Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲՌՈՒՆՑՔԸ... ՍՐՏԻՆ
ԲՌՈՒՆՑՔԸ… ՍՐՏԻՆ

ԲՌՈՒՆՑՔԸ... ՍՐՏԻՆԱռաջին մի քանի նախադասությունից պարզ է դառնում, որ կրտսեր սերժանտ Վահե Մինասյանը սակավախոս է ու պատմածը չի համեմում էպիտետներով, իսկ ես տրամադրվել էի զգայական զրույցի, որովհետև զինվորը Գորիսից է՝ որպես դիրքի ավագ պաշտպանում է նախնիներիս ծննդավայր Նոյեմբերյանը… Ու էլի լիքը նման սրտառուչ բաներ: Ես գործի եմ դնում փորձված մեթոդը.

-Ո՞ւմ ես կարոտում ամենից շատ,- հարցնում եմ: Նայում է տարակուսած: Ես զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին ասել էի, որ զինվորը պիտի պատմի դիրքի, սահմանային ծառայության մասին, ու հանկարծ՝ կարոտել…

-Ընկերներիս,- պատասխանում է դիրքի ավագն ու նայում մարտահրավեր հայացքով: Ես չնկատելու եմ տալիս տղայի դժգոհությունն ու հանգիստ շարունակում եմ:

-Ինչո՞վ են տարբերվում բանակի ընկերները քաղաքացիականից:

Զինվորն սկսում է մտածել: Իսկ ես հիշում եմ համալսարանական դասախոսիս, ասում էր՝ հիշի՛ր, ով էլ լինի զրուցակիցդ, զրույցի ղեկը չտաս նրան: Ղեկին դու ես, իսկ զրուցակիցդ քո ուղևորն է:

-Քաղաքացիական ընկերներին դու ես ընտրում ու երկար ժամանակ ունես ծանրութեթև անելու, բանակային ընկերները հայտնվում են կողքիդ քո կամքից անկախ, ու դու պարտավոր ես նրանցից յուրաքանչյուրի ընկերը լինել, որովհետև դուք միասին կատարում եք աշխարհի ամենակարևոր ու պատասխանատու գործը՝ պաշտպանում եք հայրենիքի սահմանը: Դիրքերում դու պիտի մինչև վերջ վստահես զինակից ընկերոջդ, նվիրված լինես նրան ու հավատաս նրա նվիրումին: Երբ դիմացդ թշնամին է, յուրայինը հարազատ է դառնում արյունակցի չափ: Դու քնած ես, իսկ գետնատնակի մոտ ընկերդ արթուն հսկում է քո քունը: Խրամատում մյուս ընկերդ կանգնած է զենքը ձեռքին, երրորդը դիտակետում հսկում է թշնամու շարժը…Հետո նրանք կքնեն, դու կհսկես: Համաձայնեք, այս ամենի մեջ այնքան մեծ խորհուրդ կա, որ կարող է մտերմացնել անգամ ամենատարբեր խառնվածքի մարդկանց: Դիրքերում տղաներին իրար կապող ամենատիրական զգացմունքը հոգատարությունն է, պատասխանատվությունը մեկը մյուսի հանդեպ, դրանից ծնվում են միասնականությունը, խիզախությունը…

Լավ էլ զգացմունքային ես՝ մտածում եմ ես ու ժպտում եմ, Վահեն էլ է ժպտում:

-Ինձ կպատմե՞ս դիրքի մասին, ամեն ինչ ուզում եմ իմանալ, ամեն մանրուք,- այնպիսի ներշնչանքով եմ ասում, ասես՝ Վահեի դիրքը աշխարհի ամենահարազատ անկյունն է ինձ համար, ու ես էլ մղոններով հեռու եմ նրանից: Վահեն վեհերոտ ժպտում է:

-Ես նոյեմբերյանցի եմ,- բացատրում եմ:

-Ավելի լավ է՝ հարցեր տաք,- ասում է Վահեն:

-Նոյեմբերյանի բնությունը նմա՞ն է քո ծննդավայր Գորիսի բնությանը,- ես ասում եմ այն, ինչն այդ պահին ծնվում է գլխիս մեջ:

-Ե՛վ Նոյեմբերյանը, և՛ Գորիսը լեռնոտ են, ամենուր սար ու ձոր է, փարթամ անտառներ ունեն, շատ գեղեցիկ են: Ե՛վ նման են, և՛ տարբեր: Բայց ես այդ տարբերությունը չեմ կարող բացատրել: Այս տարբերությունը նման է երկվորյակների տարբերությանը, որը միայն մայրն է տեսնում:

-Ասում են՝ մարդիկ նման են իրենց ծննդավայրի բնությանը:

-Կա նման բան: Վիթխարի լեռների կարծրությունն ու պնդությունը, ձորերի խորությունը, անտառների գեղեցկությունն ու ծաղիկների նրբությունը արտացոլված են գորիսեցիների բնավորության մեջ:

ԲՌՈՒՆՑՔԸ... ՍՐՏԻՆ-Կարծրություն, պնդություն, խորություն, գեղեցկություն, նրբություն,- կրկնում եմ ես:

-Էդ էր, որ կա,- ասում է Վահեն:- Դիրքը բարձրում է,- շարունակում է Վահեն,- և՛ հակառակորդի, և՛ մեր գյուղերը ափիդ մեջ են: Գիշերը լույսերը վառվում են երկու կողմում էլ:

-Մեկի հանդեպ՝ անսահման սեր, մյուսի հանդեպ՝ անսահման ատելություն:

Վահեն դեմքի տարակուսած արտահայտությամբ.

-Անկեղծ ասած՝ ոչ մի ատելություն էլ չկա խաղաղ բնակիչների հանդեպ: Ատելությունը պատերազմի դաշտում է:…Դուք լսե՞լ եք դիրքերի լռությունը:

-Չէ՛, գիշերով դիրքում չեմ եղել: Բայց դա ի՞նչ կապ ունի մեր զրույցի հետ:

-Այնպիսի լռություն, ինչպիսին դիրքերում է, ոչ մի տեղ չես գտնի: Բացարձակ լռություն: Տիեզերական խաղաղություն: Ու այդ խաղաղության մեջ թշնամության մասին չէ, որ մտածում ես: Ուզում ես, որ մոլորակը ներդաշնակ լինի բնությանը:

-Բայց դու մոլորակը պաշտպանելու համար չես կանգնել սահմանին, չէ՞, այլ մոլորակի վրա քո բաժին աշխարհը պաշտպանելու համար:

-Իհարկե, սահմանին դու պատրաստ ես ամենաթանկը տալ քո բաժին աշխարհի համար:

Երկուսս էլ լռում ենք: Ես չգիտեմ՝ ինչ է մտածում սահմանապահ դիրքի ավագը, բայց իմ գլխում 44-օրյա պատերազմի կադրերն են արթնացել, երբ թշնամու անօդաչուները բզկտում էին հայրենի հողն ու ֆոսֆորային կրակ էին թափում երկնքից:

-Դու ի՞նչ էիր մտածում պատերազմի ժամանակ,- հարցնում եմ զինվորին:

-Սպասում էի հաղթանակի:

-Իսկ հիմա՞…

-Սպասում եմ հաղթանակի:

-Սպասելով կլինի՞,- հարցնում եմ ու անմիջապես հասկանում, որ դիրքապահին ավելի անպատեհ հարց դժվար էր տալ:- Դու քո դիրքում հաղթանակ ես կռում,-ինքս ինձ ճշտում եմ արագ:

Վահեն նայում է անհաղորդ, միտքը ուրիշ տեղ է.

-Առավոտյան ժամը 7-ին աչքերս բացում եմ թռչունների բազմաձայն դայլայլից: Լեռներում լուսաբացն ավելի լուսավոր է: Լույսն այստեղ այլ է:

Ես էլ մտածում էի՝ բառերն աքցանով եմ հանելու բերանից: Իր ուզած թեման եղավ, գլխիվայր փոխվեց, դարձավ պերճախոս:

-Դիրքում երևի ավելի ազատ եք. ամեն օր չեք սափրվում…

-Մենք կամավորական ջոկատ չենք, կանոնավոր զորք ենք ու դիրքում պիտի ավելի կազմակերպված ու կարգապահ լինենք: Բոլոր հիգիենիկ պարագաները ունենք, մաքուր ենք, կոկիկ, անուշաբույր:

Անուշաբույր բառից ակամա ժպտում եմ:

-…Հետո նստում ենք նախաճաշի: Նախաճաշից հետո ինժեներական աշխատանքներ են կատարում: Նորոգում են, կառուցում: Դիրքում պիտի ամեն ինչ անթերի լինի:

-Դիրքն ամբողջովին կահավորվա՞ծ է: Խրամատների խորությունը…

-Մի բան էլ ավելի,- ասում է դիրքի ավագը: -Ութ ամիս նույն կազմով այս դիրքն ենք պաշտպանում: Մեր տունն է, մեր ամրոցը:

-Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

-Շախմատ ու շաշկի ենք խաղում: Գրքեր ունենք: Ռադիո ենք լսում, զրուցում ենք:

-Ինչի՞ց են խոսում 18-20 տարեկան դիրքապահ տղաները: Աղջիկների՞ց, մեքենաների՞ց, իրենց ապագայի՞ց…

-Ծառայությունից,- ասում է Վահեն:

-Ծառայության ժամանակ ծառայությունի՞ց եք խոսում:

-…Սկզբում պայքարում ես, որ անցած կյանքիդ, դրսի հետ հոգուդ ու մտքիդ կապերը չկտրվեն, բայց հետո հասկանում ես, որ դիմադրելն անհույս է, ու տրվում ես հոսանքին, որը քեզ տանում է ուրիշ աշխարհ:

-Ուրիշ…ինչպիսի՞:

-Նվիրումի, ուժի, քաջության ու հայրենասիրության աշխարհ:

-Շուտով կհեռանաս այդ աշխարհից, կգնաս տուն:

-Այդ աշխարհից հեռանալ չի լինի, այդ աշխարհը հոգուդ մեջ տուն ես գնալու ու այն միշտ պահելու ես քո ներսում: …Աշխարհում ավելի համով բան չկա, քան զինակից ընկերոջդ եփած տաք ճաշը, երբ համտես եք անում միասին: Աշխարհում ավելի սրտառուչ զգացողություն չկա, երբ համատարած մթության մեջ, գետնատնակում պառկած՝ լսում ես քո, քո ընտանիքի, քո հայրենիքի անխռով քունը հսկող ընկերներիդ սրտի բաբախը: Գիտես, որ քո սիրտն էլ նույն ռիթմով է բաբախում, երբ ինքդ ես կանգնած լինում սահմանին: Ու կմեռնես, բայց թշնամուն մոտ չես թողնի քո ընկերներին, քո ժողովրդին, քո երկրին…

-Ես էլ եմ սպասում հաղթանակի,- ասում եմ զինվորին,- հետո հավելում,- քո հաղթանակին եմ սպասում:

Զինվորը աջ ձեռքը բռունցք արած դնում է սրտին: Ես ակամա կրկնում եմ նույն շարժումը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ