Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՆՈՆՆԵՐԸ ԴՈ՛ՒՔ ԹԵԼԱԴՐԵՔ
ԿԱՆՈՆՆԵՐԸ ԴՈ՛ՒՔ ԹԵԼԱԴՐԵՔ

Արդեն ծանոթացել եք, հեռախոսի համարը վերցրել եք և այժմ ուզում եք հրավիրել ժամադրության: Բայց ինչպե՞ս և ու՞ր: Իսկ եթե մերժի՞:

Շատերը մերժում ստանալու ահից ուշացնում են առաջին զանգը և հանդիպման հրավերը: Որքան շատ ժամանակ է անցնում ծանոթությունից մինչև առաջին ժամադրությունը, այնքան նվազում է հավանականությունն այն բանի, որ աղջիկը կընդունի հրավերը. չէ՞ որ նա կարող է մոռացած լինել «պատահական ծանոթին», և ստիպված կլինեք հիշեցնել, թե ով եք: Մի՛ ձգձգեք` կարծելով, որ ամեն ինչ ինքնըստինքյան կստացվի, պատահական հանդիպում մի՛ փնտրեք, ընկերների միջոցով հաղորդագրություններ մի՛ փոխանցեք, այլ վերցրեք հեռախոսը և զանգեք:

Մինչ այդ որոշեք Ձեր ասելիքը. չկա ավելի վատ բան, քան կմկմալ լսափողի մեջ. «Դե արի ինչ-որ տեղ գնանք… Իսկ ո՞ւր ես ուզու՞մ, ե՞րբ է քեզ հարմար»: Տղամարդը հենց սկզբից պետք է թելադրի «խաղի» կանոնները, կանայք նրանից հենց դա են ակնկալում:

Ահա հեռախոսով ժամադրելու մի քանի «ոսկե» կանոն.

Զանգահարեք ոչ այնքան շուտ, որ աղջկան քնից հանեք, ոչ էլ այնքան ուշ, որ ասեն` քնած է:

Զանգելուց առաջ պատրաստեք առնվազն երկու առաջարկություն, թե ուր կցանկանայիք գնալ` սրճարան, ցուցահանդես, այգի կամ ինչ-որ միջոցառման: Իհարկե, ցանկալի է, որ հետաքրքիր լինի:

Երկար մի՛ խնդրեք, մի՛ համոզեք. կպչունությունը վտանգավոր է ձեր հարաբերությունների համար:

Ժամադրեք հստակ և ճշգրիտ` որտեղ և երբ, իսկ խոսակցության վերջում մեկ անգամ ևս համոզվեք` աղջիկն ընդունե՞լ է հրավերը, հասկացե՞լ է, թե որտեղ են իրեն սպասելու:

Այժմ համարձակ զանգահարեք և առաջարկեք հանդիպել: Որքան շուտ անեք դա, այնքան մեծ է հավանականությունը, որ աղջիկը կհամաձայնի: Մեկ – երկու րոպե խոսեք նրա հետ, հետաքրքրվեք, թե ինչպես են գործերը: Այնուհետև առաջարկեք ձեր պատրաստած առաջին տարբերակը: Եթե նրան հարմար չէ կամ էլ հետաքրքիր չէ, փորձեք մյուս տարբերակը: Եթե դա էլ է մերժում, հրաժեշտ տվեք և մեկ շաբաթ անց նորից զանգեք:

Եթե աղջիկը հրաժարվում է գալ հանդիպման, դա ամենևին չի նշանակում, որ դուք նրան չեք հետաքրքրում. նա կարող է զբաղված լինել կամ նախապես այլ ծրագրեր ունենալ: Կարող է նաև «թանկացնել» իրեն: Եւ վերջապես, կարող է նաև մտածել, որ նոր ծանոթի հետ հանդիպմանն անմիջապես համաձայնելը ամոթ է:

Իհարկե, ցանկալի է ժամադրության հրավիրել ոչ թե հեռախոսով, այլ անձամբ. դա լավագույն տարբերակն է: Առավելությունն այն է, որ անմիջական շփման դեպքում դուք տեսնում եք նրան և նրա վերաբերմունքի մասին իմանում նաև ժեստերից ու հայացքից: Այդ դեպքում դժվար չէ հասկանալը` աղջիկը հաճույքո՞վ է ընդունում հրավերը, թե՞ մերժման պատճառներ փնտրում:

Կարող եք ժամադրության հրավիրել նաև SMS-հաղորդագրության միջոցով: Սակայն ակնթարթային հաղորդագրությունների փոխանակումը հրավերի լավագույն ձևը չէ, որովհետև կարճ արտահայտություններով դժվար է փոխանցել բուն ասելիքը: Ավելի լավ է հաղորդագրության միջոցով «հիմք ստեղծել» հեռախոսազանգի համար, օրինակ` «Մտածում եմ քո մասին», կամ էլ` «Այսօր երեկոյան ազա՞տ ես», «Գնա՞նք կինո, ցուցահանդես (և այլն)»: Պատասխանի արագությունից և ձևակերպումից պարզ կդառնա` աղջիկը տրամադրվա՞ծ է շարունակելու զրույցը, թե՞ ոչ:

Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ
ենթասպա