Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ



Ներսես Շնորհալին (1100-1173) Հայ Առաքելական Եկեղեցու մեծանուն սրբերից է։ Նրա «Հավատով խոստովանիմ» նշանավոր աղոթքը (թարգմանվել է 36 լեզուներով) բաղկացած է 24 տնից (օրվա 24 ժամերի համեմատ) եւ բովանդակում է աղոթքի բոլոր տեսակները (դավանական, զղջական, պաղատական, խոստովանական եւ այլն)։ Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»։

Ա

Հավատով խոստովանում

Եվ երկրպագում եմ Քեզ.

Հա՛յր եւ Որդի՛ եւ Սո՛ւրբ Հոգի,

Անստեղծ եւ անմա՛հ բնություն,

Արարիչ հրեշտակների եւ մարդկանց

Եվ բոլոր եղածների.

Ողորմի՛ր Քո արարածներին

Եվ ինձ՝ բազմամեղիս։

Բ

Հավատով խոստովանում

Ու երկրպագում եմ Քեզ

Անբաժանելի՛ լույս,

Միասնական Սո՛ւրբ Երրորդություն

Եվ մի՛ Աստվածություն,

Արարի՛չ լույսի եւ հալածի՛չ խավարի,

Հալածի՛ր իմ հոգուց

Խավարը մեղքերի եւ անգիտության,

Եվ լուսավորի՛ր

Միտքն իմ այս ժամին՝

Աղոթելու Քեզ հաճույքով

Եվ ընդունելու Քեզանից

Իմ խնդրանքները.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

Գ

Հա՛յր երկնավոր,

Աստվա՛ծ ճշմարիտ,

Որ առաքեցիր Քո սիրելի Որդուն

Ի խնդիր մոլորյալ ոչխարին,

Մեղա երկնքի եւ Քո առաջ,

Ընդունի՛ր ինձ

Ինչպես անառակ որդուն,

Եվ հագցրո՛ւ ինձ

Առաջին պատմուճանը,

Որից մերկացա մեղքի պատճառով.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին

Եվ ինձ՝ բազմամեղիս։

Դ

Որդի՛ Աստուծո, Աստվա՛ծ ճշմարիտ,

Որ խոնարհվեցիր հայրական ծոցից

Եվ մարմին առար

Սուրբ Կույս Մարիամից

Մեր փրկության համար.

Խաչվեցիր, թաղվեցիր

Եվ հարություն առար մեռյալներից

Եվ համբարձվեցիր փառքով

Հոր մոտ.

Մեղա երկնքի եւ Քո առաջ,

Հիշի՛ր ինձ ինչպես ավազակին,

Երբ գաս Քո Արքայությամբ.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին

Եվ ինձ՝ բազմամեղիս։

Ե

Հոգի՛ Աստուծո, Աստվա՛ծ ճշմարիտ,

Որ իջար Հորդանան

Եվ Վերնատուն

Եվ լուսավորեցիր ինձ մկրտությամբ

Սուրբ Ավազանի,

Մեղա երկնքի եւ Քո առաջ,

Մաքրի՛ր ինձ վերստին,

Աստվածային Քո հրով

Ինչպես առաքյալներին`

Հրեղեն լեզուներով.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

Զ

Անստե՛ղծ բնություն,

Մեղա Քեզ իմ մտքով,

Հոգով եւ մարմնով,

Մի՛ հիշիր մեղքերն իմ նախկին

Քո սուրբ անվան համար,

Եվ ողորմի՛ր Քո արարածներին

Եվ ինձ՝ բազմամեղիս։

Է

Ով Ամենատես,

Մեղա Քեզ

Իմ մտքով, խոսքով եւ գործով,

Ջնջի՛ր ձեռագիրն իմ հանցանքների

Եվ գրիր անունն իմ

Կյանքի գրքի մեջ.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

Ը

Գաղտնիքներ Քննող,

Մեղա Քեզ կամա եւ ակամա,

Գիտությամբ եւ անգիտությամբ,

Թողությո՛ւն շնորհիր մեղավորիս.

Քանզի ծնունդից սուրբ Ավազանի

Մինչեւ այսօր

Մեղանչել եմ

Քո Աստվածության առաջ

Իմ զգայարաններով

Եվ մարմնիս բոլոր անդամներով.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

Թ

Ամենախնա՛մ Տեր,

Քո սուրբ երկյուղն

Իմ աչքերին պահապա՛ն դիր՝

Որ էլ պագշոտ չնայեն,

Եվ իմ ականջներին,

Որ չախորժեն լսել

Չարության խոսքեր,

Եվ իմ բերանին, որ սուտ չխոսի,

Եվ իմ սրտին,

Որ չարը չխորհի,

Եվ իմ ձեռքերին,

Որ չգործեն անիրավություն,

Եվ իմ ոտքերին,

Որ չգնան անօրեն

Ճանապարհներով,

Այլ ուղղի՛ր շարժումը սրանց՝

Հետևելու ամեն ինչում

Քո պատվիրաններին.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

Ժ

Հո՛ւր կենդանի Քրիստոս,

Քո սիրո հուրը երկրում տարածած`

Բորբոքի՛ր իմ մեջ,

Որպեսզի այրի ախտը իմ հոգու,

Եվ սրբի իմ խղճմտանքը,

Եվ մաքրի մեղքերն իմ մարմնի,

Եվ վառի Քո գիտության լույսն

Իմ սրտում.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԱ

Հոր իմաստությո՛ւն, Հիսուս,

Տո՛ւր ինձ իմաստություն,

Որ ամեն ժամ Քո առաջ

Խորհեմ, խոսեմ եւ գործեմ բարին

Եվ փրկի՛ր ինձ

Չար մտքերից, խոսքերից

Եվ գործերից.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԲ

Բարիք կամեցող

Ով Տեր կամարար,

Մի՛ թող ինձ

Անձիս կամքով գնալ,

Այլ առաջնորդի՛ր ինձ՝

Լինելու միշտ

Ըստ Քո բարեսեր կամքի.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԳ

Արքա՛ Երկնավոր,

Տո՛ւր ինձ Քո արքայությունը,

Որ խոստացար Քո սիրելիներին,

Եվ զորացրո՛ւ սիրտս՝

Որ մեղքերն ատեմ

Ու սիրեմ լոկ Քեզ

Եվ կամքդ կատարեմ.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԴ

Խնամո՛ղ արարածների,

Խաչիդ նշանով պահպանի՛ր

Հոգիս եւ մարմինս

Մեղքերի պատրանքներից,

Դեւերի փորձություններից,

Անիրավ մարդկանցից

Եվ բոլոր վտանգներից

Հոգու եւ մարմնի.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԵ

Բոլորի պահապա՛ն Քրիստոս.

Թող Քո Աջը հովանի լինի ինձ վրա

Գիշեր եւ ցերեկ,

Տանը նստելիս,

Ճամփա գնալիս,

Քնած թե արթուն,

Որպեսզի երբեք չսասանվեմ.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԶ

Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքդ

Եվ լցնում բոլոր արարածներին

Քո ողորմությամբ,

Քե՛զ եմ վստահում անձն իմ,

Դու հոգա եւ պատրաստիր

Հոգուս եւ մարմնիս կարիքները,

Այսուհետեւ մինչեւ հավիտյան.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԷ

Մոլորվածներին Դու դարձի բերող,

Դարձրու ինձ

Իմ չար սովորություններից

Բարի սովորության,

Իմ սրտում բեւեռիր

Սոսկալի օրը մահվան,

Երկյուղը գեհենի

Եվ սերն Արքայության,

Որպեսզի զղջամ մեղքերս

Եվ գործեմ արդարություն.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԸ

Աղբյուր Անմահության,

Բխեցրո՛ւ զղջման արցունքներ

Իմ սրտից,

Ինչպես պոռնիկից,

Որպեսզի լվանամ մեղքերն իմ անձի

Նախքան հեռանալն իմ

Այս աշխարհից.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԹ

Պարգեւի՛չ ողորմության,

Պարգեւի՛ր ինձ

Ուղղափառ հավատով,

Եվ բարի գործով,

Եվ Քո սուրբ Մարմնի

Եվ Արյան հաղորդությամբ

Գալ դեպի Քեզ.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

Ի

Բարերա՛ր Տեր,

Ինձ բարի հրեշտակի հանձնիր՝

Հոգիս քաղցրությամբ ավանդելու

Եվ անխռով անցկացնելու

Չարությունից դևերի,

Որոնք երկնքի ներքո են.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԻԱ

Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս,

Արժանավորիր հոգիս

Այն կանչի օրը

Ուրախությամբ տեսնելու

Փառքը Քո լույսի

Եվ արդարների օթևանի մեջ

Հանգչել բարեհույս

Մինչեւ Քո գալստյան մեծ օրը.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԻԲ

Արդա՛ր Դատավոր,

Երբ Հոր փառքով գաս` դատելու

Ողջերին ու մեռածներին.

Քո անարժան ու պիղծ

Ծառայի հետ

Դատի մի մտիր,

Այլ փրկի՛ր ինձ

Հավիտենական հրից

Եվ լսելի՛ արա ինձ

Արդարների կանչը երանավետ

Դեպի Արքայությունդ երկնային.

Եվ ողորմի՛ր քո արարածներին,

Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԻԳ

Ամենողո՛րմ Տեր,

Ողորմի՛ր բոլոր

Քեզ հավատացողներին,

Յուրայիններիս եւ օտարներին,

Ծանոթներին եւ անծանոթներին,

Ողջերին եւ մեռածներին,

Թողությո՛ւն շնորհիր

Թշնամիներիս եւ ատողներիս

Ինձ դեմ գործած

Հանցանքների համար

Եւ նրանց հետ դարձրու չարություններից,

Որ ունեն իմ դեմ,

Որ արժանանան Քո ողորմությանը.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

Եվ ինձ` բազմամեղիս։

ԻԴ

Փառավորյա՛լ Տեր,

Ընդունի՛ր ծառայիդ աղաչանքները

Եվ ի բարին կատարիր

Իմ խնդրանքները,

Բարեխոսությամբ

Սրբուհի Աստվածածնի

Եվ Հովհաննես Մկրտչի

Եվ Սուրբ Ստեփանոս Նախավկայի

Եվ մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի

Եվ առաքյալների ու մարգարեների,

Վարդապետների և մարտիրոսների,

Հայրապետների և ճգնավորների,

Կույսերի եւ Քո բոլոր

Երկնային եւ երկրային սրբերի.

Եվ Քեզ փառք և երկրպագություն

Անբաժանելի Սուրբ Երրորդությանդ,

Այժմ և միշտ

Եւ հավիտյանս հավիտենից. ամեն։

Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


29/12/2011