Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

 

Մոսկվայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ ԱԳՆ: Ռուսական կողմը բողոք է հայտնել ԵՄ դեսպանին՝ դեպի Կալինինգրադ բեռնափոխադրումների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պատճառով։ Գործողությունը ԱԳՆ-ում որակել են թշնամական` հակազդման համապատասխան հետևանքներով:

 

Բրիտանական բանակի նոր հրամանատար, գեներալ Փաթրիք Սանդերսը նշել է, որ բրիտանական զորքերը պետք է պատրաստ լինեն «կրկին պատերազմել Եվրոպայում», քանի որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է:

Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է ձևավորել բանակ, որը կարող է դաշնակիցների կողքին կռվել և մարտերում հաղթել Ռուսաստանին:

 

Չինաստանը մայիսին, տարեկան կտրվածքով, 55 տոկոսով և ապրիլի համեմատ մեկ քառորդով ավելացրել է նավթի ներմուծումը Ռուսաստանից` մատակարարումների ամսական ծավալը հասցնելով ռեկորդային մակարդակի։ Այսպիսով, Ռուսաստանը դարձել է Չինաստան նավթի առաջատար մատակարարը` առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից:

 

Ռուսաստանի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ  ՌԴ նախագահն ասել է, որ բացի մարտի դաշտում արդեն փորձարկված զինատեսակներից, ռուսական զորքերը սկսել են ստանալ Ս-500 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք անգերազանցելի են աշխարհում։ Իսկ 2022 թ. վերջին մարտական հերթապահության կկանգնի «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների առաջին խմբաքանակը: «Մենք կշարունակենք զարգացնել և հզորացնել մեր զինված ուժերը՝ հաշվի առնելով հավանական ռազմական սպառնալիքներն ու ռիսկերը՝ հիմնվելով ժամանակակից զինված հակամարտությունների դասերի վրա, ավելի լայն կկիրառենք ռոբոտաշինությունը, հետախուզական կառավարման նորագույն գործիքները, անօդաչու թռչող սարքերը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ Առաջնահերթ ուղղություններից է լինելու նաև էլեկտրամագնիսական եւ լազերային միջոցների զարգացումը:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Աշխարհի բազմաբևեռությունը ժամանակակից պայմաններում անխուսափելի է։ Շարժումն անխուսափելի է, ուժի նոր կենտրոններ են առաջանում։ Բայց ոմանց դա դուր չի գալիս, դուր չի գալիս նաև Չինաստանի աճող հզորությունը: Տնտեսական ծավալով Չինաստանը դարձել է աշխարհում թիվ մեկը, և դա փաստ է»։

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատմամբ՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից եվրոպական տնտեսության վնասները կարող են գերազանցել 400 միլիարդ դոլարը։

 

Ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան ասել է, որ Ուկրաինան հնարավոր է համարում օգոստոսի վերջին Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսումը։ Մինչ այդ, Կիևի «բանակցային դիրքերը» պետք է ուժեղանան Ուկրաինայի զինված ուժերի ծրագրված հակահարձակումից հետո։

ԵԱՏՄ առանձին պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի ճնշումը ուժեղանում է, դա անդրադառնում է միության բոլոր անդամների վրա: Նման քայլերին արդյունավետ արձագանքել հնարավոր է միայն միասնաբար. -ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

 

ԻՐԱՆ

 

«Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումն անհրաժեշտ է Իրանին և Հայաստանին ազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովման, երկկողմ համագործակցության զարգացման համար.- ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանում իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:

 

Իրանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել պատժամիջոցների խելահեղ քաղաքականությունը, շարունակել իրական արդյունքների վրա հիմնված բանակցությունները:

 

Ղազախստանի նախագահի` Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում կողմերը համագործակցության վերաբերյալ 9 փաստաթուղթ են ստորագրել`տարանցման զարգացման, գիտական և մշակութային, էներգետիկ, գյուղատնտեսական, առևտրատնտեսական փոխանակման հարցերի վերաբերյալ:

 

Ղազախստանի և Իրանի նախագահներ Տոկաևն ու Ռաիսին առցանց գործարկել են Իրանի տարածքով Թուրքիա մեկնող առաջին բեռնատար գնացքը: Երթուղու երկարությունը 6336 կիլոմետր է, ճանապարը տևում է 12 օր: Այն կնպաստի այլընտրանքային երթուղիների դիվերսիֆիկացմանը եւ Ղազախստանի տարածքով բեռնարկղային փոխադրումների ավելացմանը։

 

Իրանի ԶՈւ գեներալ-մայոր Ջաֆարին լրագրողներին հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածները բազմապատկվել են:

 

Իրանի հետախուզական ծառայությունները Ֆրանսիայի երկու քաղաքացիների լրտեսական գործողությունները համակարգող անձ են ձերբակալել երկրից փախչելու փորձի ժամանակ: Մայիսի 12-ին Իրանը հայտնել էր երկու ֆրանսիացի լրտեսների՝ Սեսիլ Կոլերի և Ժակ Պարիսի ձերբակալության մասին:

 

ԹՈՒՐՔԻԱ

 

Սիրիայի հյուսիսում  մարտեր են սկսվել Անկարայի կողմից աջակցվող՝ «Սիրիայի ազգային բանակի» մաս կազմող ընդդիմադիր զինված խմբավորումների միջև՝ վերահսկողության գոտու վերաբաշխումների պատճառով: Թուրքիայի միջնորդությամբ կողմերի միջև հրադադար է հաստատվել։

 

Թուրքիան մտադիր է շարունակել բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը բաց և կառուցողական է անվանել հունիսի 20-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած հանդիպումը, վստահություն հայտնել, որ  բանակցությունները կշարունակվեն, սակայն ամեն ինչ կախված կլինի Շվեդիայի ու Ֆինլանդիայի քայլերից` Թուրքիայի գնահատմամբ՝ ահաբեկչական քրդական կազմակերպությունների նկատմամբ տվյալ պետությունների վերաբերմունքից:

 

Թուրքիան ավելացրել է ռազմական ուսումնական հաստատություններում սովորող ադրբեջանական բանակի անձնակազմի թվաքանակը։

Թուրքական Akinci բազմանպատակային անօդաչուն գերճշգրիտ զինամթերքի կիրառմամբ թիրախներ է խոցել 30 կմ հեռավորությունից։ Անօդաչուն կարող է ոչնչացնել մինչև 55 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ:

Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարություններն այն մասին, թե երկիրը մոտ ժամանակներս ծրագրում է լայնածավալ ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում քրդերի դեմ, Ռուսաստանի պաշտոնական խողովակները անընդունելի քայլ են համարում:

Մինչ այդ Թուրքիան տանկեր է տեղափոխում Սիրիայի հյուսիսում հավանական ռազմական գործողության գոտի։ Թուրքական ուժերը հրետակոծել են Հալեպի հյուսիսում քրդական զինված կազմավորումների դիրքերը:

Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերն էլ Իրաքի հյուսիսում հարձակվել են Թուրքիայի ԶՈՒ դիրքերից մեկի վրա։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

 

Ադրբեջանական բանակում շաբաթվա ընթացքում անցկացվել են դիպուկահարների և տանկային ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ:

Երկրի ՌՕՈւ օդաչուներն ու ավիացիոն միջոցները Թուրքիայում մասնակցում են «Anatolian Eagle-2022» միջազգային զորավարժություններին։

Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար Անվար Էֆենդիևը հայտնել է, թե Անկարան ու Բաքուն այս տարվա ընթացքում նախատեսել են  ավելի քան 20 համատեղ զորավարժություն՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում։ Զորավարժություններից մի քանիսն արդեն անցկացվել են։

Շուշիում «Թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» խորագրով համաժողով է տեղի ունեցել՝ նվիրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» ստորագրման օրվան։ «Շուշիի հռչակագիրը» 2021 թ. հունիսի 15-ին ստորագրել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները։

Միջոցառման շրջանակում Թուրքիայի նախկին վարչապետ Յըլդըրըմը Ալիևին նվիրել է Ստամբուլը նվաճած սուլթան Մեհմեդի սրի կրկնօրինակը՝ որպես «Ղարաբաղն ազատագրողի»։

Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են օտարերկրյա դիվանագետների հերթական խմբի ուղեւորությունը Շուշի։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կառավարությունն այս տարի ևս 470 մլն մանաթ (276,5 մլն դոլար) կտրամադրի Ղարաբաղի ֆինանսավորման համար։ 2022 թ. պետբյուջեում այդ նպատակների համար ծախսերը նախատեսված են եղել 2,2 մլրդ մանաթի (1,3 մլրդ դոլար) մակարդակում։

Հունիսի 16-ին Բաքվում մեկնարկել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության և Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության աջակցությամբ կազմակերպված «Անատոլիայից Ղարաբաղ» խորագիրը կրող մեդիա ֆորումը։ Ֆորումի շրջանակում երկու քննարկում է տեղի ունեցել՝ «Ադրբեջան-Թուրքիա մեդիայի դերը Ղարաբաղի հաղթանակում» և «Թյուրքական աշխարհի մեդիա համագործակցության փնտրտուքները» խորագրերով։

Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդի նախագահ Յըլդըրըմը Բաքվում, «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով ֆորումի բացման ժամանակ, պահանջել է բացել «Զանգեզուրի միջանցքը», որը «մեծ նշանակություն ունի» Եվրոպայի և Ասիայի միջև կապերի առավել արդյունավետ վերականգնման, առևտրային կապերի զարգացման համար։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմն ավելի է մեծացրել Ադրբեջանի դերը էներգետիկ ոլորտում։

Հունաստան-Բուլղարիա խողովակաշարով ադրբեջանական գազի առաջին խմբաքանակը հասել է Բուլղարիա: Գազատարի ներուժը տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր է՝ մինչև 5 միլիարդի հասցնելու հնարավորությամբ:

 

Ուկրաինական բանակի զինանոցում ադրբեջանական 82 միլիմետրանոց 20N5 ականանետներ են նկատվել։ Նախկինում Ադրբեջանը հրապարակայնորեն չի հայտարարել Ուկրաինային ռազմական տեխնիկա կամ զենք մատակարարելու մասին։ Մինչդեռ 2022 թ. փետրվարի 22-ին ստորագրվել է Մոսկվայի հռչակագիրը՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային համագործակցության մասին։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ