Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ...
ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ…

ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ...«Հայ զինվորի» 2021 թվականի թիվ 42-ում տպագրված այս հոդվածը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Արեն Մհերի Մեհրաբյանին, որը սեպտեմբերի 2-ին կդառնար 25 տարեկան:

 

«Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր Անկախության տոնի կապակցությամբ: Առանձին ուզում եմ շնորհավորել պապիկիս՝ Մակար Մեհրաբյանին: Պա՛պ ջան, ինչո՞ւ հենց քեզ հիշեցի: Քանի որ մեր մեջ, կոնկրետ իմ մեջ, հենց դու ես սերմանել հայրենասիրությունն ու անկախ Հայրենիքի հանդեպ սերը: Իմ ճանաչած այն հազվագյուտ մարդկանցից ես, որի համար Հայրենիքն ամենաթանկն է, ու դու այստեղ գալու համար շատ բաներ ես թողել ուրիշ երկրում ու եկել ես Հայրենիք ու զրոյից նոր կյանք ես սկսել: Դրա համար հատուկ ուզում եմ քեզ շնորհավորել: Ու շատ շնորհակալ եմ, գոհ եմ, որ հենց դու ես իմ պապիկը, ու ես երկրից շատ եմ բացակայել, բայց այսօր էլի ամեն ինչ թողել ու հետ եմ եկել Հայրենիք, որ ծառայեմ, հետո նորից գամ ու շարունակեմ կյանքս…»:  21 սեպտեմբերի, 2020 թ. … Այս սրտառուչ խոսքերը հնչել են 44-օրյա պատերազմում անմահացած զինվոր, հրետանավոր-հաշվարկող, սերժանտ Արեն Մեհրաբյանի շուրթերից, այո՛, պատերազմից ընդամենը օրեր առաջ՝ Անկախության տոնի կապակցությամբ արված տեսաուղերձում:

Արենին առաջին անգամ հանդիպել եմ հրետանային ուսումնական զորամասում՝ երդման արարողության օրը: Այսօրվա պես հիշում եմ. զրուցեցի լավ ծառայությամբ առանձնացած երեք երիտասարդների՝ ԱՄՆ-ից ինքնակամ վերադարձած Արեն Մեհրաբյանի, Ֆրանսիայից եկած մի ուրիշ հրաշալի տղայի՝ Սևան Օզգյուլի, և Հայկ Գևորգյանի հետ, որոնք, մեկ տարի անց՝ 44-օրյա պատերազմում հրետանավորի հմտությամբ իրենց փայլուն էին դրսևորելու:

«Բանակը պարտականություն է հայ տղամարդու համար,- երդման օրն ասաց Արենը:- Ես այստեղ եմ ծնվել-մեծացել: Երեք տարի առաջ աշխատելու նպատակով գնացել եմ ԱՄՆ. մեր տպարանում արտադրամասի ղեկավար էի: Դրան զուգահեռ սովորում էի Կալիֆորնիայի համայնքային քոլեջի ֆիզիկայի ֆակուլտետում. աստղաֆիզիկոս եմ ուզում դառնալ: Կես տարի էր մնացել, որ ավարտեի ու տեղափոխվեի համալսարան…»:

2016 թ. քառօրյա պատերազմը Արենի համար էլ շրջադարձային էր եղել. որոշել էր կիսատ թողնել ուսումն ու ծառայել Հայրենիքում, հետո միայն վերադառնալ ու շարունակել: «Երկու եղբայր ունեմ, ես մեծն եմ. պետք է նրանց համար օրինակ ծառայեի: Շատ պարզ բաներ են պետք մարդուն երջանիկ լինելու համար, ու հենց այդ պարզ բաները ես ԱՄՆ-ում չգտա: Կեղծիք էի զգում… Հիմա այստեղ՝ զորամասում, ինձ հրաշալի եմ զգում. գիտակցում եմ, որ մեր ծառայությունը շատ ավելի պատասխանատու է. չէ՞ որ մենք սերժանտներ ենք դառնալու, պատասխանատվություն ենք ստանձնելու նաև մյուս զինվորների համար»:

Հաջորդ հանդիպումս պատահական եղավ. հինգ ամիս անց նույն ուսումնական զորամասում հանդիպեցի արդեն իր գործում հմտացած հրետանու հաշվարկող Արենին: Քննությունները գերազանց էր հանձնել, պատրաստվում էր հիմնական ծառայավայր՝ Տավուշում տեղակայված զորամաս մեկնել: Նույն այդ զորամասի կազմում ամիսներ անց մասնակցելու էր հուլիսյան մարտական գործողություններին… Հետո՝ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես, տեղափոխվելու էր Արցախի ամենաթեժ կետերը՝ Մատաղիս, Մարտակերտ:

Հրետանավոր տղաներիս մասին լսեցի արդեն պատերազմի օրերին՝ երեքն էլ Արցախում էին: Խիզախ, իրենց գործի գիտակ, ոչ մի դժվարությունից չընկճվող, հերո՛ս տղերք: Սևանն ու Հայկը պատերազմից վերադարձան, իսկ Արենը… անմահացավ՝ մինչև վերջ նվիրված մնալով ծառայակից ընկերներին ու հերոսաբար իր մարտական խնդիրները կատարելով: Բացառիկ արի ու նվիրված մարդ, զինվոր… 28 օր ու գիշեր չէին լռում նրանց զորամասի հրետանավորների վարած հզոր համազարկերը: Նրանք դիպուկահարի ճշգրտությամբ էին խոցում թշնամու զինտեխնիկան, որի շնորհիվ վաստակել էին «դիպուկահարների ստորաբաժանում» անունը: Դրա շնորհիվ էր նաև, որ Մարտակերտը կանգուն մնաց… 28 օր Արենն ու դասակի մյուս տղաներն առանց հերթափոխի հերոսական մարտեր էին մղել թշնամու՝ բազմակի գերազանցող ուժերի դեմ: Ցավոք, Արենի ստորաբաժանման զինտեխնիկան խոցվեց, իսկ նրանց գիշերով օգնության շտապող 4 հրամանատարներով մեքենան, դեռ տեղ չհասած, խոցվեց անօդաչուի հարվածից: Տղաները խաղաղ քնած էին, երբ լուրը հասավ նրանց: Զինակից ընկերների հետ Արենին հաջողվել էր մեքենայից վիրավոր 3 հրամանատարներին թաքստոց տեղափոխել: Հրամանատարներից Արման Սահակյանի ոտքերը կոտրված էին: Թիկնոց-վրան էին բերել, տեղավորել ու տեղափոխել խրամատ, բայց չէին հասցրել թաքնվել. ԱԹՍ-ն նկատել էր նրանց… Արեն Մեհրաբյանը և մյուս 4 լուսեղեն զինվորները՝ Հենրի Արուտյունովը, Գագիկ Աբրահամյանը, Կարեն Պետիկյանը, Էդվարդ Դովլաթբեկյանն ու վիրավոր հրամանատարը՝ Արման Սահակյանը, այդ օրը՝ հոկտեմբերի 28-ին,  անմահացան ծանր գնով պահված դիրքում…

ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ...Արենի հայրը՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, գործարար Մհեր Մեհրաբյանը, 2020 թ. օգոստոս ամսվա վերջին ԱՄՆ-ից եկել էր Հայաստան՝ արձակուրդն այստեղ անցկացնելու: Սեպտեմբերի 27-ին, երբ պայթել էր պատերազմը, Մհերը զգալով, որ արտառոց մի բան է կատարվում, մեծ եղբոր՝ Արամ Մեհրաբյանի և եղբորորդու՝ Դավիթի հետ կամավորագրվելով, շտապել էին Արցախ՝ առաջնագիծ: Իրենց բաժին կռիվն էին տվել Մարտունի, Ֆիզուլի, Ջրական ուղղություններում, շրջափակման մեջ ընկել, հաջողել անվնաս դուրս գալ և դուրս բերել զինվորների խմբին, բայց Հադրութի մատույցներում կրկին թիրախավորվել էին թշնամական ԱԹՍ-ից: Մհերին ոտքից և մեջքից բեկորային վիրավորումով հոկտեմբերի 12-ին տեղափոխել էին Կարմիր բլուր, այնտեղից էլ՝ Ստեփանակերտի հոսպիտալ, վիրահատելու:

…Վերջին զանգը Արենից եղել է հոկտեմբերի 27-ին: Այդ օրը Մհերին հիվանդանոցից տուն էին տեղափոխել: Արենը հարցրել էր ծնողներին՝ ինչքա՞ն կտևի պատերազմը: Քանի որ դեռ ոչինչ պարզ չէր, դեղորայքի և  անհրաժեշտ պարագաների մի մեծ ցուցակ էր ուղարկել իր ու ստորաբաժանման 15 տղաների համար: Գնել ու հենց հաջորդ օրը ուղարկել էին Ստեփանակերտ, որտեղից փոխանցելու էին իրենց՝ Մարտակերտ: Ծնողները հետո էին իմանալու, որ Արենի կյանքի թելն ընդհատվել էր հենց հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը… Երկուս ու կես ամիս էր մնացել Արենի զորացրվելուն… Ավելի ուշ Արենի հրամանատարներից 3-ը եկել էին ծնողներին այցելության, շնորհակալություն էին հայտնել՝ ասելով, որ Արենը, մյուս զինընկերների հետ, իրենց կյանքն էր փրկել:

…Պատերազմից հետո մի քանի անգամ ուզում էի Արենի մասին գրել, բայց չէր ստացվում, հետո դրա առիթը ներկայացավ: Պատիվ ունեցա ավելի հանգամանալից ծանոթանալու նրա ծնողներին՝ հազվագյուտ այդ մարդկանց: Արենի մորը՝ Սաթիկ Նաիրյանին, առաջին անգամ հանդիպել էի որդու երդման արարողության օրը: Զրուցել էինք Արենի ԱՄՆ-ից վերադարձի մասին, ուրախացել զորամասում նրա արձանագրած հաջողություններով, ոգու ամրությամբ: Այս անգամ՝ պատերազմից հետո, հանդիպման առիթն այլ էր.

-Պատերազմից հետո ամուսնուս հետ որոշեցինք՝ պիտի իրականություն դառնան մեր որդու երազանքները,- ասում է Սաթիկը:- Արենը լույս էր, շատ խելացի, բարի, դեռ մանկուց շատ ինքնուրույն, հավասարակշռված… Հիմա մենք ուզում ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որ չկրկնվի այն աղետը, որ այսքան լույս տղաների կյանքեր տարավ:

ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ...Արենը երազում էր Հայրենիքում աերոտիեզերական շարժիչների և թռչող սարքերի արտադրություն հիմնել: Դեռ ԱՄՆ-ում համոզում էր ծնողներին, որ հենց Հայաստանում է պետք հիմնել գործարանը: Նրա երազանքն այժմ իրականություն է դառնում նրա ծնողների՝ Մհեր Մեհրաբյանի և Սաթիկ Նաիրյանի ջանքերով: «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը, որ նախաձեռնել են նրանք, համագործակցելով մի քանի կազմակերպությունների ու անհատների հետ, նվիրական մի ծրագիր է իրագործում.  44-օրյա պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ունեցող մեր տղաների համար այս օրերին դասընթացներ են անցկացվում, ինչի արդյունքում վերջիններս պիտի կարևոր առաքելություն կատարեն. աշխատելու են այժմ արդեն կազմավորվող ու համալրվող Արեն Մեհրաբյանի անվան մեքենաշինական ընկերությունում, որը թռչող սարքերի, աերոտիեզերական շարժիչների գործարանի հիմքն է: Հարստացնելով ծրագրավորման և եռաչափ մոդելավորման համար անհրաժեշտ գիտելիքները՝ նրանք հնարավորություն կունենան բարձր աշխատավարձով իրենց կարևոր ներդրումն ունենալ հայրենական գիտության և պաշտպանունակության ամրապնդման աշխատանքներում:

 

***

 

…Հերոսությունը միայն ռազմի դաշտում չի լինում… Պատերազմը  Արեն Մեհրաբյանի ընտանիքի համար ծանրագույն փորձություն եղավ. արհավիրք, կորստի ցավ ու, միաժամանակ, հառնելու և ցավը բարի գործի վերածելու խթան, ներուժ: Երախտագիտությունը մարդկանց այս տեսակի հանդեպ հնարավոր չէ բառերով արտահայտել: Նրանք իրական հերոսներ են: Այսպիսի մարդկանց շնորհիվ է, որ Հայրենիքը կա, որ Աստված իր հայացքը չի թեքում մեզնից… Նրանց պարգևն էլ իրենց գործն է, իրենց օրինակով այլոց վարակելու ցանկությունն ու հավատը: Իսկ Արենի անմահության առհավատչյան այսօր նրա ցանկությամբ ու նրանից հետո Հայրենիքում ապրող գործն է…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ