Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«...ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ Է, ԶՈՐՔՆ՝ ԱՆՎՏԱՆԳ»
«…ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ Է, ԶՈՐՔՆ՝ ԱՆՎՏԱՆԳ»

«...ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ Է, ԶՈՐՔՆ՝ ԱՆՎՏԱՆԳ»Զրույց զորամասի հրամանատար, գնդապետ ԳԱՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

 

-Պարոն գնդապետ, 44-օրյա պատերազմը դեռ երկար կլինի զինվորականների հետ մեր զրույցների առանցքային թեման: Ինչպիսի՞ մասնակցություն եք ունեցել 44-օրյա պատերազմին:

-Մեր ստորաբաժանումները պայքարել են թշնամու դեմ Քարինտակում, Մատաղիսում, Լաչինում, Սարատակի հատվածում և այլուր: Մենք հետ ենք մղել թշնամու գրոհները, հաջողել ենք բազմաթիվ մարտերում, ցավոք, ունեցել ենք 16 զոհ ու վիրավորներ, մարտի ժամանակ վիրավորվել է նաև մեր զորամասի նախկին հրամանատարը:

-Այս պատերազմը կանխատեսելի՞ էր, ու զորքը պատրա՞ստ էր մարտական մեծամասշտաբ  գործողությունների:

-Ադրբեջանի նման արկածախնդիր հարևան ունեցող ազգի համար լայնածավալ պատերազմի վտանգը միշտ կանխատեսելի է: Անկանխատեսելի էր Թուրքիայի և վարձկանների մասնակցությունը մարտական գործողություններին: Մեր ուժերը համեմատելի են եղել Ադրբեջանի, ոչ թե Թուրքիայի  հետ, ու թեկուզ Ադրբեջանի տնտեսական ու մարդկային ներուժը միշտ էլ շատ ավելի մեծ է եղել, մենք կարողացել ենք արդյունավետ օգտագործել մեր հնարավորությունները ու անառիկ պահել մեր երկրի սահմանները:

Պիտի նշեմ, որ պատերազմի ժամանակ եղել են նաև մեր անհաջողությունները պայմանավորող սուբյեկտիվ պատճառներ։

Կարծում եմ նաև, որ հաղթողի ինքնավստահությունը մեզ ավելի շատ խանգարեց, քան օգնեց: Երբեք չպետք է թերագնահատել թշնամուն: Մեր ինքնաթմբիրի մասին է խոսում նաև այն հանդուրժողականությունը, որով մենք պատասխանում էինք Ադրբեջանի ագրեսիվ, հայերի հանդեպ վրեժ և ատելություն տարածող քարոզչությանը: Ադրբեջանում ամեն երեխա, ամեն մարդ մանկությունից գիտի, որ իր թշնամին հայն է: Ձևավորված է հայի ավարտուն ու կարծր կերպար՝ ադրբեջանական մշակույթը յուրացնողից մինչև Ադրբեջանի պատմական հայրենիքը զավթողի հատկանիշներով:

«...ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ Է, ԶՈՐՔՆ՝ ԱՆՎՏԱՆԳ»-Ադրբեջանը պատմություն  ունի՞, որ պատմական հայրենիք ունենա: 

-Ադրբեջանցիները գիտեն այն, ինչը սովորեցնում են իրենց պատմության դասագրքերը ու պատմաբանները, իսկ մենք հաճախ ավելորդ ենք համարել ճշմարտությունը պարբերաբար ներկայացնել միջազգային հանրությանը։

Ես կողմ եմ մարդասիրությանը, մանավանդ՝  դա ազգային հատկանիշ է մեզ համար: Ես կողմ եմ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելուն, բայց այն դեպքում, եթե  այդ հարևանը հակառակը չի անում: Իսկ ագրեսիվ, հարձակողական, զավթողական հռետորաբանությանը պետք է պատասխանել նույն ձևով: Եթե Ադրբեջանը մեզ համարում է թշնամի, ապա  հայի բարձրացող սերունդը պիտի ծնված օրվանից իմանա, թե ով է իր թշնամին, և որն է իր անելիքը:

-Ի՞նչ դասեր առաք Դուք 44-օրյա պատերազմից:

-Մեր զորքը՝ և՛ ժամկետայինները, և՛ սպաները, և՛ պայմանագրայինները, անձնվիրաբար են կռվել 44-օրյա պատերազմի ժամանակ: Անշուշտ, ռազմահայրենասիրական ու բարոյահոգեբանական դաստիարակությունը իրենց տեղն ունեն, բայց,  ըստ իս, ամենակարևորը հրամանատար-ենթակա, զինվոր-սպա փոխհարաբերություններն են խաղաղության պայմաններում և պատերազմի ժամանակ: Հրամանատարի հոգատարությունը զինվորի հանդեպ, նրա մշտական ներկայությունը զինվորի կողքին  և՛ մարտադաշտում, և՛ զորամասում, փոխհարգանքն ու փոխվստահությունը մարտունակության և հոգեբանական վերելքի էական նախադրյալներ  են: Պատերազմի դասե՞րը…Հրամանատարները պիտի ավելի շատ սիրեն, ավելի հոգատար լինեն ենթակա անձնակազմի հանդեպ, այդ վերաբերմունքը ծնում է խիզախություն, ինքնավստահություն, հայրենասիրություն, արժանապատվություն…

-Զորքի բարոյահոգեբանական վիճակը ինչպիսի՞ն էր պատերազմից հետո:

-Մեր տղաները զոհվել էին իրենց մարտական ընկերների աչքի առաջ, մենք տարածքներ էինք կորցրել, ուստի՝ զորքը փոքր-ինչ ընկճված էր: Բայց մենք կարողացանք արագ վերականգնել զինվորների ու սպաների մարտական ոգին: Կազմավորեցինք խումբ, որը  պարբերաբար շփվում է զինծառայողների հետ, խոսում է, պատմում, բացատրում, քաջալերում: Խմբի կազմում ընդգրկված են զինծառայողներ, մտավորականներ, արվեստագետներ:

«...ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ Է, ԶՈՐՔՆ՝ ԱՆՎՏԱՆԳ»-Հետաքրքիր է, ինչպե՞ս են քաջալերում, ի՞նչ են բացատրում։

-Նախ՝ ներկայացվում են 44-օրյա պատերազմի հերոսական դրվագները: Ադրբեջանական կողմը կարող է պարծենալ միայն «բայրաքթարների» հարվածի ուժով, մենք, մեր բանակը, մեր ժողովուրդը  մի ամբողջական դյուցազնավեպ ենք գրել 44-օրյա պատերազմում: Հետո մենք հավատ ենք ներշնչում, որ անշրջելի ոչինչ չի եղել ու, անկախ դեպքերի զարգացումներից, պետք է համախմբենք ամբողջ ուժերը ու հավատանք ինքներս մեզ: Հիմա մեր գլխավոր անելիքը հզորանալն է: Իսկ մենք ունենք այդ ներուժը: Վկա մեր պատմությունը, վկա Արցախյան առաջին պատերազմը, վկա մեր 44-օրյա ոգորումը թուրքական բանակի դեմ…

…Շատ լավ կլիներ նաև, որ կրթադաստիարակչական ինստիտուտները ունենային առավել  ընդգծված արժեհամակարգ ու հետևողականորեն զբաղվեին բարձրացող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք փորձում ենք բացը լրացնել մեր ուժերով: Հավելեմ նաև, որ մեր պատմությունը, Եղեռնը, կորցրած հողերը ստեղծել են գենետիկ հայրենապաշտության ներքին մղում, որը շատ կենսունակ է: Հայ տղան ի ծնե հայրենիքի պաշտպան է:

-Ի՞նչ վիճակ է Ձեր պաշտպանած սահմաններին:

-Սահմանները պաշտպանված են հուսալիորեն: Սահմանապահ զորքը զգոն է, մարտունակ, ձիգ: Սահմանը կահավորված է, ունենք համապատասխան քանակությամբ տեսասարքեր, մեր կողմից չդիտարկվող տարածքներ չկան:

«...ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ Է, ԶՈՐՔՆ՝ ԱՆՎՏԱՆԳ»-Այդ տարածքում մի շարք գյուղեր հակառակորդի «ափի» մեջ են:

-Մեր խիզախ ու հայրենասեր ժողովուրդը այս պայմաններում ապրում է ավելի քան 30 տարի: Պաշտպանվելու  համար փայտերով քողարկում են  լուսամուտները, քարե պատնեշներ են կառուցում ու… ապրում են։

Մեր բնությունը դրախտային է, դրախտ ենք դարձրել նաև զորամասը, պատել ծաղիկներով ու կանաչով:

…Սերտ համագործակցում ենք տեղի համայնքային իշխանությունների հետ, ջանում ենք, որ բանակը հնարավորինս մոտ լինի ժողովրդին, մասնակցում ենք գրեթե բոլոր համայնքային միջոցառումներին: Մենք մի ամբողջություն ենք՝ սահմանապահ գյուղն ու սահմանապահ զորամասը:

-Վերջում ի՞նչ կասեք Ձեր զինվորների ծնողներին, ընթերցողներին:

-Սահմանն անառիկ  է, զորքն՝ անվտանգ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ