Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Վ.ԿՈՎԱԼԵՆԿՈ. «ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՁԵԶՆԻՑ Է ՍԿՍՎԵԼ»



1941թ. դեկտեմբերյան ցուրտ օրերի իրադարձությունները մինչեւ այսօր էլ պահպանվել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Սերգեյ Մնացականյանի հիշողության մեջ. «70 տարի առաջ եղանակը խիստ էր՝ մոտ մինուս 40: Առավոտյան՝ դեկտեմբերի 5-ին, խորհրդային զորքերը սկսեցին հարձակողական գործողությունը: Մենք՝ խորհրդային զինվորներս, ձմեռային տաք բաճկոններով էինք, գերմանացի զինվորները՝ տրիկոտաժից համազգեստով եւ ձեռնոցներով, նրանք մի կերպ էին իրենց ձեռքում պահում զենքը, չէին կարող դիմանալ սաստիկ սառնամանիքին: Եղանակային դաժան պայմանները եւս իրենց բարենպաստ ազդեցությունը ունեցան մեր հաղթանակի գործում»:

Սերգեյ Մնացականյանը հիշում է Մոսկվայի ճակատամարտը (1941թ. դեկտեմբերի 5 – 1942թ. ապրիլի 20), որի ընթացքում Գերմանիան կրեց առաջին խոշոր պարտությունը Երկրորդ աշխարհամարտում, և ձախողվեց հիտլերականների «Կայծակնային պատերազմի» («Բլիցկրիգ») ծրագիրը, ինչպես նաև հօդս ցնդեց Գերմանիայի անպարտելիության մասին առասպելը:

Սերգեյ Մնացականյանն ու նրա ընկեր-վետերանները, որոնք մասնակցել են Մոսկվայի համար մղված ճակատամարտին, դեկտեմբերի 15-ին հանդիսավոր պայմաններում պարգևատրվեցին «Մոսկվայի համար ճակատամարտի 70 տարին» հուշամեդալներով: Այդ առթիվ Երևանում Մոսկվայի տանը կազմակերպված տոնական ընդունելությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, որն էլ վետերաններին հանձնեց հուշամեդալները: Հայ վետերաններին իր շնորհավորանքն էր փոխանցել նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Վ.Կովալենկոն պատմեց, որ, լինելով պատանի, կիլոմետրերով ձգվող հերթ է հաղթահարել` Կրեմլի պատի մոտ` Անհայտ զինվորի հուշարձանի բացման արարողությանը մասնակից լինելու եւ հուշարձանին մեխակներ դնելու համար: «Իմ ծնողները, որոնք, ցավոք, արդեն հեռացել են կյանքից, ակտիվորեն մասնակցել են ֆաշիզմի ջախջախմանը Հայրենական պատերազմում: Հիշում եմ՝ մայրս տարեց հասակում էլ միշտ կրկնում էր՝ որդի՛ս, ինչքա՜ն եմ ուզում դեռ ապրել: Ես ուզում եմ, որ այդ կենսասիրությունը դուք էլ կրեք ձեր մեջ», – ասաց դեսպանը:

Նա հայ վետերաններին մաղթեց երկարակեցություն ու առողջություն եւ ընդգծեց, որ Հայրենական պատերազմի միջով անցած ավագ սերունդն իր բոլոր շքանշաններն ու պարգևները ստացել է սեփական արյան գնով. «Դուք հաղթանակի ազդակ փոխանցեցիք այն սերնդին, որը սարսափելի տարիներին պաշտպանեց Արցախի անկախությունը: Նրանց հերոսությունը ձեր հերոսության շարունակությունն է, սա ժամանակների հարաբերությունն է, որն անխզելի է»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ Մոսկվայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը հատուկ տեղ է զբաղեցնում Երկրորդ համաշխարհայինի խոշորագույն իրադարձությունների շարքում. «Հայ ժողովուրդը հպարտանալու առիթ ունի: Մոսկվայի համար մղվող ճակատամարտերին մասնակցել են հայ գեներալներ, հազարավոր զինվորներ և սպաներ, օրինակ՝ գեներալներ Հովհաննես Բաղրամյանը (Խորհրդային Միության մարշալ) և Միքայել Բարսեղովը, գնդապետներ Սարգիս Մարտիրոսյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Նիկոլայ Ավանեսյանը, Իվան Վիկիլովն ու շատ ուրիշներ»: Նախարարը նաեւ հիշեցրեց, որ Մոսկվայի օդային պաշտպանությունը գլխավորել է գեներալ-մայոր, այնուհետև ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց): Ս.Օհանյանը հիշեցրեց, որ Մոսկվայի ճակատամարտում տարած հաղթանակով Հայրենական պատերազմում արմատական բեկման սկիզբը դրվեց:

Տոնական միջոցառումը շարունակվեց բարձր տրամադրության մթնոլորտում: Սպայի տան «Զորական» երգի համույթը պատերազմական տարիների ռուսական հայտնի երգեր կատարեց` «Կատյուշա», «Մութ գիշեր»: Խորհրդային ժամանակաշրջանի պարային համարներ էլ կատարեց ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարային համույթը, իսկ ՊՆ նվագախումբը խրոխտ ու հաղթական քայլերգի ռիթմեր հնչեցրեց: Պաշտոնատար այրերին ու վետերաններին այնուհետեւ հյուրասիրեցին զինվորական ուտեստներ, որը նրանք ճաշակեցին զինվորական սպասքից, ինչպես 70 տարի առաջ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


28/12/2011