Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ



Ծնվել եմ 1985թ. Մեղրի քաղաքում։ 2002-ին միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել եմ Գեւորգյան ճեմարան։ 2008թ. ավարտելով ճեմարանը՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ եւ կարգադրությամբ նշանակվել եմ փոխգնդապետ Ռ.Բեգլարյանի հրամանատարությամբ գործող զորամասի հոգեւոր սպասավոր։ Իմ ուսումնառության տարիներին եղբայրս նույնպես որոշում կայացրեց ընդունվել Գեւորգյան ճեմարան եւ ավարտելուց հետո հոգեւոր ծառայության է անցել Մայր Աթոռում։ Որքան ինձ հայտնի է, մեր գերդաստանում հոգեւորականներ չեն եղել։ Հայրս նկարիչ է, մայրս՝ տնտեսագետ։ Երկու եղբայր ենք, մեկ քույր։ Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Գրիգորի հետ հաճախ էր հանդիպում հայրս։ Հետաքրքիր, ուսանելի զրույցներ էին ունենում մեր մշակույթից, պատմությունից։ Ես համակ ուշադրությամբ լսում էի նրանց։ Մի անգամ էլ տեր Գրիգորը հայրիկիս խորհուրդ տվեց, որ լավ կլիներ` ես ուսումս շարունակեի Գեւորգյան ճեմարանում։ Այսպես մեր տանը հաճախակի դարձան զրույցները այդ թեմայով։ Հանդիպեցինք այն ժամանակ Սյունյաց թեմի առաջնորդ, սրբազան Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի հետ, որը նույնպես համակարծիք եղավ, եւ այսպես սկսվեց հոգեւորականի իմ ուղին։

Մեղրիի տարածքում կան 30-ից ավելի եկեղեցիներ, սրբավայրեր, ցավոք, շատերը խոնարհված են, գործում է միայն Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Տեր Գրիգոր քահանան մի քանի տարի առաջ տեղափոխվել եւ նշանակվել է մեկ այլ տեղ հոգեւոր ծառայության։ Եվ որպես զորամասի հոգեւոր սպասավոր՝ այժմ ես նաեւ փորձում եմ օգտակար լինել մեր հավատացյալ ժողովրդին, քանզի մեր ժողովուրդը միշտ անբաժան է եղել մեր Առաքելական սուրբ եկեղեցուց, իսկ հոգեւորականը մշտապես կանգնած է եղել իր ժողովրդի կողքին։ Անցած խորհրդային տարիներին, ինչպես հայտնի է, եկեղեցիները փլուզվեցին, դարձան պահեստներ, շատ հոգեւորականներ աքսորվեցին, հալածվեցին։ Մեղրին էլ, լինելով Մայր Աթոռից հեռու ու կտրված, ավելի դառը եւ խորն զգաց ու տարավ հոգեւոր այդ կապի թուլացումը։ Սակայն գնալով հատկապես երիտասարդների շրջանում արդեն զգացվում է հոգեւոր վերելքը, առ Աստված ձգտումը։ Երբ զրուցում ես, զգում ես, որ նրանց մեջ կա այդ հավատը, պարզապես «ննջում» է, ու պետք է փորձես այն արթնացնել։ Ի վերջո՝ չկան Աստվածատյաց մարդիկ։

… Մեր հավատի հաղթանակներն են, որոնք անխոցելի են դարձրել հայի ոգին:

Ես զորամաս ոտք եմ դրել այս գիտակցությամբ։ Բնակավայրում, որտեղ տեղակայված է զորամասը, չկա եկեղեցի, եւ ամեն կիրակի ստորաբաժանումներից Մեղրիի սուրբ Աստվածածին եկեղեցի եմ տանում զինվորներին, որոնք ներկա են լինում կիրակնօրյա պատարագին։ Պատարագից հետո զգում եմ այն ոգեւորությունը, խանդավառությունը, որը թեւածում է նրանց հոգիներում։ Հետո այցելություններ զորամաս, մարտական հենակետեր, զրույցներ մեր հոգևոր տոների մասին։ Իմ եւ զինվորների միջեւ ծնվեց հոգեւոր մի սեր, ես դա զգացի մեր հանդիպումների ժամանակ։ Հայրենիքը վերացական գաղափար չէ: Հայրենասիրությունը ուզում եմ համեմատել Աստվածսիրության հետ։ Ոչ ոք չի կարող ասել, որ ես հավատում եմ, ես սիրում եմ իմ Աստծուն, պահում պատվիրանները, սակայն չեմ ուզում ծառայել ազգային բանակում։ Լինի սպա, թե զինվոր, իր ծառայությունը կատարում է հավատքով եւ այդ ծառայության համար նա ողորմության, օգնության ու օրհնության պիտի արժանանա Տիրոջ կողմից։ Ես այս թեմաներով հաճախ եմ զրուցում զինվորների հետ։ Շատ հաճախ զինվորները դիրքերում հարցնում են. «Դավիթ սարկավագ, Ավետարանում գրված է՝ մի՛ սպանիր, ինչպե՞ս դա կբացատրեք»։ Ես ասում եմ, որ կա խաղաղության ժամանակ եւ պատրազմի ժամանակ, կա քանդելու-ավերելու ժամանակ եւ կառուցելու-պատրաստելու ժամանակ։ Երբ ազգի դեմ պատերազմ է, կռվի պետք է դուրս գանք՝ մեր սրբությունները պաշտպանելու։ Հայրենիքը մենք ենք,- ասում եմ,- այն գոյություն չի ունենա, եթե մարդ, ազգաբնակչություն չլինի։ Հետեւաբար, պետք է գործի դրվեն հայրենիքի, պետության փրկության, պաշտպանության բոլոր միջոցները։ Եվ փառք Աստծո, իմ բացատրությունը բավարարում է զինվորներին։ Արդեն 3-րդ տարին է, ինչ զորամասի հոգեւոր սպասավորն եմ։ Պարբերաբար հանդիպում ենք Վեհափառին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Վեհափառը հետաքրքրվում է հայոց բանակով, մեր կատարած գործերով։ Անհրաժեշտ գիտելիքներ, խորհուրդներ ենք ստանում ու վերադառնալով զորամաս՝ աշխատում ենք ի սպաս դնել այն։ Վերջին հանդիպման ժամանակ Վեհափառը կարեւորեց հայրենիքի, հայրենասիրության և հավատքի եռամիասնության խորհուրդը։

Մարտական ամեն հերթափոխ Տերունական աղոթքով զինվորներին ճանապարհում եմ մարտական հենակետեր եւ ծառայության ընթացքում հրամանատարի հետ անցնում ենք դիրքից դիրք, զրուցում։ Ինչպես իրենք, այնպես էլ մենք հոգեւոր բավարարվածության, ոգեւորության մեծ պահեր ենք ապրում։ Հատկապես հիշարժան են Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոները։ Այդ օրերին առավոտյան ժամերգությունից հետո այցելում եմ զորամաս ու հրամանատարի հետ բարձրանում ենք մարտական հենակետեր։ Այնտեղ ոգեւորություն, խանդավառություն է տիրում, երբ տեսնում են, որ հրամանատարն ու հոգեւոր սպասավորն իրենց հետ են։ Իմ բարեմաղթանքն ու հրամանատարի խորհուրդները նույնն են՝ լինել ուշադիր, արի ու խիզախ, միշտ համակված լինել այն գիտակցությամբ, որ իրենք կոչված են ծառայության, եւ այդ ծառայությունը մեզ բոլորիս համար է, հետեւաբար, այն պիտի կատարվի լիարժեք, համբերությամբ, նվիրվածությամբ ու պարտքի խոր զգացումով։ Եւ դա իրագործողին պիտի շնորհներ ու զորություն տա՝ հասնելու տուն, իր հարազատների գիրկը։

ԴԱՎԻԹ սարկավագ ՍԱՐԳՍՅԱՆ

Գրի առավ Գ.ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Բանակ և հասարակություն


28/12/2011