Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՀՎԵՑ ՎԻՐԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՋԸ ՓՐԿԵԼԻՍ



ԶՈՀՎԵՑ ՎԻՐԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՋԸ ՓՐԿԵԼԻՍ-Ամբողջ օրն այս անկյունում ենք,- ցույց տալով տան՝ որդուն նվիրված հուշանկյունը, ասում է մերօրյա հերոս Մայիս Հովսեփյանի մայրը՝ տիկին Լուսինեն:

Մեկիկ-մեկիկ ցույց տալով որդու լուսանկարները՝ տիկին Լուսինեն ակամա վերապրում է նրա հետ կապված դրվագները։ Հետո, ի մի բերելով մտքերը, մեզ է ներկայացնում Մայիսի բազում հաղթանակներն ու նվաճումները։

-Ամեն ինչ ձզտում էր անել կատարյալ, գերգերազանց: «Մարդու մեջ ամեն ինչ պետք է լինի կատարյալ՝ և՛ դեմքը, և՛ հոգին, և՛ մտքերը»,- Չեխովյան խոսքը լավագույնս է արտացոլում այն համոզմունքը, որով կյանքում առաջնորդվում էր որդիս,- ասում է հերոսի մայրը:

Ջրացատկի հանրապետական առաջնություններին հանդես եկած տղան լրջորեն զբաղվել է Այկիդո մարտարվեստով, արժանացել սև գոտի առաջին դան որակավորման, «Աշխարհագրություն» առարկայից լավագույնն է ճանաչվել հանրապետական օլիմպիադայում, կարմիր վկայագրով ավարտել է դպրոցը, մասնակցել և փայլուն հանդես է եկել «Ամենախելացին» հեռուստախաղին։

-«Թումոն», ճապոնական շախմատը նույնպես որդուս հետաքրքրությունների տիրույթում էին,- արցունքները սրբելով, հուզված ձայնով շարունակում է հերոսի մայրը:

ԶՈՀՎԵՑ ՎԻՐԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՋԸ ՓՐԿԵԼԻՍ…18-ը լրանալուն պես Մայիսը խանդավառությամբ համալրում է ազգային բանակի շարքերը՝ զինվորական ծառայության ընթացքում ևս աչքի ընկնելով գիտելիքներով, համեստությամբ ու առաջադրված խնդիրները հստակորեն կատարելու պատրաստակամությամբ։

…44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մարտական գործողություններում ներգրավված նռնականետորդը բազմիցս փայլել է իր դիպուկ կրակով։ Ի դեպ, Մայիսը մասնակցել է նաև ապրիլյան մարտական գործողությունների օրերին թշնամու ենթակայության տակ անցած Լելե թեփե անունով հայտնի բարձունքի ազատագրման գործողությանը։ Հենց այդտեղ էլ արվել է ցնծության և հաղթության այդ պահը հավերժացրած բացառիկ մի լուսանկար։

Հետագա օրերին հակառակորդի կրակի տակ Մայիսը բազում անգամներ նետվել ու մեկ առ մեկ ռազմադաշտից դուրս է բերել վիրավոր ընկերներին։ Կյանքին սպառնացող վտանգը անտեսելու և վիրավոր մարտական ընկերներին թշնամու ուղիղ նշանառության գոտուց դուրս բերելու անվարան մղումը օրերից մի օր, սակայն, հանգեց անդառնալիին։

Մայիսին ու նրա վիրավոր ընկերոջը հաշված մետրեր էին մնացել հասնելու խրամատին, երբ թշնամու դիպուկահարի հերթական գնդակը կտրեց Մայիսի երկրային կյանքի թելը։

-Մայիսը հայ տղամարդու այն տեսակն էր, որը պատրաստ էր նույնիսկ իր անձը զոհել հանուն ընկերոջ, հանուն Հայրենիքի, հանուն մեր բոլոր սրբությունների: Մենք պետք է գլուխներս բարձր քայլենք, հպարտ ապրենք, քանի որ Մայիսի նման տղերք կան կյանքում,- ասում է մարտական ընկերը՝ Նաիրի Նաջարյանը:

ԶՈՀՎԵՑ ՎԻՐԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՋԸ ՓՐԿԵԼԻՍ-Մայիսը թե՛ ծառայության և թե՛ պատերազմի ժամանակ օրինակ է եղել բոլորիս համար: Նրա մոտ ամեն ինչ կանոնակարգված էր, հստակ: Իր տեսակով լիդեր էր: Նա այնպես ծառայեց, որ նույնիսկ ժամանակից շուտ էին ուզում սերժանտի կոչում շնորհել: Նախաձեռնությունն էլ զորամասի սերժանտական խորհրդինն էր: Եվ մեր ընկերը պատերազմի ժամանակ էլ ցույց տվեց իր մարդկային ու մասնագիտական բոլոր կարողությունները,- ասում է Մայիսի մյուս ծառայակից ընկերը՝ Էդուարդ Գոգորյանը:

Եվ այժմ  տիկին Լուսինեի՝ որդուն նվիրված հուշանկյունը տուն այցելող ծանոթ ու անծանոթ մարդկանց ներկայացնում է մշտապես կատարելության ձգտող, լավատես ու անկոտրում Մայիս Հովսեփյանի կարճատև, բայց հերոսական կյանքի պատմությունը։

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #18 (1440) 13.07.2022 - 19.07.2022, Ճակատագրեր


15/07/2022