Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է»
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է»

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է»Ժամկետային զինծառայող Կարապետ Անտոնյանը բացառիկ սխրագործությունների համար Արցախյան վերջին պատերազմի ամենաթեժ օրերին պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և ստացավ սպայի կոչում: ՀՀ նախագահը Կարապետ Անտոնյանին արդեն հետմահու շնորհեց նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան: Կարապետ Անտոնյանի մոր՝ տիկին Գոհարի հետ զրուցելիս առաջինը հարցնում եմ՝ արդյոք պատերազմից առաջ մայրը իմացե՞լ է, որ իր տանը Հայրենիքին անսահման նվիրված, աներևակայելի համարձակ հերոս է ապրում:

-Ես գիտեի, որ իմ տղան բարության ծով է: Խաղաղասեր, հաշտարար, զուսպ, հավասարակշռված: Կարոս իմ առաջնեկն էր: Աշոտը 3 տարով փոքր էր Կարոյից, բայց չի եղել մի դեպք, որ նրանք կռվեն, որ Կարոս նեղացնի եղբորը: Իսկ ամենակրտսեր եղբորը՝ Արտյոմին, որից մեծ էր 13 տարով, հոր նման էր սիրում ու խնամում:

Երբ Կարոս զորակոչվեց, մենք վարձով էինք ապրում, ասում էր՝ իմ ամենամեծ նպատակն այն է, որ Արտյոմը իր սեփական տանը մեծանա: Ասում էր՝ բանակից գամ, ուսումս կավարտեմ Ճարտարագիտական համալսարանում, կաշխատեմ, տուն կառնեմ: Կարոյիս գլուխը լի էր զանազան ծրագրերով: Նա պրպտող, ճկուն միտք ուներ, խելացի էր, գործունյա: Վստահ եմ՝ կիրականացներ իր ամենահամարձակ երազանքները, եթե ողջ մնար: Նրա բոլոր երազանքներում ընդգրկված էին նաև ընկերները, ծանոթները: Երազում էր աշխատանքով ապահովել բազմաթիվ մարդկանց: Իր ծրագրերի մասին խոսելիս մեծ, վառվռուն աչքերը փայլում էին: Քաղցր, աստղով, սիրվող տղա էր Կարոս: Ինչ ասեմ՝ գուցե պատերազմի հերոսները հենց այսպիսին են լինում խաղաղության ժամանակ:

-Ինչպե՞ս էր անցնում Կարոյի ծառայությունը նախքան պատերազմը:

-Շատ էր սիրում Ջրականը, իր դիրքը, ծառայակից ընկերներին, իր ֆագոտը:  Ընկերներն ու հրամանատարներն էլ Կարոյիս էին սիրում, ասում էին՝ որքան էլ դժվար լինի առաջադրանքը, Կարոն անթերի է կատարում: Երբ պատերազմն սկսվեց, ոտքը նոր էին վիրահատել, հիվանդանոցում էր: Ինչքան խնդրեցի, որ մնա հոսպիտալում, չլսեց, հրաժարվեց երկրորդ վիրահատությունից: Ասացի՝ Կարո՛ ջան, հանուն Արտյոմի, բուժվի, նոր գնա դիրքեր: Ասաց՝ գիտես, թե այստեղ Արտյոմի նման քանի տղա կա, որ պաշտպանության կարիք ունի:  Պատերազմի առաջին մի քանի օրը լուր չունեինք, հետո Կարոյի ընկերը զանգեց՝ Վարդանը, ասաց՝ Ձեր տղան լեգենդ է, գիտեք՝ թշնամու քանի տանկերի ճանապարհ է փակել ֆագոտով:

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է»Երբ Կարոս զանգում էր, պատերազմի մասին չէր խոսում, միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է: Մի օր էլ ասաց, որ իրեն լեյտենանտի կոչում են տվել ու պարգևատրել են «Մարտական խաչ» շքանշանով: Հարցրինք, թե՝ ինչ սխրանք է գործել, որ այդպիսի մեծ պարգևի է արժանացել, կարճ, խուսափողական պատասխան տվեց: Ասաց՝ տանկեր եմ խփել:

Հոկտեմբերի 13-ի առավոտյան բոլորիս հետ խոսեց: Հետո հորն ասաց՝ մորս ու եղբայրներիս լավ կնայես: Այդ օրը տղաս զոհվեց: Ես գիտեմ, թե որ վայրկյանին կանգնեց նրա սիրտը: Ես զգացի: Ասես՝ սեփական սիրտս պոկվեց ինձնից:

Տղայիս փոխարեն սահմանից վերադարձավ նրա լեգենդը: Հրամանատարները, ծառայակից ընկերները պատմում էին ու պատմում: Ասում էին՝ ֆագոտով տանկերի շարասյուն էր կանգնեցնում: Այնքան հմուտ էր խփում, որ մի կրակոցով  երկու տանկ էր շարքից հանում, բայց տանկերը չէին պայթում, ու մերոնք կարողանում էին վերցնել դրանք: Նայում էր իր սարքած հրավառությանն ու հիանում: Ամբողջովին ձերբազատվել էր վախից. ասես՝ մահ չկար, մահն իր համար չէր: Մարտի ամենաթեժ պահին կատակում էր: Հրայրի ձեռքը ջախջախվել էր, ասում էր՝ խոսք եմ տալիս, քեզ համար նոր ձեռք եմ առնելու՝ բնականից լավը: Ասում էին՝ թշնամուն ոչ մի շանս չէր թողնում: Նույնիսկ դիվերսիոն հարձակում է հետ մղել:

-Հիմա «Եռաբլուրո՞ւմ» է:

-Մինչև Արցախ գնալս ես էլ էի մտածում, որ որդիս «Եռաբլուրում» է, բայց հիմա հաստատ գիտեմ, որ նա Արցախում է, Ջրականում: Ես որդուս ներկայությունը այնքան ուժեղ զգացի: Ու ամեն ինչ անելու եմ, որ մի օր վերադառնամ այնտեղ, որտեղ որդիս է, ու լինեմ նրա կողքին:

Օրենքը միջնեկ որդուս՝ Աշոտին, որպես զոհվածի եղբոր, ազատեց ժամկետային ծառայությունից: Արտյոմս, որը 9  տարեկան է, ասաց՝ Աշոտը չի ուզում, թող չգնա, բայց ես, երբ մեծանամ, անպայման պատերազմ եմ գնալու: Քանի որ Կարոս գնաց բանակ, հետո մասնակցեց պատերազմի, Արտյոմս մտածում է, որ բանակ գնալով՝ տղաները պատերազմ են գնում: Ես որդի եմ կորցրել պատերազմում, բայց չեմ վախենում պատերազմից: Հայրենիքի համար կռիվը սուրբ գործ է: Սա հերոս որդուս՝ Կարոյիս պատգամն է, որը ես ամենայն պատասխանատվությամբ փոխանցում եմ նրա կրտսեր եղբայրներին:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ