Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ



ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅԱՆԶորակոչը շարունակվում է… Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումներից մեկում զրուցում ենք զավակներին բանակ ճանապարհող ծնողների հետ, փորձում պարզել, թե զինծառայության հետ կապված ի՞նչ մտահոգություններ, ի՞նչ ակնկալիքներ ունեն…

 

Բանակ եմ ճանապարհում միակ որդուս… Տղայիս ապագա զինծառայությունը միշտ աչքիս առաջ է եղել: Հաճախ եմ նրա հետ բանակի մասին խոսել, խրատներ տվել։ Կարծում եմ՝ լավ եմ դաստիարակել տղայիս, սովորեցրել եմ լինել ազնիվ, բարի, արժանապատիվ, ընկերասեր, հարգանքով մեծերի հանդեպ։ Միշտ ասել եմ, որ հարգի ու լսի հրամանատարներին։ Զիջող լինի, ընկերոջը որպես եղբայր ընդունի, ոնց որ եղբոր սխալը կների, եղբոր թերությունը կանտեսի, այնպես էլ բանակային ընկերոջը վերաբերվի. զորամասը երկու տարի նրա ընտանիքն է լինելու, բանակային ընկերը՝ եղբայրը:

Հույս ունեմ, որ տղաս և իր ընկերները միմյանց օգնելով՝ կհաղթահարեն բանակային դժվարությունները: Հույս ունեմ, որ տղաս բանակից տուն կգա կոփված, ինքնուրույն, իսկական տղամարդ դարձած։

Սրբուհի Մկրտչյան

♦♦♦

Երրորդ տղայիս եմ բանակ ճանապարհում ու, բնական է, առաջվա պես չեմ նեղսրտում։ Մենակ թե՝ խաղաղություն լինի։ Թող ամեն ընտանիք էլ արու զավակ ունենա ու զինվոր տա հայրենիքին։ Ես տղաներիս ուրախությամբ եմ ճանապարհել բանակ: Ոչ մի անգամ զորամաս չեմ գնացել. երեխեքը գրել են, ասել են՝ չգաք։ Մենակ երդման ժամանակ եմ տեսել տղաներիս։ Պատվով ծառայել են ու պատվով, խրախուսանքներով հետ եկել։ Փոքրս էլ, հուսով եմ, եղբայրների նման կծառայի, հետ կգա։ Բոլոր զինվոր տղաներին էլ նույնն եմ ցանկանում՝ պատվով ծառայեք, պատվով վերադառնաք։

Երանուհի Վարդանյան

♦♦♦

Երկու զինվոր եմ տվել բանակին, երրորդին եմ ճանապարհում: Ճիշտ է, մեզ համար դժվար է, մեծ ընտանիք ունենք, մեծ տնտեսություն, ու երբ երկու տղաներս իրար հետեւից բանակ գնացին, իմ ու ամուսնուս տանջանքը կրկնապատկվեց։ Բայց, ինչ անենք, սահմանը պիտի պահվի. տղան պիտի հայրենիքի հանդեպ պարտքը կատարի։ Դա ամենակարեւորն է։

Մեր բանակին հզորություն եմ մաղթում, մեր զինվորին ու հրամանատարներին՝ խաղաղություն, թող միշտ անփորձանք լինեն, միշտ հաջողակ ու երջանիկ։

Սուսաննա Դարբինյան

♦♦♦

Ես մանկավարժ եմ և ոչ միայն զավակիս եմ ձգտել նախապատրաստել գալիք զինծառայությանը, այլեւ իմ յուրաքանչյուր աշակերտի մեջ տեսել եմ ապագա զինվորին, խորհուրդներ եմ տվել։ Հորդորել եմ կոփվել, ֆիզիկական գործ անել, մարզվել։ Եթե բանակի խնդիրն էլ չլիներ, միեւնույն է, տղամարդը պիտի ֆիզիկապես ուժեղ լինի, համարձակ, ազնիվ՝ հանուն Հայոց բանակի ամրության ու հզորության

Անահիտ Նավասարդյան

Խորագիր՝ #19 (1441) 20.07.2022 - 26.07.2022, Բանակ և հասարակություն


21/07/2022