Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԵԼԼԻՆ
ՆԵԼԼԻՆ

Այս լուսանկարը «տարեգրեց» այն ժամանակը, որում մեզ բախտ վիճակվեց ապրել։ Պատերազմական տարիների պատմության մի ակնթարթը։ Ինչեր ասես, որ չեն լինում մեր կյանքում։ Եթե ես ուզում եմ իմ արիակամ հայրենակիցների մասին պատմել, ապա պարտավոր եմ աչքերով ու հոգով տեսնել այն վայրերը, որտեղ կռվում ու հաղթում է իմ ժողովուրդը։ Իսկ ինձ, գրեթե միշտ, դա հաջողվել է Զորի Բալայանի օգնությամբ։ Հերթական իմ հանդիպումը Նելլի Ոսկանյանի հետ է։

«Ապրելու համար պայքարել ու համառել է պետք։ Ապրելու իրավունքը պետք է ապացուցել տնտեսական հզորությամբ եւ անպայման՝ լուսավորությամբ»,- ասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, գիտության եւ սպորտի նախարար Նելլի Ոսկանյանը։ Նելլիին պատերազմական ժամանակները չեն վախեցնում։ Պատմական սերունդ ենք՝ ապրում ենք, դիմանում, դիմադրում եւ հաղթում։ Սրանից էլ վեհ եւ ազգային ուժերը համախմբող գաղափարախոսությո՞ւն։

-Բոլոր ժամանակներում էլ ամեն մեկը իր գործը պետք է անի։ Այսօր էլ Արցախի մշակույթի բնագավառի աշխատողներից շատերը խրամատներում են, զենքը ձեռքներին։ Կան այնպիսիք, որ հեռացել են ու լավ օրերի են սպասում՝ վերադարձի հույսով։ Բայց կտրված թեւերով հոգին կարո՞ղ է ծաղկել։ Ձեզ եմ հարցնում։

Նելլին պատմեց պատերազմական քաղաքում բացվող ցուցահանդեսների մասին, երգ ու պարի համույթի մասին, փոքրիկ զինվորների համույթի անդամների կրակոտ պարի մասին։ Նելլին էլ այն մայրերից է, որ երկյուղում է իր որդիների ապագայի համար։ Որդիներից ավագը՝ Վիտալին, արդեն կռվում է։

Իսկ աշխարհում 1993 թվականն է, սեպտեմբերը։

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԹՅԱՆ
փոխգնդապետ