Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ԿԱՆԽԵԼՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ



Ավելի քան երկուսուկես տարի դասակի հրամանատար, լեյտենանտ Անուշ Հովհաննիսյանի կյանքի անբաժան ուղեկիցներն են զինվորական հանդերձանքը, առաջնագիծն ու շուրջօրյա մարտական հերթապահությունը:

-Գուցե շատերի համար զարմանալի թվա, եթե ասեմ, որ դպրոցական տարիքից եմ սիրել զինվորական ծառայությունը: Երբ ավարտեցի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը, որոշեցի կյանքի կոչել մանկությանս երազանքը՝ դիմեցի պաշտպանության նախարարություն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում  անցա սպայական որակավորման դասընթացներ,- մեզ հետ զրույցում ասաց Անուշ Հովհաննիսյանը:

Առաջնագծի մարտիկների շարքում, զենքը ձեռքին, պատվով ու նվիրումով է լեյտենանտ Հովհաննիսյանը կատարում իր պարտականությունները:

-Իմ հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը պատվախնդրորեն է իրականացնում մարտական հերթապահությունը: Հայրենիքի սահմանները պաշտպանելը յուրաքանչյուրիս՝ կին, թե տղամարդ, սրբազան պարտքն է,- ասում է Անուշը, ապա շարունակում:- Մի նժարին ընտանիքս է՝ ամուսինս, որը նույնպես զինվորական է, երեխաներս, մյուսին՝ Հայրենիքի պաշտպանության գործը։ Երկուսը համատեղելով ու դժվարությունները հաղթահարելով՝ առաջ ենք գնում…

Հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գործի շուրջ են առաջնագծում համախմբված բոլորը։ Ընդ որում, բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ են, որոնց կենսակերպի կարևոր ու անբաժան մասն է դարձել Հայրենիքի պաշտպանի դժվարին առաքելությունը։

Մեր դիրքապահների նվիրումն ու պատրաստակամությունն ուղեկցվում է ուժեղացված ու զգոն ծառայությամբ։ Խստորեն պահպանելով անվտանգության կանոնները և անընդհատ կատարելագործելով խրամատային ենթակառուցվածքները՝ նրանք աչալուրջ հետևում են հակառակորդի ամեն մի շարժին։

-Անձնակազմը պատրաստ է ցանկացած պահի կանխելու թշնամու յուրաքանչյուր ոտնձգություն: Մեր տրամադրության տակ ունենք ժամանակակից տեսադիտարկման սարքեր, որոնցով հետևում ենք հակառակորդի յուրաքանչյուր շարժին, նույնիսկ թիկունքային, ավելի խորքային հատվածում: Ինժեներական-ամրաշինական աշխատանքներ ենք կատարում ամեն օր,- վստահեցնում է վաշտի հրամանատար Գարուն Բաղունցը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝

ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #08 (1430) 04.05.2022 - 10.05.2022, Ազգային բանակ


05/05/2022