Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆԴԱՆԻ ԱԿԱՆ



Պատերազմում նպատակին հասնելու ցանկացած միջոց ընդունելի է: Պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կողմերից մեկը, փորձելով բեկում մտցնել, գործի է դրել նախկինում ռազմական մարտավարության մեջ երբեւէ չկիրառված «զենք», օրինակ` աղավնիներ: Հենց այս թռչուններին բաց թողեց Կիեւյան իշխանուհի Օլգան անհնազանդ դրեւլյանների վրա…

ԴԱԺԱՆ ՎՐԵԺ

946թ. աշնանը Իգոր իշխանն անցնում էր իրեն ենթակա տարածքներով և հավաքում հարկերը: Դրևլյաններից ևս վերցնելով հասանելիքը, վերադարձի ճանապարհին իշխանը երկմտեց, թե արդյոք քիչ չվերցրե՞ց դրևլյաններից: Եվ իշխանը հրամայեց ետ դառնալ: Ընդվզելով հարկերի կտրուկ բարձրացման դեմ՝ դրևլյանները ջախջախեցին իշխանական զինախումբը, իսկ իշխանին դաժան մահապատժի ենթարկեցին. երկու բարձրասաղարթ ծառ ճկեցին դեպի վար և դրանց կատարներին կապելով իշխանի ոտքերը` բաց թողեցին…

Մի քանի ամիս անց Իգորի կինը` իշխանուհի Օլգան, որոշեց վրեժխնդիր լինել և պաշարեց դրևլյանների մայրաքաղաք Իսկորոստենը: Բնակիչները կռվում էին քաջաբար` լավ գիտակցելով, որ ներում չի լինելու: Կիևյան զորքն ամբողջ ամառն անցկացրեց քաղաքի պարիսպների մոտ: Եվ վերջապես Օլգան պաշարվածներին հաշտություն առաջարկեց՝ չափավոր հարկի դիմաց. «Այժմ արդեն ո՛չ մեղր ունեք, ո՛չ մորթեղեն, ուստի նվազագույնն եմ պահանջում. ինձ տվեք երեքական աղավնի և երեքական ճնճղուկ»: Դրևլյաններն ուրախացան և թռչուններն ուղարկեցին Օլգային:

Իսկ իշխանուհին հրամայեց թռչունների ոտքերից ծծումբով լցված տոպրակներ կապել: Մայրամուտից հետո բաց թողեցին «հրկիզող ականներով բեռնված» թռչուններին: Փայտաշեն քաղաքում միանգամից հրդեհներ բռնկվեցին, և Իսկորոստենը մոխրացավ, իսկ բոցից դուրս պրծնողներին կոտորեցին կիևյան զինվորները…

Տասը դար անց աղավնիների «հնարքը» հաջողությամբ կրկնվեց:

ՃԱԽՐԵՑԵՔ, ԱՂԱՎՆԻՆԵ՛Ր

1941թ. գարնանը խորհրդային գիտնական Ա.Կոլոսովն առաջարկեց աղավնիներին օգտագործել նավթային աշտարակների, վառելիքով բեռնված մեքենաների, փայտակերտ կառույցների հրկիզման և այլ նպատակների համար:

Պարզվել էր, որ մեկամսյա վարժեցման ընթացքում աղավնիների պայմանական ռեֆլեքսը սուր է արտահայտվում, և ցանկացած տեղից բաց թողնվելով` թռչունն սկսում է որոնել իր «գրոհի» թիրախը և իջնում վրան: Վարժեցման և մարզումների միջոցով հասել էին այնպիսի արդյունքների, որ թռչունները կարողանում էին մինչև 150գ բեռ բարձրացնել (սեփական քաշի մոտ 1/3-ը):

Խորհրդային գիտնականները փորձեր էին անում նաև այլ թռչունների և անգամ դելֆիններին կենդանի ռումբի վերածելու ուղղությամբ: Սակայն իրական հաջողությունը շներին վարժեցնելու ասպարեզում էր:

ՄԱՐԴՈՒ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Հայրենական պատերազմի տարիներին հակատանկային ականների տրամագիծն ընդամենը 30-35 սմ էր (պայթուցիչինը՝ դրանից էլ պակաս), և այն պետք է հայտնվեր թրթուրի տակ, որի լայնությունը 50 սմ-ից քիչ էր: Նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ հրասայլն ունի երկու թրթուր, միևնույն է, անհրաժեշտ պահին անհրաժեշտ վայրում ականի պայթելու հավանականությունը փոքր էր:

Թրթուրի և ականի «հանդիպումն» անխուսափելի դարձնելու միակ տարբերակը ականները 1 մետրից պակաս հեռավորության վրա տեղադրելն էր, ինչն անհնար էր, որովհետև այդ դեպքում մեկ ականի բռնկումից կպայթեր ամբողջ շղթան: Ուստի հակատանկային ականները տեղադրվում էին միմյանցից 4-6մ հեռավորության վրա՝ մի քանի շարքով: Խորհրդային եռաշարք ականադաշտի 1 կմ-ի համար պահանջվում էր 750 ական, սակայն հրասայլը շարքից հանելու հավանականությունը փոքր էր, և, ասենք, 10 մեքենայից 4-ն անխուսափելիորեն հաղթահարում էին այդ արգելքը: 100-տոկոսանոց արդյունքի համար անհրաժեշտ էր 750-ի փոխարեն տեղադրել 1500-2000 հակատանկային ական: Հարկ է ավելացնել նաև, որ առաջին մի քանի տանկերի պայթեցումից հետո մյուս մեքենաները կանգ էին առնում և սպասում էին ականազերծողներին: Սրանից բացի, ականադաշտերը կարող էին դժվարություններ ստեղծել նաև ականապատող կողմի հարձակման ժամանակ:

Այս հանգամանքները հաշվի առնելով` տեսաբանները եկան այն եզրակացության, որ ականը պետք է լինի շարժական:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՐՁԸ

1942թ. գերմանացիներն ստեղծեցին մի ինքնագնաց-հեռակառավարվող ական, որն անվանվեց «Գողիաթ»: Սակայն դրանք թերի էին. կառավարման վահանակին միացնող լարերը կտրվում էին հրետանային կրակի ժամանակ կամ պարզապես պայթում պատահական բեկորներից:

Խորհրդային երկրում «Գողիաթի» նմանությամբ որևէ ական սարքելու փորձ չարվեց. շարժական ականների հարցի լուծման համար որոշվեց օգտագործել շներին: Ընդ որում` այդ գաղափարի առավել ջերմեռանդ կողմնակիցները պնդում էին, որ շներին կարելի է գործածել ոչ միայն բուն մարտական գործողության ժամանակ, այլ նաև կարճատև անդորրի ընթացքում` կենդանուն ուղարկելով թշնամու թիկունք:

Այսօր շներին իբրև շարժական ականներ օգտագործելու մասին կարծիքները բաժանվում են: Մի կողմից փաստարկ է բերվում, թե պատերազմի ընթացքում կենդանիները թշնամու մոտ 300 հրասայլ են ոչնչացրել, և որ շներին նկատելով` գերմանական տանկերը հեռանում էին, մյուս կողմից մատնանշվում է կենդանական բնազդը, որը երբեք շանը թույլ չի տա նետվել աղմուկով և վտանգներով լեցուն մարտադաշտ: Մի բան հաստատ է. այս «շարժական ռումբերը» նույնպես 100-տոկոսանոց չէին:

ԱՅԼ ՓՈՐՁԵՐ

«Շարժական» ականի մյուս տարբերակը խիստ պարզունակ էր. գիշերն այն տեղադրում էին թշնամու դիրքերի մոտ և կապում երկար պարանով: Մարտական գործողությունների ժամանակ սակրավորը փորձում էր պարանի միջոցով ականն այնպես տեղաշարժել, որ այն հայտնվեր թշնամու մեքենայի տակ: Բնական է, որ այդ ականների մեծ մասը հեշտությամբ ականազերծվում էր: Գործը բարդանում էր նաև նրանով, որ ականը կառավարող զինվորի համար պետք էր հատուկ խրամատ փորել` բուն պաշտպանական գծից 100-200 մետր առաջ, ինչը մարտիկին հեշտությամբ վերածում էր թիրախի:

Եվ գերմանացիները եկան վերջնական եզրակացության. եթե կամենում ես, որպեսզի «շարժական» ականն ընթանա ուր պետք է և պայթի այնտեղ, որտեղ հարկավոր է, պետք է լինի բանական: Այդ տարիներին ստեղծված «Մարդն ընդդեմ հրասայլի» ուսումնական կինոնկարում ցույց էր տրվում, թե ինչպես պետք է սեփական անձը զոհելու միջոցով կանգնեցնել թշնամու մեքենաների առաջընթացը, իսկ մի գրքույկում մանրամասն խորհուրդներ էին տրվում, թե ինչպես կարելի է այլևայլ ամանների մեջ լցված վառելիքով հրկիզել տանկերը: Նույն այս գրքույկի մեջ շեշտվում էր, թե Խորհրդային Միության դեմ կռվի տարիներին 10.000 տանկ է (200 բրիգադ) ոչնչացվել այդ եղանակով, ինչն իրականում քարոզչական սուտ էր:

Խորհրդային զինվորները, որ քարոզչական գրականություն չէին կարդացել և ուսումնական ֆիլմեր չէին դիտել, իրենց կյանքի գնով անհամեմատ ավելի շատ տանկեր ոչնչացրին:

Սակայն Երկրորդ համաշխարհայինում անձնազոհ-ինքնասպանների թվով առաջնությունը ճապոնացիներինն էր: Նրանք առաջինն էին, որ ստեղծեցին հատուկ` թեթև ականներ: Ականն իր վրա կրող զինվորը վազում էր դեպի տանկը, այն նետում էր կա՛մ աշտարակի վրա, կա՛մ տեղավորում էր տանկի ետևի մասում և գործի էր դնում պայթուցիչը. 8-10 վայրկյան հետո պայթող ականը ողջ մնալու չնչին հնարավորություն էր թողնում: Այդուհանդերձ, կամավորների պակաս չէր զգացվում: Այս հերոսների, ինչպես և օդային մարտերում անմահացած կամիկաձեների հիշատակի առջև այսօր խոնարհվում է ամբողջ աշխարհը:

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Մայոր

Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Ռազմական


29/12/2011