Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԻ ՈՒԺԸ
ԶԻՆՎՈՐԻ ՈՒԺԸ

ԶԻՆՎՈՐԻ ՈՒԺԸԶՈւ սպառազինության վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սերգեյ Զուրաբյանն ու իր որդին՝ Արենը,  44-օրյա պատերազմի ժամանակ կռվել են տարբեր ճակատներում: Երբ հայրը հայտնվել է ռազմաճակատում, զինվոր որդին ասել է՝ տանը տղամարդ չի մնացել, դու գնա, ես կկռվեմ: Հայրը գնացել է, բայց ոչ թե տուն, այլ մեկ ուրիշ ճակատ:  Երբ պատերազմն ավարտվել է, Արենը պարգևատրվել է «Արիության» մեդալով:

-Մենք կռվել ենք՝ չխնայելով մեր կյանքը,- ասում է փոխգնդապետ Սերգեյ Զուրաբյանը, -արկերը անձրևի պես թափվում էին մեր գլխին, բայց մենք շարունակում էինք կատարել մարտական առաջադրանքը…

…Իմ մտքերը ուրիշ տեղ են, հաղթանակի ու պարտության մասին չէ, որ մտածում եմ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ է զգում մարդը, երբ մահը տիրական քայլում է կողքին, ու  ապրելու հույսը հրաշքի սպասում է:

-Պատերազմի դաշտում, երբ ռումբերը թափվում են ոռնոցով, երբ հարազատ հողը ծվեն-ծվեն է լինում ոտքերիդ տակ, դու պիտի երկու ձեռքով կառչես քո կյանքի ամենաամուր, ամենագեղեցիկ, ամենազորացնող հիշողություններին, պիտի արթնացնես անցյալի ամենանվիրական պատկերները, որ չթուլանաս, չկոտրվես, չվախենաս… Մահվան կողքին դու  վերապրում ես քո  մանկության հեքիաթը…

Ես Նոյեմբերյանի Բերդավան գյուղից եմ: Մեր տունը երկնագույն է, մեր այգում ինչ միրգ ասես չի աճում, նույնիսկ ձիթապտուղ ունենք: Այգին հորս տարերքն էր: Ես նրանից եմ սովորել հողը, ծառն ու ծաղիկը, թուփն ու քարը սիրելը: Հորս  համար տունն ու այգին նույնքան թանկ էին, որքան սիրելի մարդիկ: Մենք բոլորս միասին մի ամբողջություն էինք:  Իսկ պապս գյուղի անտառապահն էր: Պապս ու տատս ապրում էին անտառի իրենց տնակում:  Իմ աչքերում պապս անտառի տիրակալն էր: Նա ազդեցիկ մարդ էր գյուղում, պատկառելի ու սիրված: Եվ երբ նա ինձ սովորեցնում էր ամենադժվար ու ծայրահեղ իրավիճակներում ողջ մնալու հմտությունները, ես չէի էլ կասկածում, որ դրանք շատ կարևոր են ու մի օր ինձ պետք են գալու: Իսկ տատս… Ես նրանից այնքան սեր եմ ստացել, որ կբավի մի քանի կյանքի համար: Երբեք նման աշխատասեր մարդու չեմ հանդիպել՝ առավոտից իրիկուն գործ էր անում, բարիք էր ստեղծում՝ կաթ, մածուն, րաժան, ջիլ պանիր: Ու գիտեք՝ ո՞րն էր իր չարչարանքի վարձքը՝ առատորեն բաժանելու երանությունը: Այս պատկերը կամբողջանա, երբ ասեմ, որ մայրս գյուղի ամբուլատորիայի վարիչն է: Մեր դուռը թակում էին օրվա բոլոր ժամերին: Մայրս պատրաստակամ վազում էր օգնելու հիվանդներին: Չի եղել մի դեպք, որ մայրաքաղաքի բժշկական ժամանակակից սարքերը հերքեն մորս  ախտորոշումը: …Ես մորիցս մարդասիրություն եմ սովորել: Գյուղացիները մորս լիուլի փոխադարձում էին նրա տված սերը: Եվ դա այնքան գեղեցիկ էր ու ազնվացնող:

-Դուք կրթությամբ գինեգործ եք: Ինչո՞վ էր պայմանավորված այդ ընտրությունը:

-Մայրս ցանկանում էր, որ ես բժշկի մասնագիտությունն ընտրեմ, բայց տատիս խոսքը օրենք էր մեր տանը, իսկ նա որոշել էր, որ ես պիտի գինեգործ դառնամ:

-Սահմանամերձ գյուղերում զինվորականները հասկանալի պատճառով  շատ սիրված-մեծարված են, պատանիների զգալի մասը իրենց ճակատագիրը կապում են հայրենիքի պաշտպանի մասնագիտության հետ:

-Ես ժամկետային ծառայություն եմ անցել, սահման եմ պահել: Զորացրվելուց որոշ ժամանակ անց հասկացա, որ գինեգործի իմ մասնագիտությամբ աշխատանք չեմ կարող գտնել մեր կողմերում ու որոշեցի վերադառնալ բանակ՝ որպես ավտոմոբիլային ծառայության սպա:

-Առհասարակ ծառայել եմ  չորս զորամասերում, և իմ հրամանատարությամբ բազմաթիվ զինվորներ են ծառայել: Մենք նորոգում էինք փչացած ավտոմոբիլային տեխնիկան: …Արդեն ասացի, որ բանակ եմ եկել հանգամանքներից դրդված: Սկզբնական շրջանում ծառայությունն ինձ համար խիստ պատասխանատու ու կարևոր գործ էր, որը ես կատարում էի ամենայն նվիրումով…Որոշ ժամանակ անց բանակի հրապուրանքն ու ձգողական ուժը ինձ էլ տիրեց: Ես ամեն ինչ անում էի, որ լավ հրամանատար լինեմ զինվորներիս համար, ու մենք միասին անմնացորդ նվիրումով անենք մեր գործը:

-Ո՞րն է լավ հրամանատարի ամենակարևոր հատկանիշը:

-Լավ հրամանատարը պիտի լիովին պատասխանատվություն կրի զինվորի համար: Զինվորի թերությունը իր ձախողումը համարի: Իմ ծառայության տարիներին հրաշալի սերունդ էր գալիս բանակ՝ մտածող,  խելացի, հայրենասեր… Բայց դժվար զինվորներ էլ եմ ունեցել:  Ամենավատ մարդուն անգամ  կարող ես փոխել… սիրելով: Սա այն եզրահանգումն է, որ ես արեցի զորամասում ծառայելու տարիներին:

-Ի՞նչ կպատմեք պատերազմի մասին: Դուք կամավոր գնացել եք ռազմաճակատ:

-Երբ կռիվն սկսվեց, որդիս զինվոր էր Արցախում: Ես անմիջապես հիշեցի իմ նախկին զինվորներին, որդուս, նրանց նման հազարավոր պատանիների, որոնք պիտի կանգնեին թշնամու դեմ ու փակեին  ադրբեջանցիների ճանապարհը: Ավագներիս պարտքն էր կանգնել նրանց կողքին: Առանց բարձրագոչ բառերի. հո չէի՞նք նստելու թիկունքում՝  մեր ջահել տղերքին ուղարկելով կրակի բերան: Ես գնացի որդուս ու նրա ընկերների պաշտպանած դիրքը: Երբեք չեմ մոռանա այն ուժը, կրակն ու հայրենասիրությունը, որ տեսա 18-20 տարեկան պատանիների աչքերում: Այդպիսի սերունդ աշխարհում չկա, այդպիսի ազգային արժանապատվություն, այդպիսի քաջություն, այդպիսի հայրենասիրություն: Մեր տղաները կռվում էին երկաթե հրեշների դեմ:

-Ի՞նչ հոգեվիճակում է Ձեր տղան՝ պատերազմից «Արիության» մեդալով վերադարձած մեր զինվորը՝ Արեն Զուրաբյանը: Նրա մասին եմ հարցնում, որովհետև նա է կառուցելու վաղվա Հայաստանը:

-Ես ջանացել եմ տղայիս փոխանցել այն բոլոր առաքինությունները, որոնք ստացել եմ իմ պապ ու տատից, իմ ծնողներից: Փառահեղ որդի ունեմ: …Արենը  չի համակերպվում ընկերների կորստի հետ: Տղաս գիտի իր ու իր ընկերների ուժը, ռազմի դաշտում տեսել է թշնամուն, նրան էլ գիտի: Զինվորի ուժը իր հայրենասիրության մեջ է: Տղաս թշնամու դեմ պատրաստ է կռվել մեկը 10-ի հարաբերությամբ, իսկ  թշնամու  մարդկային ուժը երբեք չի դիմացել ու չի դիմանա մեր զինվորի զորությանը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ