Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻԱՍԻՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
ՄԻԱՍԻՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

ՄԻԱՍԻՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆՊատերազմի ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումն ապահովելու նպատակով թե մասնավոր, թե պետական կառույցները հասցեական տարաբնույթ կրթական ծրագրեր են իրագործել եւ իրագործում: 

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում» եւս կազմակերպվել են անվճար կարճաժամկետ դասընթացներ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած եւ վիրավորում ստացած զինծառայողների, զոհված տղաների ընտանիքների անդամների համար:

Շուրջ քսան տարվա կենսագրություն ունեցող կենտրոնը  գործում է Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում, նպատակը՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող որակյալ մասնագիտական կրթության եւ ուսուցման շնորհիվ աշխատաշուկային անհրաժեշտ մրցունակ, տեսական ու գործնական գիտելիքներով հարուստ կադրերի պատրաստումն է:

Կենտրոնն ապահովված է նյութատեխնիկական հարուստ բազայով, գործնական պարապմունքների համար անհրաժեշտ բոլոր նյութերով եւ սարքավորումներով:

 

ՄԻԱՍԻՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ-«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը վերջերս համագործակցության հուշագրեր է ստորագրել Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։ Մեր կենտրոնն էլ իր հնարավորությունների սահմաններում մտածեց օգտակար լինել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորներին, զոհված տղաների հարազատներին, օժանդակել նրանց ստանալու հմտություններ ներկա ժամանակաշրջանում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով՝ «Խոհարարական գործ», «Հրուշակեղենի տեխնոլոգիա», «Կարի արտադրության տեխնոլոգիա», «Վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում», «Ատամնատեխնիկական գործ», «Հաշվապահական գործ»…,- նշում է կենտրոնի տնօրեն  Գոհար Գրիգորյանն ու հավելում:- Ուսուցման գործընթացում շեշտադրվում է անհատական մոտեցման սկզբունքը՝ ոչ թե քանակ, այլ՝ որակ. ամեն ոլորտում էլ հարգի են ու պահանջված բանիմաց, արհեստավարժ մասնագետները: Երախտագիտությունս եմ հայտնում մեր ֆրանսիացի գործընկերներին. նրանց գործուն աջակցությամբ եւ օժանդակությամբ է կազմակերպվել եւ կյանքի կոչվել այս ծրագիրը, որը շարունակական է լինելու: Այս պահին կենտրոնում քսան շահառու է ընդգրկված, աջակցում ենք նաեւ աշխատանքի տեղավորման հարցում։

Կենտրոնն աջակցում է պատերազմի մասնակից տղաներին ոչ միայն որպես մասնագետ կայացմանն ու աշխատանքի տեղավորմանը, այլ նաեւ… երազանքների իրականացմանը:

Պատերազմի մասնակից տղաներից երկուսը, որ վարսավիրության դասընթացների են հաճախում այստեղ, սովորական մի զրույցի ժամանակ խոսել էին իրենց հետագա ծրագրերից, պատմել, որ իրենց մարզում ունեն փոքրիկ տարածք, որն իրենց համար կծառայի որպես վարսավիրանոց, բայց նշել էին նաեւ, որ այն բավականին անմխիթար վիճակում է, եւ դեռ որոշակի գումար է հարկավոր բարեկարգելու համար: Տղաները պարզապես բարձրաձայնել էին իրենց մտահոգությունները, ու….աննկարագրելի էր նրանց համակած հուզմունքն ու ուրախությունը, երբ «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ սեփական վարսավիրանոցը կահավորվեց եւ համալրվեց մասնագիտական պարագաներով։

 

***

 

ՄԻԱՍԻՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ44-օրյա պատերազմի մասնակից Դանիել Ասլանյանը խոհարարական արվեստի նրբություններն է սովորում կենտրոնում: Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղից է.

– Մասնագիտություն չէի հասցրել ձեռք բերել. բանակ զորակոչվեցի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Մեկ ամսվա ծառայող էի, երբ սկսվեց պատերազմը, հենց առաջին օրն էլ վիրավորվել եմ, երկրորդ վիրավորումն էլ հոկտեմբերի 15-ին եմ ստացել։ Երկար ժամանակ այդպես վիրավոր անտառում եմ մնացել…

Դանիելը բուժում է ստացել Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում ու կենտրոնի առաջարկով էլ մասնակցում է այս դասընթացներին:

-Երազում եմ սեփական ռեստորանն ունենալ, ու երբ այն իրականանա, ես էլ իմ հնարավորությունների սահմաններում կօգնեմ, կսատարեմ վիրավոր, հաշմանդամ զինվորներին։

Դանիելի զինակից ընկերը՝ Գեղամն էլ երազում է հայտնի շեֆ-խոհարար դառնալ:

-Տղաները շատ շնորհալի են, լավ ձեռք ունեն ու չափազանց համեղ են պատրաստում, ու ամենակարեւորը՝ սիրով,- իր գոհունակությունն է հայտնում խոհանոցային գործի արտադրական ուսուցման վարպետ Արուսյակ Գրիգորյանը:

 

***

 

ՄԻԱՍԻՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆԱրմավիրցի Գրիգոր Սարգսյանն էլ մեկ այլ պահանջված մասնագիտության՝ ատամնատեխնիկի հմտություններն է կատարելագործում կենտրոնում: Մինչ բանակ զորակոչվելը ուսանել է հենակետային բժշկական քոլեջում:

Գրիգորը զինակից ընկերների՝ մարտի դաշտում ցուցաբերած աննկարագրելի խիզախությունից է պատմում, դեպքեր, դրվագներ վերհիշում.

– Հադրութի մոտակայքում էինք, Հադրութն ադրբեջանցիներն արդեն գրավել էին: Առաջադրանք էինք ստացել պահել թշնամու առաջխաղացումը: Առավոտ վաղ վաշտի հրամանատարը տեղեկացրեց՝ տղերք ջան, գալիս են…Կրակի տեղատարափ էր…Զոհեր շատ ունեցանք, բայց կարողացանք թշնամուն արժանի հակահարված տալ ու հետ շպրտել: Հետո նրանք համալրված նորից հարձակվեցին, ուժերն անհավասար էին…Վիրավորներ, զոհեր… Մեր վաշտի հրամանատար Լեւոն Բաղինյանն էլ զոհվեց՝ վիրավոր տղաներին կռվի դաշտից դուրս բերելիս…

Գրիգորն ինքն էլ վիրավորվել է, տարբեր հոսպիտալներում բուժվել:

-Լավ մասնագետ պիտի դառնամ ու բոլոր նպատակներս իրագործեմ միայն ու միայն հայրենիքում,- ասում է Գրիգորը:

Կռիվների թոհուբոհով անցած մեր մյուս հերոսը՝ Ռուսլան Սահրադյանը եւս կենտրոնում կատարելագործում է իր նախընտրած մասնագիտությունը.

-Մինչ բանակ զորակոչվելը Լեւոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում ատամնատեխնիկական գործ եմ սովորել: Ուսումս կիսատ թողնելով՝ մեկնեցի ծառայության: Ինը ամսվա ծառայող էի, երբ պատերազմն սկսվեց, մարտերի կիզակետում էինք՝ Ջրականում…

Հոկտեմբերի 9-ին Ռուսլանը վիրավորվել է, Գորիսի հոսպիտալում վիրահատվել, տեղափոխվել է Երեւան, բուժում ստացել բժշկական տարբեր հաստատություններում:

-Զինվորի տանը տվյալներ էի թողել՝ նշելով, որ ցանկանում եմ իմ մասնագիտությամբ սովորել, իրենք էլ իրազեկեցին «Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի» դասընթացների մասին: Ես էլ եմ մնալու հայրենիքում. ապագաս, բոլոր նպատակներս մարմին են ստանալու Հայաստանում, մտադիր եմ սեփական կլինիկա բացել։

ՄԻԱՍԻՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆՄարտունեցի Գարիկ Կարապետյանն էլ կենտրոնում անվճար անգլերեն, ռուսերեն է սովորում: Երևանի Գրողների միության անդամ է Գարիկը, գրական կեղծանունն էլ՝ Գարիկ Արևշատ, երկու գրքերի համահեղինակ է: Ստեղծագործող երիտասարդը Էրեբունու բժշկական ակադեմիայում է ուսանում:

Պատերազմական օրերի իր ոդիսականն ունի Գարիկը՝ Կարմիր շուկա, Հադրութ, Վարանդա… Հրաշքով դուրս են եկել շրջափակումից, Հադրութի մոտակայքում վիրավորվել է…

-Պատերազմից առաջ ուզում էի երկրից գնալ, հիմա միայն Հայրենիքում եմ ուզում ապրել. եթե մի երկրի համար կյանքդ ես պատրաստ տալ, ուրեմն՝ չափազանց թանկ ու հարազատ է քեզ համար…

 

***

 

Այն իրավիճակները, ինչի միջով պատերազմի ժամանակ անցել են տղաները, աննկարագրելի են… Դժվար է այդ ամենի միջով անցնել ու առաջ նայել, ապագայի տեսլականը գծել: Բայց երբ կողքիդ կանգնում են սրտացավ մարդիկ, ոգեւորում, աջակցում, սատարում, հույս ու լույս տալիս ու հավատում քո ուժերին, քո ներուժին ավելի շատ, քան դու ինքդ, ամեն դժվարություն ու փորձություն առավել հաղթահարելի է դառնում:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ