Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՔՆԱԶԱՐԳԱՆԱԼ, ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ ԵՎ ԵՐԲԵՔ ԿԱՆԳ ՉԱՌՆԵԼ
ԻՆՔՆԱԶԱՐԳԱՆԱԼ, ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ ԵՎ ԵՐԲԵՔ ԿԱՆԳ ՉԱՌՆԵԼ

ԻՆՔՆԱԶԱՐԳԱՆԱԼ, ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ ԵՎ ԵՐԲԵՔ ԿԱՆԳ ՉԱՌՆԵԼԵռանդուն, աշխատասեր, պարտաճանաչ ու գործի նվիրյալ. անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման բաժնի ավագ տեսուչ, ենթասպա  Անժելա Մանուկյանին այսպես են բնութագրում ծառայակից ընկերները:

 

Անժելա Մանուկյանը ծնվել է Երևանում: Բարձր առաջադիմությամբ ավարտել է Գրիգոր Նարեկացու անվան միջնակարգ դպրոցը: Դպրոցում սովորելուն զուգահեռ յոթ տարի ուսանել է նաև Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում: Այնուհետեւ Անժելան ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը, որն էլ ավարտելուց հետո ուսումը շարունակել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: Ավարտել է նաև ԳԱԱ մագիստրատուրան՝ հոգեբանություն մասնագիտությամբ, և նրան շնորհվել է հոգեբանության մագիստրոսի աստիճան:

 

-Շարժումն իմ տարերքն է: Նույնիսկ վաղ տարիքից օրվա ոչ մի րոպեն հենց այնպես չեմ անցկացրել: Դպրոցական տարիքից հաճախել եմ ազգագրական, սպորտային պարերի  խմբակներ: Այսօր էլ զբաղվում եմ ֆիթնեսով, յոգայով: Սիրել եմ լողը և այս մարզաձևում սիրողական մակարդակով ունեցել եմ հաջողություններ,- ասում է Անժելան:- Ծառայությունից հետո զբաղվում եմ նաեւ սիրելի գործով. օրգանական յուղերից պատրաստում եմ դեմքի քսուքներ, դիմակներ, օրգանիկ ձեռագործ օճառներ՝ երիցուկի, ռեհանի տարբեր տեսակի թուրմերով, գինով, ածուխից, տարբեր կավերից իսկ մազաթափության դեմ՝ նաև եղինջի թուրմով և գերչակի յուղով օճառներ:

-Անժելա, դու ստացել ես հիմնավոր երաժշտական կրթություն ջութակի գծով: Հետաքրքիր է՝ նվագելու համար ժամանակ ունենո՞ւմ ես, թե ջութակդ պատից կախված է մնացել:

Անժելան ժպտում է:

-Ծառայությունից հետո, երբ գնում եմ տուն, թեկուզ հոգնած, մեջս նվագելու մեծ ցանկություն է առաջանում: Լարերին հպվելն արդեն իսկ ինձ մեծ բավականություն է պատճառում, հոգնածությունը մեջիցս դուրս է մղվում:

-Օրերս իմացա, որ դու լող մարզաձևից պաշտպանության նախարարության անփոփոխ չեմպիոնն ես, վերջերս էլ կանանց միջազգային տոնին նվիրված լողի ՊՆ վարչական համալիրի առաջնությանը կրկին կանգնել ես պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

-Այս տարի էլ կանանց տոնին նվիրված առաջնությանը կրոլ ձևից ես հաղթեցի: Ինը մասնակիցների մեջ 50 մ տարածությունը հաղթահարեցի 40 վայրկյանում:

-Անժելա, ինչպե՞ս հայտնվեցիր զինված ուժերում, ի՞նչը քեզ բերեց բանակ:

-Հայրենիքի պաշտպանի հանդեպ ունեցած պատկառանքն ու անվերապահ հարգանքը:

Ձեռքս եմ վերցնում Անժելայի՝ Սպարապետ Վարդան Մամիկոնյանի, Տրդատ արքայի դիմաքանդակներով չեմպիոնական մեդալները, տասնյակ պատվոգրերը, շնորհակալագրերն ու հավաստագրերը և անկեղծորեն  զարմանում, թե հմայիչ այս աղջկա մեջ որտեղից այսքան շնորհ, կարողություն, ձգտում և աշխատասիրություն:

Ինքնազարգանալ, կատարելագործվել և երբեք կանգ չառնել. կյանքում սրանք են Անժելային ուղեկցող կարգախոսները:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ