Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ 30 ՏԱՐԵԿԱՆ Է
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ 30 ՏԱՐԵԿԱՆ Է

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ 30 ՏԱՐԵԿԱՆ ԷՀունիսի 27-ին Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։

Շնորհավորելով ռազմաավիացիոն ուժերի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մեծապես կարևորեց ռազմական ավիացիայի դերը բանակի մարտական պատրաստականության, օդային սահմանների պաշտպանունակության գործում։

Անդրադառնալով ԶՈՒ ռազմական ավիացիայի անցած ուղուն՝ Սուրեն Պապիկյանը բարձր գնահատեց պատերազմի օրերին զորատեսակի զինծառայողների ներդրումը երկրի պաշտպանության գործում։

-Կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ ՀՀ ռազմական ավիացիան կարևոր ներդրում է ունեցել թե՛ Արցախյան առաջին պատերազմի և թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ բարդ մարտական խնդիրների կատարման գործում: Ռազմական ավիացիայի բազմաթիվ ծառայողներ, օդաչուներ աչքի են ընկել իրենց հերոսական սխրանքներով, նվիրական ծառայությամբ և արժանացել պետական բարձր պարգևների: Իհարկե, չենք կարող չհիշել նաև այն հերոսներին, որոնք պատերազմի ընթացքում իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործին: Հավե՜րժ փառք նրանց, փա՛ռք մեր հերոսներին:

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ 30 ՏԱՐԵԿԱՆ ԷՍուրեն Պապիկյանը կարևորեց նաև Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի՝ որպես արհեստավարժ ավիատորների պատրաստման դարբնոցի դերը:

-Զինված ուժերի ավիացիայի զարգացման գործում զգալի դեր է կատարել Ռազմաավիացիոն համալսարանի կազմավորումը,- ասաց նախարարը:- Արդեն երկար տարիներ համալսարանի շրջանավարտները համալրում են ԶՈՒ շարքերը՝ կազմելով մեր զինված ուժերի ավիացիայի հիմնական կորիզը: 2018թ.-ից՝ ավիացիայի զարգացումը զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունը դարձավ: Մենք ձեռնամուխ եղանք ոչ միայն նոր սերնդի ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը, այլ նաև նոր ոլորտների զարգացմանը: Կարծում եմ, հատկապես դուք լավ եք հասկանում, թե 21-րդ դարի ռազմական գործողություններում որքան մեծ է ավիացիայի դերը: Վստահ եմ, որ այսուհետ ևս պատվով եք կատարելու ձեր առաքելությունը և առավել բարձր եք պահելու օդաչուների և ինժեներների բարձր կոչումը:

Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ, որպես պաշտպանության նախարար, միշտ զորավիգ եմ լինելու ձեր առջև դրված խնդիրների կատարմանը: Կրկին շնորհավորում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ԶՈՒ Ավիացիայի 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ արդյունավետ և անփորձանք ծառայություն:

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ 30 ՏԱՐԵԿԱՆ ԷԵլույթով հանդես եկավ նաև ԶՈՒ Ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը: Նա իր խոսքում մասնավորապես նշեց.

-Այս օրը խորհրդանշական է: Երեսուն տարի առաջ իրենց մարտական թռիչքներն իրականացրին ՀՀ ավիացիայի մարտակարգերը: Հայոց նորաստեղծ բանակի կազմում, երկրի համար շատ ծանր պայմաններում մեծ դժվարություններով կազմավորվեց ԶՈւ ավիացիան: Սակավաթիվ ուժերով կազմակերպվեց հայ ավիատորների ուսուցման և պատրաստման գործընթացը: Այս երեսուն տարիների ընթացքում ԶՈւ ավիացիան հնարավորինս համալրվել է տեխնիկայով, ծավալվել և իրականացվել է օդաչուների պատրաստության դժվար գործընթացը:

Գագիկ Ասլանյանը շնորհակալություն հայտնեց երեսուն տարիների ընթացքում ավիացիայի ոլորտում իրենց մեծ ներդրումն ունեցած բոլոր անձանց, զինծառայողներին, ավիատորներին, որոնք անմնացորդ նվիրումով կատարել են իրենց գործը: Նա մասնավորապես առանձնացրեց և իր գնահատանքի խոսքն ուղղեց 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին:

Հանդիսավոր միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ