Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԻՏԱԿՑՎԱԾ ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ

ԳԻՏԱԿՑՎԱԾ ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԼեյտենանտ Վահագն Վալերիի Սարդարյանը ծնվել է 1980 թ. օգոստոսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Առաքյալ գյուղում։ 1997 թ. ավարտել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն իրավագիտական կրթություն է ստացել Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում (1997-2002): Պարտադիր զինծառայությունն անցել է ՊԲ N զորամասում (1997-1999): Ամուսնացել է 2006 թվականին։ Ունի երկու դուստր։

44-օրյա պատերազմին մասնակցել է սեպտեմբերի 29-ից։

Զոհվել է Կարմիր Շուկայի մատույցներում նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը։

Հանգչում է «Եռաբլուրում»։

 

«Վահագնը աշխարհ է եկել առաջնեկի «իրավունքով»՝ որպես գեղեցիկ սիրո ծնունդ։ Նրա առաջին ճիչով աշխարհը գունափոխվել ու իմաստափոխվել է ինձ համար։ Նա իմ ուժի, զորության, դիմադրողականության, կենսունակության աղբյուրն էր, ապրելու արդարացումը»,- ասում է Վահագնի մայրը՝ Ժաննա Բեգլարյանը:

Մայրը նշում է, որ Վահագնի մանկությունն անցել է հարազատների ջերմ, ազնիվ միջավայրում, ինչը նպաստել է նրա մարդկային որակների ձևավորմանը՝ ազնվություն, պատվախնդրություն, աշխատասիրություն, նվիրվածություն, նպատակասլացություն:  Անդավաճան ընկեր էր եւ այդպիսին մնաց մինչեւ վերջին պահը…

«Սեպտեմբերի 26-ի երեկոյան մենք աշխարհի ամենաերջանիկ ընտանիքն էինք Ստեփանակերտի մեր տանը ու չգիտեինք, որ 27-ի առավոտյան սկսվելու է պատերազմը։ Ու տղաներս՝ Վահագնը եւ Վահեն, ինչպես յուրաքանչյուր նվիրյալ հայ, մեկնելու են պաշտպանելու Հայրենիքը, Խծաբերդը, Խծաբերդի մեր տունը, ինձ, 90-ամյա հորս, Գիսանեին, Նռանեին, Վահագնի կնոջը՝ Օֆային, Կարինեին…»,- ասում է տիկին Ժաննան:

Վահագնը մինչև վերջին պահը կանգնած է եղել հրամանատարի կողքին…

Եղբայրը՝ Վահեն, իրենց դիրքերից զանգել է Վահագնին՝ որպիսությունն իմանալու, եւ ասում է՝ հաստատակամ ձայնով Վահագնը հնչեցրել է. «Կանգնա՛ծ ենք, ինչքան դիմանանք՝ դիմանանք»:

«Այս մի հատիկ խոսքը խորհել է տալիս դիրքերում տիրած իրավիճակի և այն մասին, որ մեր լույս զավակները՝ աշխարհ եկած արարելու, իրենցով կյանքը բազմագունացնելու համար, գնացին գիտակցված ինքնազոհության…»,- ասում է մայրը:

Հատված Ժաննա Բեգլարյանի՝ որդուն նվիրված էսսեից

 

Վահագնը աշխատանքի բերումով պարբերաբար լինում էր Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում։ Մարդկանց հետ շփվելու, մտերմանալու, հարազատանալու բարձր մշակույթ ուներ։ Սար ու ձորի, ծառ ու ծաղկի, խոտ ու թփի սիրահար էր։

Իսկ Վահագնի հետ մեքենայով ճանապարհ գնալը հեքիաթային բնության վայելում էր, Ստեփանակերտից Կարմիր Շուկայով, Տողով, Դիզափայտով Խծաբերդ գնալը՝ հեքիաթային ժամանց։ Առանձնակի ճկունությամբ ու վարպետությամբ էր վարում ավտոմեքենան, թեթև, ասես սահքի մեջ լինեիր:

…Հիանում էի, երբ Վահագնը դուստրերի՝ Գիսանեի և Նռանեի համար հանպատրաստից հեքիաթներ էր հորինում, ասում էի՝ գրի առ, կատարյալ են։ Ծիծաղում էր։

Հիմա Վահագնը դաժանորեն ընդհատված, անվերջաբան իմ հեքիաթն է, և ես ոչ միայն Գիսանեին և Նռանեին եմ հավատացնում, որ նա մեզ ժպտում է արևի ճառագայթների, աստղերի ցոլքերի, ձյան փաթիլների, անձրևի ձայնի, գարնանը բացվելիք ծաղիկների երփներանգության ու բույրերի, մրգահոտ ամռան ու աշնան գունագեղությունների միջից, այլև ես էլ եմ սկսում հավատալ դրան…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ