Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՆՎԻՐՈՒՄՈՎ
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՆՎԻՐՈՒՄՈՎ

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՆՎԻՐՈՒՄՈՎԿապավոր Կարեն Սարգսյանը ուսումնական զորամասի օրինակելի զինվորներից է՝ բարեխիղճ, պարտաճանաչ:

Ուսումնական փուլն անցնելուց հետո, որպես ռադիոջոկի հրամանատար, կշարունակի ծառայությունը սահմանային զորամասերից մեկում:

Արմատներով Սյունյաց աշխարհից է, զինվորականի ընտանիքում է մեծացել, ասում է՝ աչք բացած-չբացած՝ համազգեստ եմ տեսել. ե՛ւ հայրս է զինվորական, ե՛ւ քեռիներս։

Զինվորական հայրը ծառայության բնույթից ելնելով՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր այս կամ այն հատված, ընտանիքն էլ մշտապես կողքին էր. հինգ դպրոց է փոխել Կարենը։

Զինվորականի կյանքը լիուլի է բազում դժվարություններով, հազար ու մի փորձություններով:

-44-օրյա պատերազմի ժամանակ հայրս եւ քեռիներս առաջնագծում էին… Դարձյալ մահ, արցունք ու ցավ տեսանք, ավերածություններ, հայրենազրկում… Անպատմելի են այդ օրերին բոլորին համակած ապրումներն ու զգացողությունները, բայց առավել ծանր էր հատկապես այն մարդկանց հոգեվիճակը, որ կռվի դաշտում հարազատ-բարեկամ ունեին՝ տագնապ, անհանգստություն, անորոշություն, ապասում: Զինվորականների ընտանիքում սպասումը միշտ կա…

Պատերազմի օրերին ամբողջ ազգը համախմբվել էր՝ ազգը բանակ էր դարձել. ամեն մեկն իր ուժերի ներածին չափով աջակցում էր, սատարում, թիկունք կանգնում: Կարենն ինքն էլ ձեռքերը ծալած չէր նստել. միացել էր մի խմբի, ու համատեղ կազմակերպչական գործերով էին զբաղվում. Արցախից տեղահանված, բնավեր, տուն-տեղ կորցրած ընտանիքներին էին օգնում, աջակցում, սնունդ ու հագուստ հասցնում։

***

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՆՎԻՐՈՒՄՈՎԿարենն այս ձմռանն է համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը:

-Զորակոչվելիս հայրիկիս խորհուրդը մեկն էր՝ արժանապատիվ կծառայես:

Ըստ Կարենի՝ որքան էլ քիչ թե շատ ծանոթ ես զինվորական կյանքին, միեւնույն է՝ հեշտ չէ քաղաքացիական կյանքից կտրուկ անցումը խիստ կարգուկանոնակարգված ռեժիմի, նոր միջավայր, նոր կենսակերպ ու, բնականաբար, ամեն ինչ չէ, որ հարթ ու սահուն է անցնում: Բանակը կյանքի յուրօրինակ դպրոց է, եւ ծառայությանդ ժամանակահատվածը զգալի ազդեցություն է թողնում հոգեկերտվածքիդ վրա. կոփվում ես ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, տարբեր խառնվածքի մարդկանց հետ ես շփվում, ճանաչում, ինքդ քեզ նորովի ես բացահայտում: Բանակը նաեւ եղբոր նման հարազատ ընկերներ է պարգեւում, որոնց հետ միասին կիսում ես բանակային կյանքի դժվարություններն ու ուրախությունները:

***

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսից է զորակոչվել Կարենը, ապագա տնտեսագետ է, GITC կենտրոնում էլ ծրագրավորում է սովորել, բազմաթիվ բիզնես ծրագրերի մասնակցել։

Ասում է՝ բանակի շնորհիվ էլ երրորդ՝ կապավորի մասնագիտությունն է ձեռք բերել ու կապի կարեւորությունն է շեշտադրում.

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՆՎԻՐՈՒՄՈՎ-Կապով է ղեկավարվում ամբողջ զորքը. չկա կապ՝ չկա կառավարում, չկա փոխգործակցություն: Կապը զորքի նյարդն է, երակն է: Միայն կապով հնարավոր չէ կռվել, բայց առանց կապի էլ հնարավոր չէ հաղթել,- բանաձեւում է կապավոր Կարենը:- Կապի տարբեր միջոցներ կան, ամեն մեկն իր առանձնահատկություններն ունի: Տեխնոլոգիական կտրուկ զարգացումների այս ժամանակաշրջանում կապի համակարգը եւս կատարելագործվում է, արդիականանում, ուստի մշտապես պահանջվում է գիտելիքների թարմացում:

***

…Շուտով որպես կրտսեր հրամանատար Կարեն Սարգսյանը կտեղափոխվի սահմանային զորամաս եւ ուսումնական զորամասում ստացած գիտելիքները, հմտությունները, փորձառությունը կփոխանցի զինակից ընկերներին:

-Պատասխանատվությունս, բնականաբար, կկրկնապատկվի: Կջանամ, կաշխատեմ ամեն օրն ու ժամը արդյունավետ, առավել նպատակային օգտագործել: Մեր երկիրը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, պետք է պատրաստ լինել ամեն փորձության, իսկ հակառակորդի նկատմամբ առավելության հասնելու համար հարկ է գերազանց սովորել եւ հմտացնել ռազմական գիտելիքներն ու հմտությունները:

Որտեղ էլ որ ծառայեմ, կծառայեմ նվիրումով ու արժանապատվորեն: Ուզում եմ արժանի լինել հորս վստահությանը. հայրենյաց զինվոր լինելը ոչ թե պարտք է, այլ պատիվ ու հպարտություն…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ