Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՇԻԿՆԵՐԸ



ԿՈՇԻԿՆԵՐԸՃուտը բոբիկ էր մնացել։ Երկարաճիտ կոշիկների պոկված ներբանները ոլորվում, ոտքի տակից աջ ու ձախ դուրս էին ցցվում, ծիկրակում, լեզու ցույց տալիս։ Ճուտը ռազմավար պարանով կապել, կապկպել էր, բայց երբ գարնան անձրևներն սկսվեցին, բոլորովին անտանելի դարձավ՝ ցեխաջուրը լցվում էր կոշիկների մեջ։ Մեր վիճակն էլ մի բան չէր՝ ճակատ գնալուց առաջ ստացած տեղական արտադրության կոշիկները չկարողացան քննություն բռնել, և ուրախությունը կարճ տևեց։ Բայց թե մենք հեչ, կարևորը Ճուտն էր։ Ամբողջ ջոկատով չկարողանալ մարդավայել մի Ճո՞ւտ պահել, ամոթ էր։ Հարևան ջոկատների խոսակցության առարկա էինք դառնում։

Մի խոսքով, Ճուտի կոշիկների հարցը հրատապ էր։ Մանավանդ, որ գարնան անձրևները նոր էին սկսվելու, և միայն Աստված գիտեր, թե ինչքան էին շարունակվելու։ Հակառակի պես էլ թեժ մարտեր էին ընթանում։ Ճուտի կոշիկների հարցը լուծելուն խոչընդոտող բազմաթիվ հարցերից ամենագլխավորը ոտքերի փոքրությունն էր։ Երեսունվեց համարի զինվորական կոշիկներ գտնելը բավական դժվար գործ էր։ Ջոկատի տղերքը սրտնեղում էին.

-Ճո՛ւտ, ե՞րբ պիտի վերջապես տղամարդ դառնաս, տղամարդու կոշիկներ հագնես, որ մեր գործն էլ հեշտանա։

Բան ու գործ թողած՝ բոլորը նրա կոշիկների հարցով էին զբաղվում։ Անգամ՝ հրամանատարը։ Բոլոր հրատապ հարցերի շարքում նոթատետրի մեջ Ճուտի կոշիկների հարցն առաջին կետով էր գրել։ Հարևան ջոկատները ձեռ էին առնում։ Արդեն տարբեր տեսակի պատմություններ էին հորինվում։ Նաև՝ ջոկատի արժանապատվությանը դիպչող։ Ճուտի կոշիկների հարցը շուտով դուրս էր գալու հայկական զինուժի տեղակայման սահմաններից։

Թվում էր, թե Ճուտը երբեք նոր կոշիկներ չէր ունենալու։ Սակայն հարցն անսպասելի լուծվեց։ Մի կատաղի մարտից հետո, երբ թուրքերը, բազմաթիվ զոհեր տալով, նահանջեցին, Ասկերանցի Մարտիկը երեսունվեց համարի նոր կոշիկներ բերեց։ Ճուտը, մուկ բռնած կատվի նման, նվերը վեր-վեր թռցրեց, ապա սկսեց արագորեն ոտքերից հանել ցեխի մեջ շաղախված, տեսքից ընկած կոշիկները։

-Ապրե՛ս,- Մարտիկին գովեց հրամանատարը,- ջոկատի պատիվը փրկեցիր։

-Պահեստից եմ ստացել, պարո՛ն հրամանատար,- ձգվեց Մարտիկը,- էս մի զույգն էր… Չէին տալիս, խնդրեցի, համոզեցի… Մի կերպ պոկել եմ…

Մարտիկը լավ էր խաղում հանձնարարված դերը։

Տղերքի աչքերը չարաճճի փայլով շողշողում էին։ Ուր որ է, ծիծաղը պայթելու էր։ Հրամանատարը հայացքով սաստում էր։

-Կարծես՝ Ճուտի համար կարված լինեն,- ասաց տղաներից մեկը։

-Ինչ էլ սազում են,- ասաց մի ուրիշը։

Ճուտը, արագ-արագ կոշիկների քուղերը կապելով, ականջի պոչով լսում էր կատակները։ Վաղուց վարժվել էր նրանց խոսելաձևին, զգում էր՝ ինչ-որ   բան այն չէ, բայց գլխի չէր ընկնում, թե ինչը։ Տղերքը շրջապատած աղմկում էին, հիացական բացականչություններով ոգևորում։

Կոշիկները ճիշտ իր ոտքերով էին։ Ճուտը հագավ, հպարտ կեցվածքով կանգնեց և  ձգվելով, շնորհակալություն հայտնեց։ Բոլորը թեթևացած շունչ քաշեցին։ Հրամանատարը հանեց ծոցատետրը, հանդիսավոր կերպով ջնջեց հրատապ հարցերի առաջին  կետը։

Սակայն երկու օր էլ չէր անցել, երբ Ճուտի կոշիկների հարցը նորից մտավ օրակարգ։ Հարևան ջոկատի բերանբացները նրան ձեռ էին առել, թե թուրքի հագից հանած կոշիկներ են հագցրել։ Ճուտը ջոկատ վերադարձավ լաց լինելուց կարմրած աչքերով։ Գետնատնակի կողքին նստած լռում էր։ Տղերքը շրջապատեցին։ Հրամանատարը պպզեց կողքին, շոյեց գլուխը.

-Ի՞նչ է եղել, Ճո՛ւտ։

Ճուտը լռում էր։

-Ճո՛ւտ, ո՞վ է քեֆիդ կպել,- հարցնում էին տղերքը,- գնանք հարցերը լուծենք։

-Մեռելի ոտքերից եք հանե՞լ…

-Ո՞վ է ասել… Ի՞նչ մեռել…,- զարմացած ձևացան տղերքը։

-Կողքի ջոկատի տղերքն ասին…,- Ճուտն սկսեց բարձրաձայն լաց լինել։

-ՉԷ՛, Ճո՛ւտ, ի՞նչ ես ասում,- Մարտիկը մոտեցավ, գրկեց,- պահեստից եմ ստացել։ Հատուկ քեզ համար հասել եմ Մարտակերտ։

-Չէ՛, հագած կոշիկներ են, մեռելի ոտքերից եք հանել,- գոռաց Ճուտը,- ես զգում էի – գոռաց և, կոշիկները հանելով՝ շպրտեց Մարտիկի վրա։

Բոլորը մի պահ լռեցին։ Հարևան ջոկատի բերանբացները գործը փչացրել էին։ Բայց հո չէի՞նք թողնելու տակը պոկված կոշիկներով ման գար, ջոկատի պատիվը խայտառակեր։ Հատկապես, որ շուտով, ուր որ է, նորից կռիվ էր սկսվելու։

Բոլորն աշխատում էին համոզել։ Տարբեր ապացույցներ էին բերում, բայց Ճուտը չէր ուզում հագնել թուրքի ոտքից հանած կոշիկները։

-Ես դրանց բացբերան մերը,- հայհոյեց հրամանատարը.,- փորները կպատռե՞ր, որ լեզուները հավաք պահեին։

Բոլորը բորբոքված խոսում էին, մեղադրանքներ կարդում, սպառնալիքներ ուղարկում հարևան ջակատի ուղղությամբ։ Իսկ Ճուտը, նստած գետնատնակի կողքին, լռում էր։ Հրամանատարը տեսնելով, որ ուրիշ ճար չկա, ստիպված դիմեց վերջին, դաժան միջոցին.

-Ճո՛ւտ, կա՛մ հագնում ես կոշիկները, կա՛մ գնում ես տուն, մտածի՛ր։ Մենք պատերազմի դաշտում ենք, ոչ թե պապիդ ամառանոցում։

Ասաց ու գնաց դեպի խրամատները։

Բոլորի տրամադրությունն ընկել էր։ «Պրոֆեսորը» ռադիոկապով «օրհնում» էր հարևան ջոկատի բերանբացներին։

Մթնշաղն արդեն լցվում էր ձորերը։

-Հիմա ի՞նչ,- մեղավոր աչքերը կկոցելով՝ ասաց Ասկերանցի Մարտիկը,- որոշել ես տուն գնա՞լ… Հեչ մեր մասին չե՞ս մտածում… Ես էլ կարծում էի՝ կարգին տղամարդ տղա ես…

Ճուտը լռում էր։

-Հա՛,- բարկացավ Ասկերանցի Մարտիկը,- ե՛ս եմ հանել թուրքի ոտքերից… որ բոբիկ ման չգաս։ Եթե քեզ լավ պահես, խոստանում եմ՝ հետախուզության գնալիս հետս տանել։

Ճուտն անխոս ելավ տեղից, վերցրեց կոշիկները, սկսեց հագնել։ Տղաները նայեցին միմյանց։ Լրջացել էին։ Ճուտն ուրիշ մարդ էր դարձել։ Մի օրվա մեջ մեծացել էր։ Լռությամբ հագավ կոշիկները և ավտոմատը վերցնելով՝ գնաց խրամատներում անհետացած հրամանատարի հետևից։

-Ափսո՜ս…,- հոգոց հանեց «Պրոֆեսորը»։

Բոլորի հոգուն ինչ-որ անհասկանալի թախիծ էր իջել։ Կարծես՝ ինչ-որ շատ թանկ, շատ սիրելի մի բան էին կորցրել, բայց չէին կարողանում հասկանալ, թե ինչ։

-Ափսո՜ս…,- հոգոց հանեց «Պրոֆեսորը»։

Իրենք էլ չիմանալով՝ հրաժեշտ էին տալիս Ճուտի հետ հավերժ հեռացող նրա պատանեկությանը։

Ձորերը լցվող մթնշաղը տխրություն էր տարածում չորսբոլորը։ Բայց դա մթնշաղից չէր…

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

գրող-ազատամարտիկ

Խորագիր՝ #20 (1442) 27.07.2022 - 02.08.2022, Հոգևոր-մշակութային


28/07/2022