Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՔ, ՀՈՒՍԱՎԱՌ, ԱՄՈՒՐ



ՀԱՎԱՔ, ՀՈՒՍԱՎԱՌ, ԱՄՈՒՐԶրույց ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ

 

Պարոն Ավթանդիլյան, ի՞նչ առանձահատկություններ ունի ընթացիկ զորակոչը, կա՞ն օրենսդրական փոփոխություններ:

-Զորակոչը ընթանում է բնականոն հունով, խաղաղ, կազմակերպված, չկա որևէ լարվածություն: Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, միակ փոփոխությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարված լրացումն է, համաձայն որի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է նաև այն քաղաքացին, որն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող, եղբայր կամ քույր։ Այս փոփոխությունը ոչ միայն մարդասիրական բնույթ ունի, այլև մեր հարգանքի, հոգատարության դրսևորումն է այն ընտանիքների հանդեպ, որոնք ամենաթանկ գինն են վճարել Հայրենիքի պաշտպանության համար:

Հետպատերազմյան շրջանի առանձահատկությունները, սահմանային խնդիրների առկայությունը ինչպե՞ս են ազդում հասարակական տրամադրությունների ու զորակոչի կազմակերպման ընթացքի վրա:

-Անկեղծ ասած, նման խնդրի չենք բախվել, անձամբ ես չեմ լսել որևէ մտահոգություն սահմանային հարցերի վերաբերյալ, չեմ հանդիպել խուճապային տրամադրության: Ի պատիվ մեր ժողովրդի, պիտի ասեմ, որ Հայրենիքի պաշտպանությունը միշտ էլ սրբազան առաքելություն է եղել նրա համար: Հայ հասարակությունը հավաք է, հուսավառ, ամուր, ապագայի հանդեպ հավատով լի, պատրաստակամ է դիմակայելու յուրաքանչյուր դժվարության ու անառիկ պահելու իր հայրենքի սահմանները, իր պետության ինքնիշխանությունը: ժողովուրդը բանակի համալրմանը վերաբերվում է ամենայն լրջությամբ ու նվիրումով:

Ի՞նչ տեղաշարժ կա խուսափողների քանակի առումով:

ՀԱՎԱՔ, ՀՈՒՍԱՎԱՌ, ԱՄՈՒՐ-Զինված ուժերի համալրումը պարտադիր ժամկետային զինծառայողներով ընթանում է նախատեսված գրաֆիկի համաձայն, խուսափողների քանակի որևէ տեղաշարժ չի արձանագրվել։ Պարզ ասած՝ խուսափողների քանակը չի ավելացել: Ես բացասական փոփոխություն չեմ նկատել նաև զորակոչիկների ոգու, ծառայելու պատրաստակամության ու տրամադրության մեջ: Ընդհակառակը. մեր տղաներն ավելի մեծ խանդավառությամբ են շտապում կանգնել հայրենիքի սահմանին:

Պարոն Ավթանդիլյան, իմ տպավորությամբ՝ մենք շատ ենք խոսել մեր ու հակառակորդի ուժերի տարբերության մասին… 44-օրյա պատերազմը Հայրենիքի հանդեպ մեր անձնուրաց սիրո հավաստիքն էր նաև:

-Մեր տղաները ավելի շատ ընկալել ու մտապահել են այն հերոսապատումները, որոնք գրվեցին հայ քաջորդիների արյամբ: Բանակ է գալիս հրաշալի սերունդ, որը հայրենապաշտ է, անկոտրում, ունի մեծ երազանքներ: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ նրանք անպարտ կանգնեն Հայոց սահմաններին, ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվեն էլ ավելի ոգեղեն ու գիտակից: Նրանք են գրելու վաղվա Հայաստանի պատմությունը:

Զորակոչի կազմակերպման օրինականությունը միշտ էլ եղել է հասարակության ամենազգայուն ընկալումների դաշտում, կցանականայի, որ մեկ անգամ ևս հիշեինք այն մեխանիզմները, որոնք նվազեցնում են հովանավորչության ու տարբերակված մոտեցումների հնարավորությունը:

-ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունը և ենթակա տարածքային ստորաբաժանումները պարտադիր զինվորական ծառայության զորակոչի աշխատանքները կազմակերպում են բաց և թափանցիկ՝ տեսանելի ինչպես հասարակությանը, այնպես էլ շահագրգրիռ ատյաններին ու հասարակական կազմակերպություններին։ Միաժամանակ, զորակոչը մշտապես ընթանում է տարբեր իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, ինչն էլ հնարավորինս նվազեցնում է հովանավորչության և տարբերակված մոտեցումների հնարավորությունը։

Ես կանխարգելիչ մեխանիզմների մասին էի հարցնում:

-Դրանք բազմաթիվ են: Առաջինը կուզենայի նշել ծառայության վայրի որոշումը վիճակահանության միջոցով, որին ծնողնեը կարող են հետևել նաև տարածքային ստորբաժանումներում՝ տեսակապի միջոցով: Գործընթացը տեսագրվում է, և այն հետագայում կրկին դիտելու հնարավորություն կա: Սա մի մեխանիզմ է, որը բացառում է հովանավորչությունն ու կամայական մոտեցումը; Բավականին արդյունավետ է նաև զորակոչիկների բուժզննման կարգը: Համատեղ աշխատում են Առողջապահության նախարարության և բանակի բուժծառայության մասնագետները, անհրաժեշտության դեպքում զորակոչիկը անցնում է մի քանի լրացուցիչ բուժզննում, ինչը նվազագույնի է հասցնում վրիպումների և միտումնավորության հնարավորությունը:

Զորակոչի ընթացքում ինչի՞ց կարող են դժգոհել ծնողներն ու զորակոչիկները: Որքանո՞վ են այդ դժգոհությունները օբյեկտիվ, և որքանո՞վ են հաղթահարելի:

-Զորակոչի ընթացքում դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության հարցերին, երբեմն դրանք լինում են նաև օբյեկտիվ՝ կապված տարբեր բժշկական հաստատություններում զորակոչիկների առողջական վիճակի հետազոտությունները թերի իրականացնելու կամ բժշկական հանձնաժողվների որոշ բացթողումների հետ։ Ներկայացված բոլոր դիմումները մանրամասն ուսումնասիրվում են, և տրվում է համապատասխան ընթացք։

Ի՞նչ է ներառում նախազորակոչային պատրաստությունը, և որքանով են արդյունավետ նախազորակոչային պատրաստության աշխատանքերը:

-Նախազորակոչային պատրաստությունը ներառում է նախազորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառման, նրանց բժշկական փորձաքննության, անհրաժեշտության դեպքում՝ նաև բուժման, նախնական զինվորական պատրաստության, ռազմաուսումնական հաստատությունների համար դիմորդ-թեկնածուների ընտրության և զինված ուժերի համար մասնագետների պատրաստման աշխատանքները։

Եկեք քննարկենք նախազորակոչային պատրաստության բաղադրիչներից ավելի կարևորները: Օրինակ, որևէ առաջընթաց կա՞ դպրոցներում ՆԶՊ դասաժամերը առավել արդյունավետ դարձնելու գործում: Ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում:

-Ներկայումս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է և առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստության դասընթացների կազմակերպումը կանոնակարգող նորմատիվ-իրավական փաստաթղթեր, որոնց ընդունմամբ էլ, կարծում եմ, առավել արդյունավետ կդարձվի նշված գործընթացը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի նախանական զինվորական պատրաստություն առարկան դարձնելու առավել բովանդակալի, դյուրընկալելի, պրակտիկ:

Ըստ օրենքի՝ զորակոչիկները 14 տարեկանից սկսած, բուժզննում են անցնում պոլիկլինիկաներում ու, անհրաժեշտության դեպքում, բուժվում են: Դուք տեղեկություն ունե՞ք՝ պահպանվո՞ւմ է բուժզննումների պարբերականությունը: Օրենքը ծառայո՞ւմ է իր նպատակին:

-Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական և առողջական վիճակի հետազոտությունները, ինչպես նաև բժշկական փորձաքննությունը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 404-Ն և 405-Ն որոշումների պահանջների համաձայն։ Ձեր նշած հարցը ՀՀ առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակում է: Ես միայն կարող եմ ասել, որ առողջ զինվորը մարտունակ բանակի գրավականն է, ու մենք պիտի ամեն ինչ անենք, որ բանակ գան առողջ ու ֆիզիկապես կոփված զինվորներ:

Պարոն Ավթանդիլյան, ի՞նչ է արվում պահեստազորայինների ներուժը մեծացնելու համար:

-2021 թվականից սկսած մինչ օրս զորամասերում պահեստազորայինների ներգրավմամբ անցկացվում են 7-օրյա, 10-նօրյա և եռամսյա վարժական հավաքներ՝ մասնագիտական գիտելիքները, ռազմական ունակությունները կատարելագործելու նպատակով: Մենք խնդիր ունենք զորամասերին կցագրել պատրաստված և որակյալ մասնագետներ՝ անհրաժեշտության դեպքում զորամասերը համալրելու (զորահամալրելու) նպատակով:

Ի՞նչ ուղերձ ունեք զորակոչիկներին:

-Նրանց արժանապատիվ ծառայություն եմ մաղթում: Թող բոլոր զորակոչիկները փառքով տուն վերադառնան:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (1439) 06.07.2022 - 12.07.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


08/07/2022