Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԿԱԴԵՏՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԿԱԴԵՏՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԿԱԴԵՏՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄՕգոստոսի 4-ից 12-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Կադետների 3-րդ համաշխարհային խաղերը: Դրանց կազմակերպիչը՝ Միջազգային ռազմական մարզական խորհուրդը (CISM) 142 անդամ պետություններով, աշխարհի 2-րդ ամենամեծ մարզական կառույցն է (առաջինը միջազգային օլիմպիական կոմիտեն է): Այս կառույցի կարգախոսն է՝ «Ընկերություն սպորտի միջոցով», որի իրականացման լավագույն միջոցը խոշոր մարզական միջոցառումների անցկացումն է. տարբեր պետությունների զինվորականներ համախմբվում են մեկ միջոցառման շուրջ և իրենց ուժերը չափում ոչ թե պատերազմի դաշտում, այլ մարզական մրցահարթակներում: Հաշվի առնելով  Կադետական խաղերի ծավալներն ու նշանակությունը՝ դրանք կազմակերպվում են 2 տարին մեկ: Այս ձևաչափով մրցումներ են անցկացվում CISM անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների միջև: Կադետների 3-րդ համաշխարհային խաղերին այս անգամ մասնակցել են երկու տասնյակ երկրների ռազմաուսումնական հաստատությունների շուրջ 600 ներկայացուցիչներ: Դրանց թվում էին՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Սիրիայի, ԱՄԷ-ի, Ադրբեջանի, Տաջիկստանի Մոզամբիկի, Վենեսուելայի, Սաուդյան Արաբիայի, Էսվատինիի, Գվինեայի, Կամերունի, Պաղեստինի, Մյանմայի, Իրանի, Բուրկինա Ֆասոյի, Զիմբաբվեի, Մալիի, Տանզանիայի հավաքականները:

Այս տարվա խաղերում ընդգրկված 7 մարզաձևերից՝ միջազգային ռազմական հնգամարտ, աթլետիկա, կողմնորոշում, հրաձգություն, վոլեյբոլ, լող և ամառային բիաթլոն, ՀՀ պատվիրակությունը մասնակցեց 3-ին` լող, աթլետիկա և ամառային բիաթլոն մարզաձևերի մրցույթներին:   ՀՀ պատվիրակության կազմում հանդես եկան 5 մարզիկ, որոնք մրցույթի արդյունքներով նվաճեցին 7 մեդալ (4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե), գրանցեցին խաղերի մեկ ռեկորդ (1500մ վազքից): Հայ մարզիկները թիմային հաշվարկով նվաճեցին 3-րդ տեղը, ինչը միանգամայն բարձր ցուցանիշ է, քանի որ մեր 5 հոգանոց թիմը մրցակցում էր Ռուսաստանի (242 մասնակից), Վենեսուելայի (140 մասնակից), Իրանի (87 մասնակից), Բելառուսի (78 մասնակից) և մեծաթիվ մասնակիցներով ներկայացած այլ թիմերի հետ: Մեր թիմը նվաճեց նաև աթլետիկայի 2-րդ և ամառային բիաթլոնի 3-րդ թիմային տեղերի գավաթները:

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԿԱԴԵՏՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄԿադետների 3-րդ համաշխարհային խաղերի թեթև աթլետիկայի եռակի չեմպիոն, զինվոր Դանիիլ Գարինը հատկապես նշել էր աթլետիկայի Հայաստանի հավաքականի ելույթները՝ հատկապես 200 մետր վազքում. «Հաճելի էր նրանց նայելը ոչ միայն համառության և արդյունքների, այլ նաև վազքի տեխնիկայի առումով, այն շատ գեղեցիկ էր և իսկապես արժանավոր: Բայց ընդհանուր առմամբ, բոլորը արհեստավարժ էին, և բոլորի հետ էլ պատիվ էր վազքուղու վրա գտնվելը»:

Օրերս հնարավորություն ունեցանք հանդիպելու մեր մեդալակիր մարզիկներին: Նրանք այս օրերին էլ շարունակում են մարզումները, լրջորեն պատրաստվում առաջիկա նոր մարտահրավերներին: Այս տղաները հնարավորություն ունեն ծառայությանը զուգընթաց շարունակելու իրենց մարզումները այն սպորտաձևերում, որոնցում մինչև բանակում ծառայելն իսկ փայլուն ցուցանիշներ են գրանցել:

Կադետների 3-րդ համաշխարհային խաղերի արդյունքներով հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը առաջին հորիզոնականն է գրավել այս մարզաձևում, արժանացել ոսկե մեդալի: 7 ամիս է, ինչ Գոռը ծառայում է ԲԿՄԱ-ում (Բանակային կենտրոնական մարզական ակումբ): Մինչև զորակոչվելը եղել է Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ Բալկանյան երկրների մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԿԱԴԵՏՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ-ԲԿՄԱ-ում ծառայությունը մարզիկի համար լավագույն տարբերակն է: Անգամ մեկ շաբաթով ինտենսիվ մարզումները բաց թողնելը կարող է զգալիորեն վնասել մարզիկին, մինչդեռ այս դեպքում ես, օրինակ, լիարժեք կարողանում եմ կատարել անհրաժեշտ մարզումները, ապահովել առաջընթացս և մասնակցել միջազգային մրցույթներին: Ասեմ, որ զինվորական ծառայության ընթացքում հասցրել եմ հինգ միջազգային մրցույթների մասնակցել, երկու ոսկե մեդալ և այլ պարգևներ բերել իմ երկրին: Երբ բարձրացվում է մեր եռագույնը, հնչում է հայի անուն ազգանունը, մեր հիմնը, մեծ հպարտություն եմ ապրում: Ես կանգնած էի՝ պատվի առած, ու հուզմունքից և ուրախությունից դողում էր ձեռքս: Այս հաղթանակը ինձ համար շատ կարևոր էր, քանի որ ոչ միայն որպես մարզիկ էի ներկայացնում Հայաստանը, այլ նաև՝ որպես զինվոր: Շատ հաճելի պահ է, երբ երկու դրոշների միջև Հայաստանի դրոշն է բարձրանում, ներկա են այլ ազգերի ներկայացուցիչները, պատվի են առնում, և ես զգում եմ, որ կարողանում եմ բարձր պահել երկրիս պատիվը, իմ ձևով օգտակար լինել Հայրենիքիս: Կեպի ունեմ՝ վրան գրված է. «Հայկական բանակ»՝ «Armenian Army», որը միշտ գլխիս է. մեծ հպարտություն է այն կրելը, դրանով ասում եմ՝ ես Հայաստանի բանակն եմ ներկայացնում: Ես զորացրվելուց հետո էլ այդ կեպիով եմ գնալու միջազգային մրցույթներին:

…Կապանցի է Գոռը: 44-օրյա պատերազմում նրա հորեղբորորդին՝ Ալեն Բեգլայրանն է զոհվել, որը, 2020թ. ամռանը ավարտելով ժամկետային զինծառայությունը՝ պատերազմը սկսվելուն պես՝ կամավոր մեկնել էր ռազմաճակատ: Զոհվել է պատերազմի նախավերջին օրը՝ Դավիթ Բեկ գյուղի պաշտպանության ժամանակ:

-Այս հաղթանակն ինձ համար կարևոր էր նաև նրանով, որ մեր ազգանունը պայծառ հնչեց. եղբորս հիշատակը վառ պետք է պահեմ… Ես կապանցի եմ. ոմանք ասում են՝ Կապանի վիճակը վատ է: Բայց, ինչպես տեսնում եք, նորմալ է ամեն ինչ. մենք մարզվում ենք ու… հաղթում ենք: Ամուր ենք, ինչպես միշտ:

Աթլետ, վազորդ Ռազմիկ Մկրտչյանը  երկու տարի ծառայել է ԲԿՄԱ-ում: Մինչև զորակոչվելը Հայաստանի չեմպիոն է եղել, սպորտի վարպետ:  2021թ. Հայաստանի առաջնության հաղթող է ճանաչվել, իսկ Փոքր երկրների Եվրոպայի առաջնության մրցույթում բրոնզե մեդալի է արժանացել: Օգոստոսին Սանկտ Պետերբուրգում կայացած Կադետական մրցումների 100 մետր վազքի մրցույթում արժանացել է բրոնզե, իսկ 200 մետր վազքի մրցույթում՝ ոսկե մեդալների:

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԿԱԴԵՏՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ-Հպարտությունս շատ մեծ էր, որովհետև իմ երկիրն ու Հայոց բանակն էի ներկայացնում, բանակի մարզական վիճակը: Նաև՝ արժանապատվության խնդիր էր, քանի որ մրցույթներին մասնակցելու էին եկել նաև ադրբեջանցի մարզիկները, որոնք այնուհետև հրաժարվեցին մասնակցությունից:

Պարգևատրման արարողությանը սիրտս արագ էր բաբախում. մեծ հպարտություն էի զգում, որ կարողացա իմ երկիրը լավագույնս ներկայացնել: Բոլորը մեր օրհներգն էին լսում, մեր բարձրացող դրոշին էին նայում. այդ պահերը աշխարհում ոչնչի հետ փոխել հնարավոր չէ:

Բանակի մասը լինելը ինձ մինշտ շատ պարտավորեցրել է. մրցումներին ավելի մեծ եռանդով, ավելի մեծ լրջությամբ ու պատասխանատվությամբ էի մոտենում:

Լողորդ Արթուր Բարսեղյանը 12 տարեկանում ազատ լողաոճի մրցույթում ռեկորդ է սահմանել: 15 տարեկանում 2017թ. ԱՄՆ-ում պատանիների աշխարհի առաջնությունում մեծահասակների ռեկորդակիր է ճանաչվել, դարձել միջազգային կարգի վարպետ: Լողի տարբեր ոճերի մրցույթների Հայաստանի ռեկորդակիր է:

-Մենք զինուժի ներկայացուցիչներն ենք սպորտում: 44-օրյա պատերազմի ժամանակ մենք պատրաստ էինք առաջնագիծ մեկնելու, և մեզ ասվել էր, որ անհրաժեշտության դեպքում մեկնելու ենք:

Մարզիկների համար սպորտային վաշտերում լինելը անչափ կարևոր է: Սովորաբար այս վաշտերում մեծ թվով ֆուտբոլիստներ են ներգրավված լինում, բայց կարծում եմ, որ շատ կարևոր է բալանսը պահպանել և բոլոր սպորտաձևերի լավագույն ներկայացուցիչներին հնարավորություն տալ ներգրավվելու այս միավորներում՝ իրենց սպորտային կարիերան շարունակելու նաև ծառայության ընթացքում:

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԿԱԴԵՏՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ…Միայն այն, որ կադետական այս մրցումներում արտերկրում զինհամազգեստով էի ներկայացնում իմ երկիրը, ինձ համար արդեն մեծ պատիվ էր: Իսկ ընդհանուր առմամբ, նպատակը, ինչ մցրույթի էլ մասնակցես, մեկն է՝ հասնել հաղթանակի: Օրինակ՝ 100 մետր «դելֆին» լողաոճում այնպիսի արդյունք եմ գրանցել, որ առաջին տեղը գրավեմ. ռեկորդ այս անգամ չսահմանեցի, քանի որ այդ մրցույթից անմիջապես հետո Եվրոպայի առաջնությանն էի մասնակցելու, խնայեցի ուժերս: Եվրոպայի առաջնությանը բավարար արդյունքներ գրանցեցի՝ դեկտեմբերին  Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Այժմ պատրաստվում եմ Աշխարհի առաջնությանը: Ճիշտ է՝ ոսկե մեդալի եմ արժանացել կադետների այս մրցույթում, սակայն դրա քաղցրությունը երբևէ լիարժեք չեմ զգացել՝ մինչեւ չնվաճեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Կադետների 3-րդ համաշխարհային խաղերին երկու ձևերում է հանդես եկել. 1500 մետր վազքի մրցույթում գրավել է 1-ին հորիզոնականը և սահմանել է ռեկորդ՝ 3ր., 50 վրկ. արդյունքով, իսկ 800 մետր վազքի մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը:

Մինչ զորակոչվելը եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն, Բալկանյան երկրների չեմպիոն, Փոքր պետությունների Եվրոպայի չեմպիոն, ՀՀ մասշտաբով մի քանի ռեկորդներ է սահմանել:

-Այս խաղերում մենք ներկայացրինք մեր զինված ուժերը: Ուրախ եմ, որ մեր հանրապետությունում նման հաղթանակներով ավելի ճանաչելի ու սիրված ենք դարձնում սպորտաձևերը:

Մեր երկրին, մեր զինված ուժերին, զինվոր ընկերներին, մեզ՝ նույնպես, նախ և առաջ ցանկանում եմ խաղաղ երկինք, անկոտրում ոգի, կամք, որովհետև մենք հաստատ ուժեղ ենք ու մեր ուժը միշտ ցույց ենք տվել տարբեր բնագավառներում: Որպես զինվոր-մարզիկ՝ մենք էլ մեր ոլորտում միշտ ձգտելու ենք այնպիսի ցուցանիշներ գրանցել, որ մեր հաղթանակներով ոգևորենք մեր զինվոր ընկերներին:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ