Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ. ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ԱՅԴ ՀՐԱՇՔԸ»



Արցախյան հերոսամարտին նվիրված գրականությունը հարստացավ եւս մեկով. «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել արձակագիր Հովիկ Վարդումյանի «Կանթեղ» վեպը, որը ազատամարտիկի թվով 12-րդ գիրքն է։
Տարբեր տարիներին հրատարակվել են «Այսպիսի պատմություն», «Հրեշտակների հովիտը», «Այսպես են մեռնում արծիվները», «Աստվածների կանչը», «Գրոհայինների հրամանատարը», «Լաբիրինթոս», «Շուշիի ազատագրումը», «Վիպակ տղամարդկանց համար», «Անահիտ աստվածուհու վերադարձը», «Զրույցներ Հրանտ Մաթեւոսյանի հետ» ժողովածուները, ինչպես նաեւ մանուկների համար գրված «Ինը թզուկ նվագում են պարկապզուկ», «Ավիկի Այբ-ն ու Բեն-ը» գրքերը։ Նրա գրչին է պատկանում նաեւ ռուս հայտնի բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկու «Շամիրամի այգին» վեպի վերջին գլխի թարգմանությունը։
Հովիկ Վարդումյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերեն եւ ղազախերեն։ 2009թ. Փարիզում տպագրվել է արձակագրի տարբեր տարիներին գրված լավագույն պատմվածքների «Լաբիրինթոս» վերնագրով ժողովածուն։
«Կանթեղ» վեպի առանձին գլուխներ առաջին անգամ տպագրվել են «Հայ զինվոր» թերթում։

-Հովիկ, ուզում եմ անկեղծ լինել. ամեն անգամ մի տեսակ ներքին տագնապով եմ ձեռքս առնում Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված ամեն մի նոր գիրք… Վախենում եմ հերթական հիասթափությունից։ Ոմանք թերեւս չհամաձայնեն ինձ հետ, բայց, այնուամենայնիվ, ես մնում եմ այն կարծիքին, որ հերոսամարտը այդպես էլ արժանի անդրադարձը չի ստանում ո՛չ մեր գրականության մեջ, ո՛չ էլ արվեստում…
-Ես մասամբ կարող եմ քեզ հետ համաձայնել։ Ինչ խոսք, այս տարիներին պատերազմին, ազատամարտիկներին, առանձին հերոսներին նվիրված բավականին շատ եւ հիմնականում անարժեք ու խոտան գրականություն գրվեց ու տպագրվեց, բայց հիշատակության արժանի գործեր էլ ստեղծվեցին։ Վստահաբար կարող եմ ասել, որ գրական լուրջ արժեք ունեն, ասենք, Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» գիրքը, Արա Նազարեթյանի պատմվածքների ժողովածուն։ Պարզապես այդ հսկայական խոտանի մեջ լավ գործերը մի տեսակ կորչում են, կամ, եթե ավելի ճիշտ լինեմ, անտեսվում են։
-Մտածում եմ՝ գուցե պատճառը կամ պատճառներից մեկը հենց թեման է։ Հիշո՞ւմ ես, Հրանտ Մաթեւոսյանն ասում էր, որ կան համազգային եւ նվիրական թեմաներ, որոնք շատ դժվարությամբ են գրականության նյութ դառնում։ Նա նկատի ուներ հայոց Մեծ եղեռնը…
-Ես վարպետին բավականին մոտիկից եմ ճանաչել եւ նրա հետ զրուցելու, շփվելու երջանկությունն եմ ունեցել։ Համոզված եմ, որ նրա այդ խոսքերի մեջ անպայման ճշմարտություն կա։ Հիշենք, թե նա ե՛ւ իր զրույցներում, ե՛ւ գրականության մեջ որքան զգուշությամբ էր այդ թեմային անդրադառնում։ Ինչ խոսք, Արցախյան ազատամարտի թեման հայերիս համար նույնքան նվիրական թեմա է, ուրեմն՝ դժվարին ու բարդ։ Սակայն, վերադառնալով պատերազմի անդրադարձներին մեր այսօրվա գրականության մեջ, պետք է անպայմանորեն առանձնացնենք պարզապես գիրք եւ գրականություն հասկացությունները։ Ամեն տպագրված գրվածք, անկախ հաստ ու բարակ, շքեղ ու համեստ լինելուց, խրոխտ վերնագրից, չպետք է գրականություն անվանել։ Բայց այդ, պայմանականորեն ասենք, «սեւ» գրքերը, այնուամենայնիվ, իրենց, արդեն ոչ պայմանականորեն, սեւ գործն անում են։ Դրանք աղավաղում են մեր հերոսամարտի իրական պատկերը, նրա դեմքը։ Դրանք շատ հաճախ աղավաղում են իրողությունը, փաստերը, հանգամանքները։ Իմ ձեռքն ընկած այդ գրքերից մեկում, որն ամբողջովին դիֆերամբ էր, երկրորդական, անգամ երրորդական նշանակության մարդկանց մասին, հիշատակած հինգ գյուղերի անուններից միայն մեկն էր ճիշտ։ Փաստերը սուտ էին, ոչ հավաստի, թվերը՝ կեղծ, մասնակիցների անունները՝ սխալ, նրանց դերակատարությունը՝ չափազանցված… Նմանօրինակ գրքերում շատ հաճախ անտեղի գովերգվում, հերոսացվում են հաղթանակում աննշան դերակատարություն ունեցող մարդիկ՝ ստվերելով իրական հերոսներին։ Հայրենիքը, մեր հաղթանակը նման «պատմիչների» կարիքը չունեն։ Նմանները ակամայից վնասում են իրենց իսկ գովերգած հայրենիքը, հերոսներին, մեր նվիրական պայքարը։ Մերժելի են սուտ, կեղծ հերոսացումները, անտեղի, անմիտ չափազանցումները, անհարկի գունազարդումները։ Մեր հաղթանակը չափազանցումների, հավելագրումների կարիք իսկապես չունի։ Ամեն ճշմարիտ խոսք ավելի է վեհացնում այն…
-Ոմանք այն կարծիքին են, թե Արցախյան հերոսամարտի մասին ամբողջ ճշմարտությունը դեռ ասված չէ…
-Գրականությունը պետք է ձգտի դրան։ Ճշմարիտ գրականությունը պետք է փորձի վեր հանել ամբողջ ճշմարտությունը։ Ասում եմ՝ ձգտի, փորձի, որովհետեւ ճշմարտությունը շատ հաճախ միայն հոգով, մի ինչ-որ ներքին զգայարանով կարող ես միմիայն բացահայտել։ Գրականության խնդիրը հենց դա պետք է լինի։ Ճշմարտությունը միայն հաղթանակները չեն, հերոսացումները չեն… Պատերազմը դաժան բան է, եւ այնտեղ հաճախ կողք կողքի են ապրում հերոսն ու դավաճանը։ Երկաթյա կամքն ու թուլամորթությունը, քաջությունն ու վեհերոտությունը։ Պատերազմները, ավաղ, անգամ հաղթական, ավաղ, նաեւ ստվերոտ կողմեր են ունենում։ Իմ այս վեպում՝ «Կանթեղում», ձգտել եմ հնարավորինս մոտենալ ճշմարտությանը, որը, խոստովանեմ, բավականին դժվար խնդիր է եղել։ Թե ինչքանով է ինձ դա հաջողվել, չեմ կարող ասել, սակայն մի բանում համոզված եմ, որ ընթերցողն անպայման կտեսնի, կզգա ու կգնահատի իմ անկեղծությունը։
-Ո՞վ է քո հերոսը։
-Ո՞վ։ Նա գերբնական ուժի տեր մարդ չէ։ Իմ հերոսը հայ մարդն է, որը օրհասի պահին զենքը ձեռքն է առել եւ ծանր ու համառ գնում է հայրենիքը, իրե՛ն պաշտպանելու։ Ես այդ պատերազմում եմ եղել առաջին օրվանից եւ իմ աչքով եմ տեսել զենքը ձեռքին այդ հայ մարդուն։ Ես հերոսականությունը այդ հասարակ հայ մարդու մեջ եմ տեսել։
-Քո գիրքը վերջանում է հետեւյալ պատկերով. «Երբ լռություն տիրեց, հեռվում նորից լսվում էր կրակոցների եւ պայթյունների ձայնը։ Բայց բոլորին այդ ամենը թվում էր փոքր ու չնչին։ Ամենքն իրենց ներսում զգում եւ համոզված էին, որ թշնամին, թեպետ գրավելով ու թալանելով, հասել էր Գանձասար, բայց չի կարող ներս մտնել…»։ Այսինքն՝ վեպն ավարտվում է այնտեղ, որտեղից թերեւս շատերը կսկսեին իրենց պատմությունը…
-Այո՛, ճիշտ է։ Իմ հերոսները, կռվելով, խփվելով ու խփելով, ընկնելով ու բարձրանալով, նահանջելով, Գետաշենից հասնում են Ֆիզուլի, Շահումյան, Շահումյանից՝ Մարտակերտի շրջան… Հերոսներիս անցած ճանապարհն իմ անցած ճանապարհն է, որի ամեն ծառ ու թուփը, խոչ ու խութը ինձ ցավալիորեն ծանոթ է ու ճանաչ։ Իմ գիրքը պատմում է այդ ծանր ու դժվարին նահանջի մասին՝ ձգված Գետաշենից մինչեւ Մարտակերտի խորքերը։ Նահանջ, բայց ինչպիսի՞ նահանջ՝ դրամատիկ, հերոսական։ Այդ ծանր նահանջի ընթացքում մարդ էր ծնվում, մարդ էր մեռնում։ Դա փախուստ չէր… Իմ հերոսները, այո՛, նահանջում են, բայց հուսահատ չեն, արյուն են ծորում, բայց արնաքամ չեն։ Նրանք համոզված են եւ համբերությամբ սպասում են այն պահին, երբ վերջապես բեկում կմտնի ռազմաճակատում, բեկում, որը սարերի հետեւում չէ։ Այդ երկարատեւ ու արժանապատիվ նահանջի ընթացքում էլ փորձվում է նրանց կամքը, հավատը, բացահայտվում նրանց իսկապես հերոսական էությունը եւ լուսավոր հավատը իրենց արդար պայքարի ու վաղվա օրվա հանդեպ, արդարության հանդեպ։
-«Կանթեղում» միահյուսված են հորինվածքն ու վավերագրությունը, իրականությունն ու միստիկան։ Առեղծվածային Մանուկի ծննդյան շուրջ հյուսվող պատմությանը զուգահեռ, օրաթերթի հոդված հիշեցնող հատվածներ կան հայտնի կուսակցությունների դերակատարումների մասին…
-Այդպիսին էր պատերազմը՝ հրաշքն ու իրականությունը, առասպելն ու առօրյան միահյուսված էին։ Իմ աչքի առաջ մսից ու արյունից շինված հայը հրաշքներ էր գործում։ Եվ ընդհանրապես առանց հրաշքի հաղթանակ չի լինում… Ինչ վերաբերում է կուսակցություններին… Ես մեր կուսակցությունների գործունեության համապատկերում ստեղծել եմ մեր ժողովրդի միասնության, միակամության ճշմարիտ ասքը։ Մեր կուսակցություններն առանձին-առանձին ուտելիք էին հասցնում խրամատ՝ յուրաքանչյուրն իր զինվորի համար։ Բայց զինվորներն այդ հացը կիսում էին միասին։ Ահա որտեղ պետք է փնտրել մեր հաղթանակի արմատը։ Կուսակցությունները, ցավոք, առանձին-առանձին էին գործում, սակայն զինվորները միասին էին… Այդ էր հաղթանակի ճանապարհը, եւ հայ մարդը դա զգում էր իր հոգով։ Ես տեսել եմ այդ հրաշքը՝ մեր ժողովրդի միասնականությունը։
-Որքան հիշում եմ, դու մտադիր էիր վեպը ներկայացնել օրագրության տեսքով։ Ես տեսել եմ քո պատերազմական քրքրված օրագիրը…
-Այո՛, բայց հետո ճարահատ հրաժարվեցի այդ մտքից։ Բանն այն է, որ մինչ ես մտմտում էի գրքիս շուրջ, լրացուցիչ նյութեր, փաստեր էի հավաքում, լույս տեսավ Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպը, որը ստեղծված էր հենց որպես օրագրություն։ Եվ ես հասկացա, որ ուշացել եմ։ Այդ օրվանից էլ սկսվեց վեպի կառուցվածքի փնտրտուքը, որը ձգվեց համարյա երկու տարի։ Օր ու գիշեր միայն այն մտքին էի, թե ասելիքս, տեսածս ու զգացածս հավաստի ներկայացնելու ինչ ձեւ, կառուցվածք գտնեմ… Եվ մի օր էլ, կուզես հավատա, կուզես՝ ոչ, երազումս հստակ տեսա վեպիս կառուցվածքը, տեսա այն առանցքը, որի շուրջը պետք է ծավալվեին իմ հերոսների գործողությունները։ Հստակ տեսա՝ երկնքից իջավ Ուսուցիչն ու ազդարարեց ի լուր ամենեցուն, որ մի Մանուկ պետք է ծնվի Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որ նա պետք է դառնա մարդկության նոր սկիզբը… Գուցե այդ ամենն իմ երկարատեւ մտասեւեռումների արդյունքն էր, գուցե ոչ… Արթնացա, եւ ամեն ինչ արդեն պատրաստ էր. ձեւը գտել էի, մնում էր գրիչ վերցնել եւ նստել գրասեղանի առաջ… Վեպս այդպես էլ սկսվում է՝ քնած քաղաքի արթնացումով. «Կանգնած լեռան վրա՝ նայում է ներքեւում փռված քաղաքին։ Գիշերն ամեն ինչ խառնել, տարրալուծել էր սեւ անորոշության երախում։ Միայն դատարկ փողոցների դեռեւս վառ, հատուկենտ լապտերներն էին դաշույնների նման մխրճված խավարի մութ մարմնի մեջ, բայց անզոր էին այն ոչնչացնել։
-Հա՛յր, արդյոք հնարավո՞ր է արթնացնել այդ քաղաքը,- հառաչեց Ուսուցիչը,- այս քունն ավելի մահվան է նմանվում։
-Մի՛ տատանվիր, որդի՛ս,- ասաց հայրը,- տեսնո՞ւմ ես այն լույսերը։ Դրանցով է ամեն օր բացվում քաղաքի առավոտը։ Գնա վստահորեն, եւ այդ լույսերը կհրճվեն քո վերադարձով»։

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #01 (866) 12.01.2011 – 19.01.2011, Բանակ և հասարակություն


20/01/2011