Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՔ ԸՆԿԵՐ



ԵՐԵՔ ԸՆԿԵՐԱսում են՝ եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել մեծագույն երջանկություն, նրան հավատարիմ ընկերներ է պարգեւում։

Գոռը, Դավիթը, Արամայիսը բանակային ընկերներ են, պատերազմի թոհուբոհն անցած մարտական ընկերներ…

 

Բարեկիրթ, խելացի, անմիջական երիտասարդներ են, հումորը՝ անծիր ու անսպառ:

Արտաքուստ շատ տարբեր են, տարբեր նախասիրություններ ունեն, ընդհանրականը մաքուր հոգին է, միավորողը՝ անշահախնդրությունը:

Երեք ընկերների մեջ Գոռն առանձնանում է բավականին բարձր հասակով:

-«Բանակ ճանապարհելիս տատս «Եռանկյունի» ֆիլմի հանրահայտ խոսքն էր անընդհատ կրկնում. «Աշխարհաբեկ ջան, գլուխդ ցածր կպահես»,- ժպիտով  վերհիշում է Գոռն ու ապա պատմում իրենց բանակային ընկերության սկզբնավորման մասին:- Դավիթն ու Արամայիսն արդեն մի քանի ամսվա ծառայող էին, երբ ես իրենց վաշտ տեղափոխվեցի, աստիճանաբար մեր մտերմությունը վերածվեց ընկերության, հիմա կես խոսքից, ժեստից, հայացքից իրար հասկանում ենք, ճիշտ է՝ վիճել էլ ենք, նեղացել, բայց միշտ ընդհանուր հայտարարի ենք եկել, իրար ներել ենք ու ավելի նվիրվել:

-Բանակային ընկերությունն ամենից ամուրն է, ինչ ասես տեսել ենք, միասին հաղթահարել հազարումի դժվարություն, միասին ուրախացել, միասին տխրել։ Կռվի օրերը հանած՝ ծառայության մնացած բոլոր օրերը չափազանց լավ են անցել,- իրար լրացնելով՝ ասում են տղաներն ու շարունակում:- Ամենից ուշագրավն այն էր, որ պատերազմից ուղիղ մեկ շաբաթ առաջ մեր զրույցների առանցքում հիմնականում կռվի թեման էր շոշափվում. կանխազգացողություն էր, թե խոսքն իսկապես ուժ ունի, ասում էինք՝ եթե հանկարծ պատերազմ սկսվի…

Սեպտեմբերի 27-ի լուսաբացը բացվեց տագնապով. շփման գծի ամբողջ երկայնքով թշնամին լայնածավալ հարձակման էր անցել, օդը սղոցվում էր տարբեր տեսակի զենքի ձայներից, թնդյուններից:

-Այդպիսի ձայներ, թնդյուններ իրականին մոտեցված զորավարժություններին մասնակցելիս միշտ էլ լսել էինք, ու հոգիներս համակած տագնապն ու անհանգստությունը վանելու համար ուզում էինք մտածել, որ նմանատիպ մի իրավիճակ է, դեռ լիովին չէինք պատկերացնում դաժան ու ծանր իրողությունը,- պատերազմի առաջին ժամերին իրենց համակած ապրումներն է նկարագրում Դավիթը:

– Ե՛ւ սպաները, ե՛ւ զինվորները կռվում էին մեկմեկու թիկունք, բացառիկ նվիրումով, գնդի հրամանատարն էլ միշտ մեր կողքին էր,- վերհիշում են ընկերները:

Իրենք զրահատանկային տեխնիկայի նշանառու օպերատորներ էին մարտերի կիզակետում՝ Ջրականում:

Կրակի հեղեղ էր թափվում, թշնամին ինչ տրամաչափի զինատեսակից ասես չէր կրակում:

Գոռը հիշում է կռվի երկրորդ, թե երրորդ օրը, երբ հարվածային ԱԹՍ էր խոցել, ոնց էր ուրախությունից ձայնն աշխարհ բռնել. «Կպա՜վ, խփեցի՛»…

18-20 տարեկան տղաները պատերազմ միայն ֆիլմերում էին տեսել, բայց կռվում էին խենթի պես, անձնուրաց…

Պատերազմի ծանր օրերին առավել ամրացավ ու թրծվեց ընկերությունը, մեկը մյուսին գոտեպնդում էր, ոգեւորում, հուսադրում։

-Պատերազմը որ սկսվեց, մենք մեր վաշտով հերթապահության էինք,- հիշում է Գոռը,- ես ուրիշ դասակում էի, Դավիթն ու Արամայիսը միասին էին: Իմացանք՝ մեր վաշտի հրամանատարը՝ Աղաս Միքայելյանը, զոհվել է, աննկարագրելի էին զգացողությունները, անպատմելի…Մի քանի օր անց էլ իմացա՝ Դավիթն է վիրավորվել, մտքովս հազար բան էր անցնում, բայց երբ ձայնը լսեցի, սիրտս տեղն ընկավ, խաղաղվեցի։

Դավիթն էլ պատմում է, թե ինչպես վիրավորվեց.

-Մի պահ քաոսային իրավիճակ էր, ուժերն անհավասար էին, ստիպված էինք նահանջել: Թշնամու ուղիղ նշանառության տակ էինք, ու ոտքից վիրավորվեցի, բայց ինձ չկորցրի, վերջին ուժերը հավաքելով, ոտքս մի կերպ քարշ տալով՝ հասա մոտակա բլինդաժ…

-Կես ժամ էլ չկար, որ իջել էինք հրամանատարական կետ, երբ սերժանտ Գագիկը հեւասպառ մոտեցավ «Շուտ արի, Դավոն վիրավոր է, տեխնիկայով բերել ենք»,- այդ դրվագի «իր մասն է» ներկայացնում Արամայիսը:- Վազեցինք ընդառաջ, տեխնիկայից հանեցինք, առաջին օգնությունը ցուցաբերեցինք, ոտքը կապեցինք, մի պահ գիտակցությունը կորցրել էր…

Դավիթը ժպտալով ընդմիջում է ընկերոջ խոսքը.

-Բայց մի բան պարզորոշ հիշում եմ՝ Արամայիսն անընդհատ կրկնում էր.«Ձգի՛, ախպերս, ձգի՛, մինչեւ շտապ օգնության մեքենան գա, դե, ես էլ ձգեցի, ընկերոջս խոսքը հո գետնով չէի տալու»։

Հետո իմացանք՝ Արամայիսի եղբայրը՝ Գագիկը, եւս հրազենային վիրավորում էր ստացել,  ինքն էլ նույն հատվածում էր կռվում։

♦♦♦

Կյանքի ու մահվան սահմանաբերանին մաքառում էին տղաները:

-Կապ չկար, ո՛չ ընկերներիցս տեղեկություն ունեի, ո՛չ տնեցիներից,- հերթական դրվագն է վերհիշում Գոռը,- բայց մի պահ այնպիսի հատվածում տեղակայվեցինք, որտեղ կապը հասանելի էր, Արամայիսի մաման միշտ ինձ էր զանգում կամ հաղորդագրություն ուղարկում՝ հետաքրքրվելով մեր որպիսությամբ։

Ծնողներն ապրում ու շնչում էին կռվող զավակների մասին մի լուր իմանալով։ Ու ոչ միայն Արամայիսի մայրը, մյուս ծնողներն էլ իրար հետ կապ ունեին, մեկը մյուսին իր տեղեկությունը, լուրն էր հաղորդում, ու հասանելի դարձած Գոռի համարին հեռախոսային հաղորդագրությունների տարափ էր ու հիմնականում նույն բովանդակությամբ. «Միայն գրիր՝ ամեն ինչ լավ է ու վերջ», ու կրակոցների տեղատարափի տակ, երբ ամեն վայրկյան մահը վայում էր շուրջբոլորը, Գոռը առանց զլանալու պատասխան նամակ էր գրում զինակից ընկերների ծնողներին. «Ամեն ինչ լավ է, մի՛ անհանգստացեք, մեզ մոտ համեմատաբար խաղաղ է»։

-Դժվար, օրհասական իրավիճակներում, երբ կյանքը մազից էր կախված, մեզնից ամեն մեկն ավելի շատ մտածում էր ընկերոջ, քան սեփական անվտանգության մասին, մեկս մյուսի կյանքը սեփականից վեր է դասել ու մարտի ժամանակ անվարան պատրաստ էր կյանքը տալ եղբոր նման հարազատ դարձած ընկերոջ համար,- ասում են տղաները։

Նրանց ծառայությունն արդեն ավարտվել է, բայց ընկերությունն այսօր էլ շարունակվում է.

-Հիմա էլ խաղաղ օրերի մարտական ընկերներ ենք. ջանում ենք մեկմեկու թեւութիկունք լինել, ինչպես բանակում էր…

Դավիթը Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում շարունակում է ուսումնառությունը, Արամայիսն իր հայրիկի գործարանում է աշխատում՝ զուգահեռ շարունակելով ինքնակրթվել, Գոռն էլ մտադիր է գեղեցկության սրահ բացել…

Ընկերներով հաճախ են հանդիպում, հավաքվելիս այցելում են նաեւ «Եռաբլուր»:

-Պատերազմից հետո հազար ու մի տեսանելի ու անտեսանելի թելերով ավելի ու ավելի ենք կապվել հայրենիքին. մեր երազանքները, նպատակները իրագործվելու են միայն ու միայն հայրենիքում, մեր զոհված ընկերների երազանքներն էլ են մեզ վերապահված…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1441) 20.07.2022 - 26.07.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


21/07/2022