Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹԱՄԱՆՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ
ԹԱՄԱՆՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի վետերանների միության տան դահլիճում հանդիսավորությամբ նշվեց 89-րդ եռակի շքանշանակիր Թամանյան հրաձգային դիվիզիայի կազմավորման 70-րդ տարեդարձը։ Ժամը 12.00-ին թմբուկի զարկերի ներքո դահլիճ բերվեց դիվիզիայի դրոշը, որից հետո լեգենդար դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահ գնդապետ Սուրեն Հովհաննիսյանը հանդիսության մասնակիցներին ներկայացրեց հայկական դիվիզիայի անցած մարտական փառահեղ ուղին, ազգային միակ դիվիզիայի, որ առաջինն է հասել Բեռլին ու մասնակցել Ռայխստագի գրավմանը։

ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը տարեդարձի կապակցությամբ Թամանյան դիվիզիայի վետերաններին փոխանցեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձն ու ջերմ մաղթանքները` քաջառողջություն, հոգու կորով ու երկար տարիների կյանք։

-Ձեր անցած մարտական ուղին սքանչելի օրինակ է հետագա սերունդների համար։ Դուք ձեր սուրը փառքով դրեցիք պատյան։ Ցավոք սրտի, այն ժամանակվա զինվորական գլխավոր հրամանատարությունը անարդար գտնվեց մեծ զորավարի` գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի նկատմամբ` չարժանացնելով նրան Սովետական Միության հերոսի կոչման։ Սակայն հայ ժողովուրդը իր սիրելի զավակին ու զորավարին վաղուց է արժանացրել հերոսի կոչման, եւ նա այսօր իր ուրույն տեղն ունի հայ նշանավոր զորավարների շարքում,- իր խոսքում նշեց գնդապետ Ֆելիքս Պողոսյանը։

Փառապանծ թամանցիներին ներկայիս համանուն զորամասի անձնակազմի անունից շնորհավորեցին հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Գագիկ Ղուկասյանը, Նվեր Սաֆարյանի, Հունան Ավետիսյանի անունը կրող դպրոցական կոլեկտիվների զինղեկներ փոխգնդապետ Անատոլի Սեդրակյանն ու մայոր Պավել Ասիլյանը, Թալինի վետերանների միության նախագահ, թամանցի վետերան Վաչագան Հովհաննիսյանը։

Թամանյան դիվիզիայի վետերան Հրաչյա Ավագյանը, դիմելով ներկաներին, ասաց.

-Ես հպարտանում եմ ոչ այնքան մեզնով ու մեր արած գործով, որքան մեր զավակների ու թոռների սխրանքով։ Այսօր ես հպարտ եմ Արցախյան հաղթանակով։

ՀՀ վետերանների խորհրդի նախագահ գնդապետ Սիմոն Եսայանն էլ իր հերթին ասաց.

– Մենք մեծ պարտք ունենք ձեր, ձեր կռած հաղթանակի առաջ։ Ցավոք, վետերանների շարքերը գնալով նոսրանում են, շատերն ունեն առողջական, սոցիալական խնդիրներ, եւ այսօր չեն կարողացել ներկա գտնվել անգամ իրենց մեծարման միջոցառմանը։ Հավատացնում եմ, որ մեր երկրի ղեկավարությունը ամեն ինչ անելու է, որ դուք Ձեր կյանքի մնացած տարիներն ապրեք արժանավայել։

89-րդ Թամանյան դիվիզիայի 70-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով երկու տասնյակից ավելի թամանցիներ պարգեւատրվեցին պատվոգրերով ու մեդալներով։ Հանդիսության վերջում սիրելի վետերաններին ողջունեց ՀՀ ՊՆ Սպայի տան միջազգային զինվորական երգի մրցույթ-փառատոնի դափնեկիր «Զորական» համույթը` գեղարվեստական ղեկավար մայոր Արամ Գալստյանի գլխավորությամբ։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան