Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը վերադառնում է Արկտիկա տնտեսական, պաշտպանունակության ապահովման և արտակարգ իրավիճակների կանխման տեսանկյունից։ Արդեն սկսել ենք մի քանի խոշոր տնտեսական նախագծեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Ռուսաստանի ապագան մեծապես կապված է Արկտիկայի հետ»։

Սեպտեմբերի 5-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի մուտքի մոտ անհայտ զինյալը պայթուցիկ սարք է գործադրել։ Զոհվել են դիվանագիտական առաքելության երկու աշխատակից, աֆղանցի քաղաքացիների մեջ նույնպես տուժածներ կան։

Հունվարի 1-ից Ռուսաստանը և Իրանը առանց վիզա ռեժիմ կսահմանեն 15 օրով խմբային զբոսաշրջային ուղևորությունների համար։

Ռուսաստանը եւ Թուրքիան կշարունակեն թուրքական առաջին ԱԷԿ-ի՝ «Ակկույու»-ի կառուցման աշխատանքները։ Երկու պետությունների ղեկավարները հաստատել են իրենց վճռականությունն այս հարցում։ «Ակկույու» ատոմային էլեկտրակայանը պետք է սկսի աշխատել 2023թ.։ Ռուսաստանն ընդհանուր առմամբ 22 մլրդ դոլար կներդնի ԱԷԿ-ի կառուցման համար։

«Հունգարիան, ինչպես և ամբողջ տարածաշրջանը, չեն կարող առանց ռուսական գազի, իսկ Բուդապեշտից պահանջել հրաժարվել ռուսական վառելիքից, անօրինական է»,- ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Այլ երկրներից մատակարարումները բավարար չեն Հունգարիային ամբողջությամբ գազով ապահովելու համար, որին  տարեկան անհրաժեշտ է 8,5 մլրդ խ/մ գազ։

«Բաց Բալկաններ» համաժողովում Սիյարտոն «Թուրքական հոսքն» անվանել է Եվրոպա գազի մատակարարման միակ հուսալի ճանապարհը։ Հունգարիան «Թուրքական հոսքով» օրական լրացուցիչ 5,8 մլն խ/մ գազ մատակարարելու մասին համաձայնագիր էր կնքել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ։

«Հյուսիսային հոսք» գազատարի միակ աշխատող տուրբինի տեխնիկական սպասարկումը չի կատարվել, և գազատարը չի աշխատի՝ առանց անսարքությունը վերացնելու.- տեղեկացրել է «Գազպրոմը»։ Նման խնդիրներ կան նաև մյուս երեք տուրբիններում։ Ըստ «Գազպրոմի»՝ «Հյուսիսային հոսքի» տուրբինների գործարանային նորոգումն անհնար է պատժամիջոցների պատճառով։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին։ Գերմանացի քաղաքական գործիչը նշել է, որ սերտ կապի մեջ է Ռուսաստանի ղեկավարի հետ և չի պատրաստվում դադարեցնել փոխգործակցությունը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների՝ ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ այցից հետո կայանում մնացել են գործակալության երկու դիտորդ։ Ռուսաստանը ողջունում է այդ որոշումը, քանի որ միջազգային ներկայությունը կօգնի կանխելու ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ շահարկումները:

«Պեկինը վստահ է՝ ռուս-չինական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարձր մակարդակով` ապահովելով երկու պետությունների հիմնական շահերը»,- նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«Մեծ յոթնյակը» մտադիր է ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել։ Արձագանքելով ամերիկյան իշխանությունների առաջարկությանը՝ ռուսական կողմը հայտարարել է, որ Մոսկվան վառելիք չի մատակարարի ոչ շուկայական պայմաններով, կդադարեցնի նավթի և նավթամթերքի մատակարարումները ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանած երկրներին:

Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչև սեպտեմբերի 10-ը երկարացվել է թռիչքների սահմանափակումների ռեժիմը, որը գործում է փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։

Ռուսաստանը խզում է Ճապոնիայի հետ Կուրիլյան կղզիներ հեշտացված կարգով այցելելու վերաբերյալ համաձայնագիրը։

«Ուկրաինայի շուրջ Անկարայի և Մոսկվայի միջև առկա են որոշակի տարաձայնություններ, սակայն Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի Թուրքիային համբերատար ներկայացնել ուկրաինական հարցով իր փաստարկները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Թուրքիա

 

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ տարեկան գնաճը երկրում հասել է ռեկորդային թվի՝ 80, 21 տոկոսի։

Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից։ «Հե՜յ հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա», – ասել է Թուրքիայի նախագահը և հավելել. «Հունաստանի համար մենք միայն մեկ առաջարկ ունենք՝ մի մոռացեք Իզմիրը»` հիշեցնելով 1922 թվականին ավարտված թուրք-հունական պատերազմը Էգեյան ծովի ափին Հունաստանի վերջին հենակետի` Իզմիր քաղաքի գրավմամբ և հունական զորքերի արտաքսմամբ:

Թուրքիայի և Հունաստանի` ՆԱՏՕ-ի երկու հարևանների և դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվել են: Թուրքական իշխանությունների պնդմամբ՝  տարեսկզբից Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Էգեյան ծովի շրջանում 158 անգամ հետապնդել են թուրքական կործանիչներին և 256 անգամ խախտել Թուրքիայի օդային տարածքը։ Թուրքիան մտադիր է ՆԱՏՕ-ի ղեկավարության քննարկման առարկա դարձնել  լարվածության հարցը։

Թուրքիայի նախագահ Էրդողան. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային վերաբերող գործերով ոչ արդարացի, քաղաքական դրդապատճառներով որոշումներ է կայացնում, բայց Ֆրանսիայի և Գերմանիայի դեպքում այդպես չէ»։

Թուրքիան անտեսել է ՄԻԵԴ-ի վճիռները երկու աղմկահարույց գործերով՝ քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար Օսման Քավալայի: ՄԻԵԴ-ը որոշել է, որ կալանքը խախտում է վերջիններիս իրավունքները, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Թուրքիայի դեմ իրավունքների խախտման գործ է հարուցել՝ կապված ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու հետ: Թուրքիայի մասով այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ավելի քան 15 000 դիմում կա։

ԱԹՍ-ների արտադրության թուրքական «Baykar» ընկերությունը նախատեսում է կրկնապատկել իր արտադրական հզորությունը։ Թուրքիան ձգտում է ընդլայնել իր զենքի արտադրության շուկան՝ տարածաշրջանում մարտահրավեր նետելով Իսրայելին: Հիմնադրման օրվանից «Baykar»-ն ավելի քան 400 «Bayraktar TB2» և 20 «Bayraktar Akinci» անօդաչու թռչող սարք է արտադրել: Այժմ ընկերությունն ԱԹՍ-ներ է արտահանում ավելի քան 24 երկիր: Արտասահմանում վաճառքը կազմում է եկամտի 98 տոկոսը։ Հոկտեմբերին կսկսվի «Bayraktar TB2» ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստան։ Ռումինիան նույնպես ծրագրում է առաջիկայում «Bayraktar TB2» գնել։

Թուրքական «Baykar» ընկերությունը ներկայացրել է «Bayraktar Kizilelma» հարվածային ԱԹՍ-ի նախատիպը։ Նոր ԱԹՍ-ն ունի ռեակտիվ շարժիչ և կառավարման ժամանակակից ցուցիչներ, օժտված է արհեստական բանականությամբ։ Կարտադրվի նաև այն գործարանում, որը ընկերությունը պատրաստվում է կառուցել Ուկրաինայում։ «Kizilelma»-ի առաջին թռիչքը նախատեսված է 2023 թ.։

«Թուրքիան «Սիրիական ազգային բանակի» գրոհայիններին ապահովում է 500 դոլար ամսական աշխատավարձով»,- ասել է լրագրող և Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Մուսթաֆա Բալբայը։

Թուրքական ռազմանավը ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին անգամ կայանել է Իսրայելում՝ պաղեստինյան հարցի պատճառով թշնամանքից հետո հարաբերությունների բարելավման ֆոնին։

 

Իրան

 

Իրանը ՀՕՊ համակարգեր է տեղակայել ավելի քան 50 քաղաքների շրջանում և բարձրացրել է հակաօդային պաշտպանության այլ օբյեկտներում պատրաստականության մակարդակը՝ «ցանկացած հնարավոր արտասահմանյան հարձակում» կանխելու նպատակով:

Իսրայելը փորձում է խանգարել Իրանի և Արևմուտքի միջև միջուկային գործարքի կնքմանը։ Իսրայելն ունի լիակատար ազատություն Իրանի՝ միջուկային սպառնալիքի վերածվելու հնարավորությունը կանխելու համար. Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը համաձայն է հրեական պետության այս դիրքորոշման հետ։

«ԱՄՆ-ը ստացել և ուսումնասիրում է Իրանի պատասխանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ առաջարկներին, և այն ամենևին հուսադրող չէ»,- հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Իրանական կործանիչն ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու «Sildrone Explorer» ծովային ԱԹՍ է որսացել, ապա բաց թողել Կարմիր ծովում:

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ իրենց օրակարգում կա ռուսական Սու-35 կործանիչների գնման հարց:

«Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կքննարկեն համագործակցությունը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում»,- հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի և այլ երկրներ շահագրգռված են այդ միջանցքից օգտվելու հնարավորություններով։

 

Ադրբեջան

 

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերն այցելել է Ադրբեջան, հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև համատեղ զորավարժություններում տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը։

«Ադրբեջանը նպատակ չունի մրցակցելու Ռուսաստանի Դաշնության հետ գազի համաշխարհային շուկայում»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է եվրոպական երեք երկրների՝ Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի հետ կնքված գազի մատակարարման պայմանագրերը և խոսել այլ երկրներում ևս ադրբեջանական գազի պահանջարկի մասին։

Նախատեսվում է կրկնապատկել Ադրբեջանը Եվրոպային կապող TANAP գազատարի թողունակությունը՝ հասցնելով 32 մլրդ խորանարդ մետրի։ Հուլիսի կեսերին Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքվում հուշագիր էին ստորագրել էներգետիկ համագործակցության մասին։

TANAP-ի երկարությունը 1, 85 հազար կիլոմետր է, նախատեսված է ադրբեջանական գազը Շահ Դենիզ հանքավայրից վրաց-թուրքական սահմանով Թուրքիայի արևմտյան սահմաններ տեղափոխել։ Թողունակությունը առնվազն 16 մլրդ խորանարդ մետր է. 10 միլարդը Եվրոպա, 6 միլիարդը Թուրքիայի արևմտյան շրջաններ է արտահանվում։

Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են ՊՆ անձնակազմի գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական աջակցության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար, գեներալ-մայոր Բեքիր Օրուջևին։

Ադրբեջանում սկսվել են «TurAz Qartali-2022» համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ։ Զորավարժությունների նպատակը որոնողափրկարարական աշխատանքների կատարման և այլ խնդիրների իրականացման ուղղությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորումն է:

Ղազախստանի նավթագազային ընկերությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)  հետ բանակցում է նավթի փոխադրման տարբերակների շուրջ:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ