Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
54-ԺԱՄՅԱ ՄՂՁԱՎԱՆՋ
54-ԺԱՄՅԱ ՄՂՁԱՎԱՆՋ

«Վառ կարմիր հրե գունդը լուսավորում է գիշերային Փարիզի երկինքը: Պայթյունից հետո 15 տոննա վառելիքով բեռնված գրեթե 50 տոննայանոց ինքնաթիռն օդում ցրիվ է գալիս և Ֆրանսիայի մայրաքաղաքը հեղեղում կրակով և բյուրավոր հրաշեկ բեկերներով: Արդյունքում, ուղևորներից բացի, զոհվում են նաև փողոցների անցորդները, հրդեհներ են բռնկվում, շատերը դառնում են խուճապի զոհ»… Սա էր լինելու հետևանքը, եթե իրականանար 4 ալժիրցի ահաբեկիչների մտահղացումը:

Ողբերգությունն սկսվեց 1994 թ. դեկտեմբերի 24-ին` Ալժիրի օդանավակայանում: «Էյր Ֆրանս»-ի` Փարիզ ուղևորվող «Ա-300» ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, երբ ներս մտան 4 երիտասարդներ Ալժիրի քաղաքացիական օդագնացության համազգեստներով: Նրանք զինված էին «ԱԿ-47»-երով, «Ուզի»-ներով, Մակարովի ատրճանակներով և տեղական արտադրության նռնակներով: Ինչպես պարզվեց հետագայում, նրանք նաև դինամիտ ունեին:

Զարմացած ուղևորներին հայտնելով, թե իրենք անվտանգության ծառայությունից են, ալժիրցիներն սկսեցին հավաքել մարդկանց անձնագրերը, իսկ հետո փակեցին ինքնաթիռի դռները: «Երբ լսեցի` «Ալլահը մեծ է» գոչյունը, գիտակցեցի, որ մեզ պատանդ են վերցրել»,- հետագայում պետք է հիշեր ուղևորներից մեկը: Ալժիրցիներից երեքն օդաչուական խցիկ ներխուժեցին, իսկ չորրորդը զենքն ուղղեց մարդկանց կողմը: Լարված մթնոլորտ էր, որ կարճ տևեց ուղևորներից երկուսի համար: Մի ալժիրցի ոստիկանի գնդակահարեցին և մարմինը նետեցին դուրս: Մյուս զոհը Վիետնամի 48-ամյա ռազմական կցորդն էր: Այսպես չարագործներն ի ցույց դրեցին իրենց վճռականությունը:

Ովքե՞ր էին նրանք, ի՞նչ նպատակ էին հետապնդում: Ականատեսների վկայությամբ` ահաբեկիչները 20-25 տարեկան էին, կարճ մազերով, խստադեմ, սափրված և կոկիկ: Ընդգծված քաղաքավարի էին, բայց և պատրաստ սառնարյուն սպանության: Ինքնաթիռը զավթելուն պես նրանք դինամիտով լեցուն մի ճամպրուկ տեղադրեցին օդաչուական խցիկում, իսկ մյուսը` ուղևորական մասում և միացրին պայթուցիչին: Նրանց վարժ գործողությունները հուշում էին, որ բավականին լավ պատրաստություն են ստացել: Շփվելիս իրար դիմում էին ոչ թե անուններով, այլ համարներով և իրար հասկանում էին կես խոսքից:

Ալժիրյան ոստիկանությունը շրջափակեց օդակայանը, ժամանեց ներքին գործոց նախարարը և սկսեց բանակցել ահաբեկիչների հետ, որ պահանջում էին ազատ արձակել իրենց ընկերներին: Նրանք նաև պահանջում էին հանդիպում կազմակերպել լրագրողների հետ, իսկ իշխանությունները պնդում էին, որ ազատ արձակվեն տարեցները, կանայք ու երեխաները: Մինչ երեկո 63 պատանդ էր ազատվել:

Այդ ժամանակ Ֆրանսիայում Ծննդյան արձակուրդներից շտապով վերադառնում էին պատասխանատու նախարարները: Իր ալպյան հանգստավայրից վերադարձավ նաև Ֆրանսիայի վարչապետ զմյուռնահայ ծագում ունեցող Էդուար Բալլադյուրը և ստանձնեց ճգնաժամային կենտրոնի կառավարումը:

Նախ պետք էր պարզել ահաբեկիչների ինքնությունը, և քիչ անց ֆրանսիական հետախուզությունը (DST) և Ալժիրի ոստիկանությունն արդեն տեղյակ էին, թե ով է խմբի պարագլուխը: Աբդուլ Աբդուլա Յահյան (Էմիր մականունով) քրեական հանցագործ էր, որ արդեն հասցրել էր մասնակցել մի քանի ահաբեկչությունների: Իր հետ բանակցողների պնդմամբ` մի կերպ էր ֆրանսերեն խոսում և մտավոր առումով սահմանափակ էր: Սակայն ակնհայտ էր նաև նրա դաժանությունը. երբ ոստիկանությունը օդակայան բերեց ահաբեկչի մորը, որ թախանձագին խնդրում էր ուղևորներին բաց թողնել, սառնասիրտ Էմիրն ի պատասխան մի կրակահերթ թողեց` բացականչելով. «Դրախտում կհանդիպենք, մայրի՛կ»: DST-ն պարզել էր նաև մյուս երկուսի ինքնությունը, և վերլուծաբանները փորձում էին նրանց բարոյահոգեբանական կերպարը կազմել:

Տագնապով կանչվեցին GIGN (ազգային ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանում) և RAID (ազգային ոստիկանության հատուկ ստորաբաժանում) հակաահաբեկչական միավորումները, որ պատրաստ էին ուղղություն վերցնել դեպի Ալժիր, սակայն ալժիրյան իշխանությունները իրենց համաձայնությունը չէին տալիս: Մինչդեռ ահաբեկիչներն արդեն փոխել էին իրենց նախնական` մոլորեցնող պահանջներն ու կանաչ լույս էին պահանջում` Փարիզ թռչելու համար, որ ֆրանսիական և ալժիրյան կողմերի համար վեճի առիթ պիտի դառնար: Ֆրանսիացիներն ուզում էին ինքնաթիռն իրենց տարածք տեղափոխել, իսկ ալժիրյան իշխանությունները կամենում էին զերծ մնալ ցանկացած օտար միջամտությունից և անգամ գաղտնի էին պահում բանակցությունների ընթացքը:

Իսկ ահաբեկիչները համառում էին և դեկտեմբերի 25-ի երեկոյան նոր զոհեր խոստացան, եթե շարժասանդուղքը չհեռացվեր: Չնայած ֆրանսիական կողմի պնդումներին` ալժիրցի պատասխանատուներն ահաբեկիչների այս պահանջը լուրջ չընդունեցին: Սակայն, երբ ահաբեկիչներն սպանեցին հայրենիք վերադարձող ֆրանսիական դեսպանատան աշխատակիցներից մեկին` խոստանալով, որ հաջորդը դեսպանի քարտուղարուհին է լինելու, ֆրանսիական կողմի խոսելաոճը խստացավ: Ալժիրի նախագահն ստիպված էր «Ա-300»-ի թռիչքը թույլատրել: Դեկտեմբերի 26-ին` ժամը 2:00-ին, օդանավն ուղղություն վերցրեց դեպի Մարսել, ուր արդեն ավարտվել էին բոլոր նախապատրաստական աշխատանքները: Թռիչքների կառավարման աշտարակում տեղավորվել էր ճգնաժամային հանձնաժողովը, ժամանել էին մասնագետ-բանակցորդները: Վարչապետ Էդուար Բալլադյուրի հրահանգը կտրուկ էր, հստակ և հակիրճ` պատանդներին փրկել, ահաբեկիչներին ոչնչացնել:

Նախ պետք էր ինքնաթիռի կայանման հարմար տեղ ընտրել, ուր օդանավը լավ կերևար աշտարակից, բաց կլիներ դիպուկահարների տեսադաշտը և կարևորը` գրոհող հատուկջոկատայիններին աննկատ մոտենալու հնարավորություն կընձեռեր:

3:33-ին օդանավը վայրէջք կատարեց և ուղղորդվեց դեպի կայանատեղի: Ահաբեկիչներն սկսեցին սննդամթերք, ջուր և վառելիք պահանջել: Ֆրանսիացի պաշտոնյան անմիջապես պատասխանեց. «Կանենք ինչ որ հարկն է»: Սակայն իրականում պետք էր ժամանակ ձգել, հոգնեցնել արդեն 2 օր չքնած ահաբեկիչներին և բթացնել նրանց զգոնությունը, որից հետո կսկսվեր մանրամասնորեն մշակված գրոհը: Թռիչքուղու աշխատակիցները ձևացնում էին, թե վախենում են և չեն կարողանում հանգիստ անել իրենց գործը, բայց իրականում բոլորն էլ GIGN-ի մարտիկներ էին և սպասարկման աշխատանքների քողի տակ տեսալսողական սարքեր էին տեղադրում ինքնաթիռի բոլոր հնարավոր մասերում: Դրա շնորհիվ պարզվեց, որ օդանավի դռները հնարավոր է դրսից բացել, և դրանք ականապատված չեն:

Հնարավոր բոլոր միջոցներով բանակցությունները ձգձգվում էին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ահաբեկիչներն արդեն իսկ երեք հոգու սպանել էին, պետք էր լինել արտառոց զգույշ, զգոն և ուշադիր: Էմիրի խումբը պահանջում էր 22 տոննա վառելիք և Փարիզ թռչելու թույլտվություն: Նման թռիչքի համար 10 տոննան լիովին բավարար կլիներ: Սակայն, ինչպես պարզել էին ճգնաժամային հանձնախմբի վերլուծաբանները, ավելորդ վառելիքն անհրաժեշտ էր ուղևորատար օդանավը թռչող ռումբի վերածելու համար, որ պիտի պայթեցվեր մայրաքաղաքի վրա: Սրա օգտին էին խոսում նաև ֆրանսիական հետախուզության հայթայթած տվյալները:

Բանակցությունները ձգձգվեցին որքան հնարավոր էր: Հանկարծ 16:45-ին առանց նախազգուշացման օդանավն ընթացավ դեպի թռիչքուղի: 17:00-ին ահաբեկիչները վերջնագիր ներկայացրին` անհապաղ թռչելու պահանջով: 17:08-ին նրանցից մեկը կրակ բացեց կառավարման աշտարակի ուղղությամբ և ջարդեց լուսամուտները: Այլևս հնարավոր չէր բանակցություններով զսպել և շեղել ահաբեկիչներին: 17:17-ին հնչեց գրոհի հրամանը:

3 շարժասանդուղքների միջոցով GIGN-ի 20-հոգանոց ջոկատը մոտեցավ ինքնաթիռին: Նրանց կրակային աջակցություն պիտի ցույց տային տարբեր շենքերի վրա տեղակայված դիպուկահարները: Ահաբեկիչներից մեկը, նկատելով GIGN-ի մարտիկներին, կրակ բացեց նրանց ուղղությամբ, սակայն ոչ մի վնաս չհասցրեց: Դրանից հետո ալժիրցիները փախան դեպի օդանավի առաջնամաս: Առաջին շարժասանդուղքը 8 ջոկատայիններով մոտեցավ առջևի աջակողմյան դռանը: Վերևի աստիճանին կանգնած մարտիկը նետվեց դռան վրա և իր մարմնի ծանրությունն օգտագործելով` բացեց այն: Ջոկատն արագորեն ներս խուժեց, և օդաչուների խցիկում պատսպարված ահաբեկիչները կատաղի կրակ բացեցին: 5 փամփուշտ դիպավ առաջինը ներս մտնող մարտիկի ինքնաձիգին, բայց նա կարողացավ պատասխան կրակ բացել: Երկրորդը երկու ոտքից վիրավորվեց, սակայն անգամ ընկած վիճակում շարունակում էր կրակել: Վիրավորվեցին նաև մյուս երկու գրոհողները: Այդ պահին ետևի ձախ դռնից ներս մտած մյուս ջոկատի մարտիկները ուղևորներին հրահանգեցին գետնին պառկել և խուզարկեցին խոհանոցը, զուգարաններն ու օժանդակ տարածքները, ուր կարող էին պահված լինել ահաբեկիչները: Երրորդ խումբը մտավ ետևի աջ դռնից և նախապատրաստեց ուղևորների տարհանումը: Փչվող սահաբարձերն անմիջապես ուռեցին, և չորս րոպե անց արդեն բոլոր ուղևորները տարհանված էին: Նրանց բոլորին երեսնիվայր պառկեցրին մի ապահով վայրում և հսկողություն սահմանեցին, որ հանկարծ անմեղ զոհի դիմակ հագած որևէ ահաբեկիչ դուրս չսողոսկի ոստիկանական օղակից:

Ուղևորներն արդեն փրկված էին, պայթուցիչը վնասազերծված: Միայն պատանդ էին մնացել անձնակազմի անդամները, որ ահաբեկիչների հետ արգելափակված էին օդաչուական խցիկում: Ցավոք, օդաչուի լուսամուտից GIGN-ի մարտիկների ներս գցած կաթվածահար անող նռնակներն ազդեցություն չէին ունենում: Ահաբեկիչների կրակը չէր դադարում: Եվ մարտի մեջ մտան GIGN-ի դիպուկահարները: Վերջում պարզվեց, որ նրանցից ամեն մեկը մի քանի տասնյակ կրակոց էր արել: Չնայած նեղ տարածքին և մեծաքանակ կրակոցներին, օդաչուներն անվնաս մնացին:

Արդեն ժամը 17:35-ին հրամանատարը կապով հայտնեց. «Գործողությունն ավարտված է, կորուստները չնչին են»: Դժոխքի հիսունչորս ժամերն ավարտվել էին: Չորս ահաբեկիչները ոչնչացված էին: Վիրավորվել էր 25 մարդ (13 ուղևոր, անձնակազմի 3 անդամ, 9 հատուկջոկատային), սակայն փրկվել էր 170 հոգու կյանք: Եվ զարմանալի չէ, որ 8 րոպե տևած այս գործողությունը օդագնացության պատմության մեջ հակաահաբեկչական ամենահայտնի գործողություններից է, և հաջողությամբ պսակված երկու ամենահայտնիներից մեկը:

Ռուսերենից թարգմանեց
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր