում 13-14-րդ դարերի «Կախան» սրբատեղին ու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին։ Ըստ որոշ աղբյուրների՝ գյուղին Դրախտիկ անունն է տվել Մուրացանն իր այցելության ժամանակ։ Իսկ գյուղի եկեղեցին օծելու եկած քահանան հիանալով Արաքսի ալիքներից անդրադարձած և օդի մեջ տարածված արևի ճառագայթներով՝ բացականչել է. «Դրա՜խտ, իսկական դրախտ, փոքր դրախտ… Դրախտիկ»։ Ազգագրագետ, հնագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանն իր «Արցախ» աշխատության մեջ, որը աղբյուրագիտական անգնահատելի նշանակություն ունի, անդրադառնալով Դրախտիկ գյուղին, նշում է, որ՝ «Բնակիչք բնիկ են»։

Ինչպես գիտենք, Հադրութի շրջանը հնում հայտնի էր նաև Դիզակ անունով, իսկ Հադրութն ու Մարտունին միասին մեկ շրջան էին կազմում՝ Մյուս Հաբանդ անունով։

Դրախտիկ գյուղում գտնվող բազմաթիվ հուշարձանների վրա փորագրված հարյուրավոր քանդակները գավառի պատմության էջերն են, տեղացի հայերի անցյալի և հավերժական պայքարի վկաները։ Գյուղում հաշվառված է ավելի քան 17 պատմամշակութային հուշարձան։

Դրախտիկի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին տեղացիների մոտ հայտնի է ավելի շատ Նարեկավանք անունով։ Ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ եկեղեցու կառուցման թվականը՝ 1645, պարզորոշ պահպանվել է մուտքը եզերող սրբատաշ քարերից մեկի և եկեղեցու ներսի հյուսիսային կենտրոնական որմնասյան վրա։ Ե՛վ ներսի, ե՛ւ դրսի պատերին կան ագուցված խաչքարեր և խաչքարային քանդակներ։ Դրախտիկի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով բնորոշ է Արցախի ուշ միջնադարյան եկեղեցաշինությանը։

2020 թ. 44-օրյա պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել է և անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ներկայիս ճակատագիրն անհայտ է։

 

Պատրաստեց՝ ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ