ԲԱՆԱԿ, ՖՐԱՆՍԻԱ, ԺՈԶԵՖԻՆԱ

Իմ բառապաշարում չկա «անհնար է» արտահայտությունը:
ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ

ԲԱՆԱԿ, ՖՐԱՆՍԻԱ, ԺՈԶԵՖԻՆԱՀասկանալու համար, թե ո՞վ էր Նապոլեոնը, և ի՞նչ էր թաքնված նրա ուժեղ և անհողդողդ կերպարի տակ, հայացք նետենք նրա մանկությանը: Ծնվել է Կորսիկա կղզում, երկրորդն էր 13 երեխաներից: Դեռ մանկուց չափազանց համառ էր, նպատակասլաց, կարգուկանոն սիրող: Ընկերներ գրեթե չուներ, ցանկացած վիրավորանքի պատասխանում էր բռունցքով և թեպետ ցածրահասակ էր, կռիվներից գրեթե միշտ հաղթանակած էր դուրս գալիս: Կարդալը գերադասում էր մանկական խաղերից: Պատանեկության տարիներին կարդում էր Վոլտեր, Պիեր Կորներ, Լաֆատերա, Գյոթե, Ժան Ժակ Ռուսո: Երազում էր մեծ գործերի մասին, կազմում ապագայի ծրագրեր:

Նապոլեոնի ռազմական տաղանդն ու բացառիկությունն ի հայտ եկան դեռևս Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ Առաջին Հանրապետության բանակի սպա էր: Նրա գլխավորությամբ բանակը մի քանի հաղթանակ տարավ:

Հաջողության գործոնը կարմիր թելի նման անցնում է նրա ամբողջ կյանքով` ինչին ձգտում էր` հասավ, դարձավ Ֆրանսիայի կայսր: Բնական է, տևական և մեծ հաջողությունը պետք է նպաստեր նրա մեջ ինքնավստահության` որպես անձնային կարևոր առանձնահատկության ձևավորմանը: Հետագայում, սակայն, այդ ինքնավստահությունը, ամրապնդվելով նորանոր հաղթանակներով և հաջողություններով, արդեն հասուն տարիքում վերածվեց նարցիսիզմի` «ինքնասիրահարվածության»: Նապոլեոնը հավատում էր իր բացառիկությանը. «Նրանք գուցե և դեռ չեն նկատել, բայց ապագայում ինձ ավելին է սպասում, քան այն, ինչին ես այսօր հասել եմ: Հաջողությունը կին է, և որքան շատ բան է նա ինձ համար անում, այնքան ես նրանից ավելին եմ պահանջում: Մեր օրերում ոչ ոք չի մտահղացել որևէ մեծ գործ, և ես կլինեմ առաջինը»:

Հենց ինքնահիացումն էլ նրա կործանման պատճառը եղավ: Պատմավերլուծաբանները նրա պարտության տարբեր պատճառներ են նշել` վատ եղանակ, վատ ռազմավարություն, ենթակաների սխալ և նույնիսկ հասարակ անհաջողություն, բայց երևի ոչ ոք չի կարող ժխտել Նապոլեոնի պարտության մեջ իր իսկ չափից շատ հպարտության դերը: Նապոլեոնը ինքն իրեն համոզում է, որ, չնայած բոլոր ակնհայտ խոչընդոտներին, իր կամքի ուժով կկարողանա ծնկի բերել Ռուսաստանը, և մասնավորապես Ալեքսանդր I կայսրին` միակը մայրցամաքում, ով հրաժարվեց դառնալ իր վասալը և իր քրոջը կնության տալ Նապոլեոնին:

Երբ Նապոլեոնը հարձակվեց Ռուսաստանի վրա, ուներ 35 հաղթանակ և ընդամենը 3 պարտություն: Անհաջողությունները եղել էին նրա կարիերայի սկզբում միայն և բնականաբար մոռացվել: Այդ բոլոր հաղթանակները ներշնչեցին նրան, որ ինքը հեշտությամբ կհաղթահարի ցանկացած դժվարություն: Իր անպարտելիության և սեփական կամքի ուժին անսահմանորեն հավատացող կայսրը անուշադրության է մատնում ռուսական արշավանքի վերաբերյալ ցանկացած այլ կարծիք: Նրա համախոհները և անգամ նրա խորհրդատու դե Կոլենկուրը փորձում են նախազգուշացնել նրան վտանգի և հնարավոր բացասական հետևանքների մասին, բայց կայսրը հրաժարվել է լսել` այդ կարծիքները համարելով թուլության և վախկոտության դրսևորումներ: Նա կորցրել էր իրականությունը օբյեկտիվորեն գնահատելու կարողությունը:

Միայն պարտությունից հետո Նապոլեոնը սկսեց բավականին մեծ ուշադրություն դարձնել իր խորհրդականի կարծիքին, անձամբ ինքը` դե Կոլենկուրն ապշած էր, թե ինչպես կարելի է անցյալի համեմատ այդքան անկեղծ մթնոլորտում զրուցել կայսրի հետ: Ցավոք, արդեն ուշ էր` 570 000 զինվորի դիակ մնացել էր Ռուսաստանի ճանապարհին…

Ինքնասիրահարված մարդիկ առհասարակ հակված են կանոններ և օրենքներ խախտելու. հոգեվերլուծության հիմնադիր Զ.Ֆրոյդը նրանց անվանում էր օրենքի «բացառություններ»: Նման վարքի հիմքում ընկած է օրենքից բարձր լինելու, ուրիշներից տարբերվելու և նրանց իշխելու ձգտումը: Հոգեբանների մի ստվար զանգված այս մարդկանց թվին է դասում նաև Նապոլեոնին` նշելով, որ նա կոտրեց 18-րդ դարի ընդունված կանոնները` զինվորներին հրամայելով ավերել և տիրել` առանց խնայելու և խղճալու: Իսկ երբ վերադառնում էր Փարիզ, կազմակերպում էր պարահանդեսներ և ճոխ ճաշկերույթներ: Սպաներից մեկը, որ ներկա է եղել այդ տոնախմբություններին, ասել է. «Այնպիսի զգացում ունեի, կարծես պարում էի գերեզմանների վրա»:

ԲԱՆԱԿ, ՖՐԱՆՍԻԱ, ԺՈԶԵՖԻՆԱՀավատի հարցում Նապոլեոնի դիրքորոշումը կարելի է անվանել պրագմատիկ: Իր թագադրման արարողությունից առաջ Հռոմի պապի հետ զրուցելիս նա ասել է. «Ես տարանջատում եմ Աստծուն և կրոնը: Առանց Աստծո հնարավոր է, իսկ առանց կրոնի` ոչ»: Փաստորեն, նա չէր հավատում Աստծուն: Սրանով է պայմանավորված նաև, որ Նապոլեոնն ինքն է իրեն թագադրել, թեպետ կարևորել է Հռոմի պապի ներկայությունն այդ արարողությանը: Տեսակետ կա նաև, որ Նապոլեոնը մահմեդականություն է ընդունել:

Նապոլեոնը շատ էր կարդում, մեծապես հետաքրքրվում էր հատկապես Հուլիոս Կեսարի կյանքով և գործունեությամբ: Կեսարը նրա գաղափարական հայրն է եղել: Մի առիթով Նապոլեոնն ասել է. «Կեսարին ընտրեց սենատը, իսկ ես ուզում եմ, որ իմ ընտրությունը հաստատի ամբողջ ֆրանսիական ժողովուրդը»: Նա ձգտում էր գերազանցել բոլորին և կատարել անիրական թվացողը` սա է Նապոլեոնի հիմնական շարժառիթն ու նպատակը:

Հոգեբանության մեջ հայտնի է «Նապոլեոնի սինդրոմը (ախտանիշը)»: Ինչպես գիտենք, նա կարճահասակ էր` 1.51 կամ 1.57 մետր: «Նապոլեոնի սինդրոմը» հատուկ է այն կարճահասակ տղամարդկանց, ովքեր փորձում են իրենց այդ ֆիզիկական թերությունը փոխհատուցել փառքի, հարստության և բարձր դիրքի հասնելով, ինչպես Բոնապարտը:

Ժոզեֆինա դե Բոգարնեն Նապոլեոնի մեծագույն սերն էր և թուլությունը: Այս կնոջ հետ հանդիպումը Նապոլեոնի համար երջանիկ պատահականություն էր: Նապոլեոնը շատ է սիրել իր տիկնոջը, արշավանքների ընթացքում օրը մի քանի անգամ նամակ էր գրում նրան, անհավատալիորեն խանդում և պոռթկում ամեն անգամ, երբ կնոջ նամակները ուշացած էին տեղ հասնում, բայց այնուամենայնիվ սպասում էր և ներում, նույնիսկ դավաճանությունը: Հանուն այդ կնոջ նա պատրաստ էր ամեն ինչի, և դա էր պատճառը, որ Ժոզեֆինան հպարտորեն կասի. «Ահա ինչպես է կերտվում պատմությունը` գեներալ Բոնապարտը շահեց պատերազմը, որպեսզի իր տիկնոջ համար շքեղ տուն գնի»: Թեպետ Բոնապարտների ընտանիքում հակակրանքով էին լցված այդ կնոջ նկատմամբ, նախևառաջ այն պատճառով, որ նա չէր կարողանում կայսրին ժառանգ պարգևել, այնուամենայնիվ Նապոլեոնը նրան դարձրեց կայսրուհի:

Ասում են, որ նույնիսկ երբ նրանք բաժանվեցին, և Նապոլեոնը երկրորդ անգամ ամուսնացավ ավստրիական իշխանուհի Մարիա-Լուիզայի հետ և որդի ունեցավ, չդադարեց սիրել և տենչալ ժոզեֆինային: Ռուս պատմաբանները գտել են Նապոլեոնի` նրան ուղղված նամակներից մեկը. «Ես այլևս չեմ ուզում տեսնել քեզ, դու ամենն ես, ինչ ես ունեմ, և դու ինձ այնքան խորն ես վիրավորում, որին ունակ չէ թերևս ոչ մի գնդակ… Ուրեմն ավելի լավ է դու մնաս Փարիզում և իմ հիվանդ հոգին չցավեցնես քո նամակներով»…

Նապոլեոնը մտերիմ ընկերներ չուներ: «Դու իմ ընկերն ես, Մյուրատ, և դա ավելի արժեքավոր է, քան աշխարհի բոլոր կոչումները»,- ասել է նա իր զինակից գեներալ Մյուրատին` արժևորելով ոչ այնքան ընկերությունը, որքան դարձյալ իր բացառիկությունը:

Նապոլեոնը չափազանց աշխատասեր էր, բացառիկ հիշողություն ուներ և հզոր կամք: Նա կարող էր ավելիին հասնել, եթե մի փոքր ավելի հաշվենկատ լիներ: Իր գաղափարներով և իդեալներով տարված` նա անկարող եղավ տեսնել, որ իր շրջապատի մարդիկ խաղաղության են ձգտում, հոգնել են պատերազմներից: Ահա այստեղ է, որ նրա ծայրահեղ եսակենտրոնությունը խանգարել է նրան. նա ամեն ինչ տեսնում և լսում էր իր բացառիկության լույսի ներքո` մյուսներին համարելով չնչին և անկարևոր: Արդեն կյանքի վերջին տարիներին և հատկապես պարտությունից հետո նա հետզհետե վերածվում էր մշտապես բողոքող և քննադատող ծերունու: Այդուհանդերձ, նա իր կյանքով կարողացավ ապացուցել, որ աշխարհում անհատը կարող է փոխել շատ ավելին, քան ամբողջ ժողովուրդներ` միասին վերցրած:

Բոնապարտը մահացել է Սուրբ Հեղինե կղզում: Լեգենդներից մեկի համաձայն` Բոնապարտի վերջին խոսքերն են` «Բանակ, Ֆրանսիա, Ժոզեֆինա»…

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ