Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ`ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ
ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ`ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ

Փոխգնդապետ Կ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի ստորաբաժանումները ուսումնական գործընթացի հետ միասին մարտական հերթապահություն են կատարում մեր հանրապետության սահմանամերձ շրջաններում եւ մասնակցում մեր երկրի օդային ու ցամաքային սահմանների պահպանությանը։ Առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար վերջին չորս տարիների ընթացքում զորատեսակի կազմում զորամասը ճանաչվել է լավագույնը եւ պարգեւատրվել պատվո դրոշով։ Երեք անգամ անընդմեջ առաջինը լինելու համար առաջին պատվո դրոշն իր մշտական գրանցումն է ստացել զորամասում։ Իսկ բոլորովին վերջերս այս համեստ, բայց մարտունակ անձնակազմի կյանքում տեղի ունեցավ շատ կարեւոր ու պարտավորեցնող իրադարձություն՝ զորամասը պարգեւատրվեց մարտական դրոշով։

Դրոշի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին։ Այդ օրը առավոտյան ուղիղ ժամը տասին անձնակազմը կանգնած էր հանդիսավոր տողանի։ Հրամանատար փոխգնդապետ Կ. Գրիգորյանը գնդապետ Վահան Ավետիսյանին զեկուցեց նշանակալի իրադարձության առթիվ անձնակազմի շարված լինելու մասին։ Զեկույցն ընդունելուց, անձնակազմին ողջունելուց հետո գնդապետ Վ. Ավետիսյանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի վկայագիրը` զորամասին մարտական դրոշով պարգեւատրելու մասին, եւ մարտական դրոշը հանձնեց զորամասի հրամանատարին։ Փոխգնդապետ Կ.Գրիգորյանը ծնկելով համբուրեց մարտական դրոշը եւ հանձնեց դրոշակակիր դասակին։ Այդ պահին անձնակազմը հնչեցրեց ՀՀ օրհներգը, որից հետո զորամասի հրամանատարը մարտական դրոշով տողանցեց զորաշարքերը, որոնք պատասխանեցին հաղթական «Ուռա» բացականչություններով։ Հանդիսավոր արարողությունն ավարտվեց ստորաբաժանումների հանդիսավոր երթով, երգով, իսկ մարտական դրոշը տրվեց պահպանման։

♦♦♦

Արարողությունից հետո ճեպազրույց ունեցանք միջոցառման մասնակիցների հետ.

Գնդապետ Վ.Ավետիսյան. -Զորամասը մեր զորատեսակի առաջատարն է։ Գնալով է՛լ ավելի կարեւոր է դառնալու այս զորատեսակի նշանակությունը սահմանների պահպանության գործում։ Ամենեւին էլ պատահական չէ, որ մենք ակտիվորեն մասնակցում ենք ԶՈՒ-ում անցկացվող բոլոր զորավարժություններին։ Ասեմ նաեւ, որ ապահովված ենք անհրաժեշտ տեխնիկայով, իսկ մասնագետներն էլ կարողանում են հաջողությամբ կիրառել այն։ Դրա լավագույն օրինակը սեպտեմբեր ամսին հակառակորդի անօդաչու հետախուզական ինքնաթիռի չեզոքացումն էր։ Այո՛, զորամասը չորս անգամ ճանաչվել էր լավագույնը, պարգեւատրվել պատվո դրոշով, բայց մի շատ կարեւոր բան պակասում էր, եւ այդ բացն արդեն լրացվեց։ Ես ցանկանում եմ, որ այս մարտական դրոշը լինի խաղաղության դրոշ, եւ այս դրոշով մենք երբեք չգնանք պատերազմ։

Փոխգնդապետ Կ.Գրիգորյան. -Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել զորամասի առաջին հրամանատար, պահեստի գնդապետ Ռուբեն Հարությունյանին եւ նրա տեղակալ մայոր Աշոտ Տեր-Հովհաննիսյանին, որոնք ամեն ինչ արել են զորամասի կայացման համար եւ այսօր էլ այստեղ են, հպարտանում են մեր հաջողություններով։ Հրամանատարը, որքան էլ տաղանադավոր լինի, միայնակ շատ բանի չի կարող հասնել։ Նա ուժեղ է իր անձնակազմով. սպաներով, ենթասպաներով, զինվորներով։ Նրանցից շատերը ծառայում են տարբեր հենակետերում, հրամանատարի աչքից հեռու, բայց ամեն ինչ անում են, որպեսզի առաջադրանքները կատարվեն հաջողությամբ, կարգապահության խախտման դեպքեր չլինեն։

Շարքային Մառլենա Մինասյան. -Այս գեղեցիկ օրը մեր զորամասը պարգեւատրվում է մարտական դրոշով։ Մենք՝ զորամասի բոլոր զինվորականներս, պետք է կրկնապատկենք մեր ուժն ու եռանդը, որպեսզի արդարացնենք մեր նկատմամբ երկրի ղեկավարության դրսեւորած վստահությունը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան