Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԱ ՔԱՋԵՐԻ ԱՇԽԱՐՀՆ Է
ՍԱ ՔԱՋԵՐԻ ԱՇԽԱՐՀՆ Է

ՍԱ ՔԱՋԵՐԻ ԱՇԽԱՐՀՆ ԷՏաթև Ադամյանը շուրջ 15 տարի կիրառական մեխանիկա է դասավանդում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Երբ ես իմացա այդ մասին, ինձ շատ հետաքրքրեց, թե տիկին Ադամյանի կարծիքով՝ որոնք են ռազմական ուսուցչի ամենաանհրաժեշտ հատկանիշները: Տաթև Ադամյանը առանց երկար-բարակ մտածելու պատասխանեց՝ անհրաժեշտ է մինչև հոգու խորքը սիրել Հայրենիքը, բանակն ու ապագա սպաներին:

-Տիկի՛ն Ադամյան, նախ՝ ուզում եմ իմանալ, թե Դուք ինչպես հայտնվեցիք Ռազմական համալսարանում: Դա գիտակցված, նպատակային ընտրությո՞ւն էր, թե՞ պայմանավորված էր հանգամանքներով:

-Տասը տարի արտերկրում ապրելուց հետո ես վերադարձա Հայրենիք, ու ինձ առաջարկեցին կիրառական մեխանիկա դասավանդել Վազգեն Սարգսանի անվան ռազմական համալսարանում: Սկեսուրս նույնպես դասախոս էր, նա ինձ խորհուրդ տվեց ընդունել առաջարկը, պատմեց, թե ինչ երանելի գործ է ուսանողներին կրթելը: Ես չգիտեի, թե ուր եմ գնում: Չգիտեի ուսանողի ու կուրսանտի, քաղաքացիական բուհում դասավանդող դասախոսի ու ռազմական բուհի կուրսանտին դասավանդողի տարբերությունները:

Սպայի մասնագիտությունն ընտրած կուրսանտների գերակշիռ մեծամասնությունը հայրենիքի նվիրյալներ են: Այս տղաները ինքնակամ հեռանում են անհոգ կյանքից, իրենց տարիքին բնորոշ զվարճանքներից ու գալիս են ապրելու կուրսանտի կյանքով, որտեղ իշխում է ռեժիմը, կարգապահությունը, վարժանքները…Պատեհապաշտները արագ զատվում են. առաջին իսկ դժվարությունից լքում են համալսարանը: Մնացածը գիտեն, թե ինչ վտանգներ ու փորձություններ են սպասում իրենց, բայց պատրաստ են դիմակայելու ու ամեն գնով պաշտպանելու Հայրենիքը: Սա քաջերի աշխարհն է, և հայտնվելով այս աշխարհում՝ նվիրվում ես նույն գաղափարներին ու արժեքներին: Եվ դուք դառնում եք մի ամբողջություն:

Կուրսանտները հեռու են իրենց տնից, ընտանիքից, մայրերից, և ուսուցիչը նրանց համար դառնում է մայր, քույր, խորհրդատու, ընկեր: Մենք ինչից ասես չենք խոսում մեր կուրսանտների հետ: Հայրենասիրությունից, միասնականությունից, անձնազոհությունից, սպայի պատվից…Ես միշտ հիշում եմ, որ գործ ունեմ ընտրյալների հետ:

-Կուրսանտների առօրյան հաստատ միայն պարտականություններից չի կազմված:

-Իհարկե, մեր կուրսանտները մասնակցում են գրեթե բոլոր մեծ մշակութային միջոցառումներին՝ բալետ, թատրոն, օպերա, համերգ, համալսարանում էլ հնարավորություն ունեն սպորտով զբաղվելու, օգտվելու գրադարանից…

-Այս տարիների ընթացքում փոխվե՞լ է ռազմական համալսարան եկող սերունդը:

-Փոխվել է: Մեր դիմորդները գնալով ավելի բանիմաց, խելացի, հայրենասեր ու ինքնագիտակից են դառնում: 44-օրյա պատերազմից հետո դիմորդների թիվը ավելացավ: Այս իրողությունն այնքան խոսուն է: Պարտված ժողովրդի, պարտված բանակի կողքին չէր կարող այսպիսի ոգեղեն սերունդ ձևավորվել: Երբ սահմաններին իրավիճակը լարվում է, մեր կուրսանտները խնդրում են իրենց առաջնագիծ ուղարկել: Մեր զոհված կուրսանտների նստարանները սրբատեղի են համալսարանում: Այնտեղ նստողների սրտում անբառ երդում կա: Ռազմական համալսարանը, ցավոք, ստիպված էր մի նոր հերոսապատում գրել, մեր կուրսանտները, որոնք համալրել էին զորամասերն ու պաշտպանության համակարգի ստորաբաժանումները, Հայրենիքը պաշտպանելիս ընկան քաջի մահով, նրանք իրենց սխրանքով հայրենասիրության ու խիզախության նոր նշաձող սահմանեցին ներկա ու ապագա կուրսանտների համար: Որ սահմանամերձ տարածքում էլ լինեմ, որքան էլ իրավիճակը պայթյունավտանգ լինի, ես հանգիստ ու անխուճապ եմ, որովհետև սահմանին մեր համալսարանի քուրայով անցած սպաներն են: Իսկ նրանց անհնար է չվստահել:

… Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, շատ եմ սիրում իմ աշխատանքային միջավայրի բարքերը: Ուժեղ ու արժանապատիվ տղամարդկանց աշխարհը: Սա իմ սիրո ու նվիրումի տարածքն է:

-Համալսարանը ձևակերպե՞լ է ձեր ձգտումներն ու նպատակները, ձեր անցնելիք ճանապարհը, այն հանգրվանը, որին ձգտում եք:

-Ոչինչ ձևակերպելու կարիք չկա: Մեր շարահրապարակը Արարատի հայացքի տակ է: Մենք մեր հոգում կրում ենք նրա պատկերը: Մենք կանգուն եք դժվար պատերազմից հետո, և սա ամենակարևորն է: Մեր հոգին չի ընկրկել: Ես հավատով եմ նայում ապագային, որովհետև ես այնտեղ եմ, որտեղ վաղվա Հայաստանի ուժն է, պատիվը: Ու երկմտելու ոչ մի պատճառ չունեմ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ