Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ



Հարց. Ես զորակոչիկ եմ, ս. թ. դեկտեմբերի 29-ին զորակոչվելու եմ, ծնողներիս միակ զավակն եմ: Նրանք 3-րդ խմբի հաշմանդամներ են: Արդյոք ես օգտվո՞ւմ եմ բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:

ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ,
ք.Երևան

Պատասխան. Հարգելի Կարեն, այո, Դուք օգտվում եք Ձեր բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվելու հիմքերը:

Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողների` փաստացի բնակության) վայրից մինչև 100 կմ տեղակայված զորամասը, որտեղ, վերը նշված հոդվածի համաձայն, ծառայության կարող են զորակոչվել`

ա) միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.

գ) ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.

դ) երկկողմ և միակողմ ծնողազուրկ զորակոչիկները.

ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` այլ զորակոչիկները:

ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի
իրավաբան ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Սոցիալ-իրավական


28/12/2011