Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

Մայիսի 22-ից դադարեցվել Է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը Բալթյան երկրներ:

Ֆիննական գազատրանսպորտային Gasgrid Finland ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման մասին։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ Ֆինլանդիան ապրիլին մատակարարված գազի դիմաց հրաժարվել է վճարումներ կատարել ռուբլով:

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմը 2022 թ. կհամալրվի երկու ատոմային սուզանավերով: Բացի այդ, նավատորմը կստանա ականորսիչ և հետախուզական նավեր:

Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ» է անվանել և հայտարարել է, որ Հունգարիան չի աջակցի տնտեսապես անընդունելի միջոցներին:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով. «Հիմա մեր տնտեսական կապերը Չինաստանի հետ է՛լ ավելի արագ կաճեն: Պետբյուջե ուղղակի եկամուտներից բացի, ընդլայնվում են Չինաստանի հետ համատեղ Հեռավոր Արևելքի և Արևելյան Սիբիրի տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ խնդիրներ չունի, սակայն այդ ուղղությամբ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնմանը կհետևի պատասխան արձագանքը՝ հավանական սպառնալիքներին համապատասխան։

ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներն Ուկրաինայում կիրառում են «Զադիրա» լազերային համալիրներ, որոնք կարող են թիրախներ խոցել մինչև 5 կմ հեռավորության վրա:

 

Իրան

 

Թեհրանի կենտրոնում սպանվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Ղուդս» ջոկատի անդամ, գնդապետ Սայյադ Խոդային: Նա ռազմական խորհրդական է եղել Սիրիայում:

Իրանի նախագահը խոստացել է վրեժ լուծել սպայի սպանության համար:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Ռամեզան Շարիֆը հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի Իսրայելի օբյեկտների տեղակայումն իր սահմանների մոտ, նույնկերպ, ինչպես Իսրայելը պաշտոնապես դեմ է իր սահմանների մոտ Իրանի ներկայության ուժեղացմանը:

Իրանն ու Աֆղանստանը համաձայնության չեն գալիս ջրային ռեսուրսների օգտագործման շուրջ, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև առևտրային կապերի ներուժի օգտագործմանը: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն ասել է, որ Աֆղանստանը հավատարիմ չէ երկու երկրների միջև ջրի մասին համաձայնագրի պայմաններին:

Թեհրանի և Բաքվի կառուցողական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ շահերի վրա, տարածաշրջանային անվտանգության ապահովման արդյունավետ գործոն են, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի հետ հանդիպման ժամանակ։ Ռայիսին ողջունել է Ադրբեջանի հետ տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրային համագործակցության զարգացումը՝ նշելով, որ տարբեր ոլորտներում երկկողմ համաձայնագրերի կատարումը պահանջում է գործնական քայլեր Ադրբեջանի կողմից։

 

Ադրբեջան

 

Ադրբեջանում բացվել է պաշտպանության ազգային համալսարան՝ ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելու միջոցառումների շրջանակում ռազմական կրթության ոլորտի կառավարումը բարելավելու նպատակով: Նորաստեղծ համալսարանի կազմում կգործեն նախկին ԶՈւ ռազմական ակադեմիան, Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը և այլ հատուկ նշանակության ուսումնական հաստատություններ։

Հայաստանի հետ սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են «Հեյդար Ալիև-2022» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։

Ադրբեջանի ՌՕՈւ զինծառայողները Թուրքիայի Քոնյա քաղաքում մասնակցել են մայիսի 16-ից մեկնարկած «Anatolian Phoenix-2022» միջազգային որոնողափրկարարական զորավարժություններին, որոնց ներգրավվել են Ադրբեջանի ՌՕՈւ ավիացիոն միջոցները, այդ թվում՝ ԱԹՍ-ներ։

Թուրքական «Akinci» ԱԹՍ-ները օդ են բարձրացել Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չորլու շրջանից և Վրաստանի տարածքով անցնելով՝ վայրէջք կատարել Բաքվում։

Ադրբեջանում 76 հազար մարդ «Պատերազմի վետերանի» կոչում է ստացել Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար։

Ներկայացվել է Շուշի քաղաքի նոր գլխավոր հատակագիծ, քաղաքում նախատեսվում է 20-25 հազար մարդ բնակեցնել։ Շուշիում կկառուցվի 24 քառահարկ շենք։

Ադրբեջան-Եվրամիություն գործարար համաժողովում Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը հայտարարել է, թե Ադրբեջանն աշխատում է Ղարաբաղը կանաչ էներգետիկ գոտու վերածելու ուղղությամբ: Վերջինս նշել է, որ մինչ այժմ Ղարաբաղում շահագործման է հանձնվել 4 փոքր հիդրոէլեկտրակայան, ևս 5-ի վրա աշխատանքներ են տարվում։

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ասել է, որ Շուշիում տեղի կունենա թուրքալեզու երկրների կրոնական առաջնորդների հանդիպում։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կրոնական առաջնորդները։

Շուշիում կանցկացվի նաև ադրբեջանա-թուրքա-վրացական գործարար համաժողով։

Արցախում և, մասնավորապես, Շուշիում հայկական հետքերը ջնջելու գործողություններին զուգահեռ, Ադրբեջանի իշխանությունները Շուշիում «Հետկոնֆլիկտային մարդասիրական օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» անվանումը կրող միջազգային համաժողով են անցկացրել։ Իսկ Իլհամ Ալիևը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը հրավիրել է այցելել Արցախի գրավվյալ տարածքներ:

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, թե Բուլղարիան հուլիսի 1-ից կկարողանա ամբողջ ծավալով գազ ստանալ Ադրբեջանից։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը իր դժգոհությունն է հայտնել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարության կապակցությամբ, որում Բաքվի կենտրոնում հասարակական ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողությունները որակվել են որպես բողոքի արտահայտման ազատության իրավունքի խախտում։

Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը, ելույթ ունենալով Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում, ասել է, որ Ադրբեջանը լրացուցիչ էներգետիկ ռեսուրսներ ունի՝ Եվրոպա գազի մատակարարման ծավալը մեծացնելու համար։

 

Թուրքիա

 

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շուտով նոր ռազմական գործողություն կսկսի իր հարավային սահմանների երկայնքով՝ «ահաբեկչական սպառնալիքների» դեմ պայքարելու համար 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակով։ Գործողությունը կսկսվի զինվորականների, հետախուզության ու անվտանգության ուժերի նախապատրաստական աշխատանքների ավարտից անմիջապես հետո։

Էրդողանը դժգոհել է, որ Թուրքիան չի ստացել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից սպասված աջակցությունը ո՛չ պաշտպանության ոլորտում, ո՛չ ահաբեկչության դեմ 40-ամյա պայքարում: Իսկ իր երկիրը բազմիցս ենթարկվել է բացահայտ ու քողարկված պատժամիջոցների, սպառնալիքների, ճնշումների ու շանտաժի: Նրա խոսքով` Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ից տեսնել հստակ քայլեր, այլ ոչ թե ահաբեկչության դեմ պայքարի դիվանագիտական հայտարարություններ։

Էրդողանը դեմ է առկա պայմաններով ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Նա նշել է՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, որը չի պաշտպանում անվտանգության հիմնարար սկզբունքները, օգուտ չի բերի ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Հյուսիսատլանտյան դաշինքին:

Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, ռուսական գազից, դա ռազմավարական հարց է, ասել է Թուրքիայի նախագահը: Նա խոսել է Ռուսաստանի հետ համատեղ «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի նախագծի, երկրում սպառվող գազի 50 տոկոսը Ռուսաստանից ստանալու, նաև այդ համատեքստում Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների մասին:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ