Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ



ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸԿապիտան Արամ Թունյանը ծնվել է Ջերմուկում, բժիշկների ընտանիքում:

-Արմատներով Արցախ աշխարհի Մաճկալաշեն գյուղից եմ, մանկությունս այնտեղ  է անցել:

Արամը մանկությունից գունեղ պատառիկներ է հիշում,  հպարտանում հնամենի հայրենի եզերքով.

-Պատմագրության մեջ մեր գյուղը հիշատակվում է սկսած 4-րդ դարից, երբ Գրիգոր Լուսավորիչը  այստեղ սկսել է Ամարասի վանական համալիրի կառուցումը…

Հետո անասելի ջերմությամբ իր ընտանիքից  է պատմում.

-Հայերս մի լավ օրհնանք ունենք՝ յոթ որդով սեղան նստես, մենք հենց յոթ զավակով էլ սեղան ենք նստել…

Իրեն  մանկուց հրապուրում էր զինվորական համազգեստը։ Դեռ ուսանող էր, կամավոր հիմունքներով Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված ջոկատների կազմում մեկնում էր սահմանամերձ շրջաններ, առաջնագծում խրամատներ փորելու աշխատանքներ ղեկավարում։ Բուհն ավարտելուց հետո  զորակոչվեց ժամկետային ծառայության ու հենց բանակում էլ վերջնական որոշեց մարմին տալ վաղեմի երազանքին, թեեւ պարզորոշ պատկերացնում էր  զինվորական մասնագիտության ամբողջ դժվարություններն ու բարդությունները…

-Մի շրջան որպես ուսուցիչ եմ աշխատել Ջերմուկում, բայց երբ հայրս գնաց Շուշի՝ որպես բժիշկ աշխատելու, ինքս էլ տեղափոխվեցի Արցախ. Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում  դասակի հրամանատար էի, հետո ծառայության անցա զորամասերից մեկում։

Պատերազմների բովով է անցել կապիտանը՝ ե՛ւ ապրիլյանի, ե՛ւ 44-օրյայի մասնակից է, արժանացել է «Արիության» մեդալի։ Մարտնչել է տարբեր հատվածներում՝ «Եղնիկներ», Հադրութ, Շուշի…

-44-օրյա պատերազմը տարբերվում էր ապրիլյանից թե՛ մասշտաբներով, թե՛ մարտերի ինտենսիվությամբ,  թե՛ կիրառված զինտեխնիկայով,- նշում է Արամը:- Թշնամին թվաքանակով, սպառազինությամբ զգալիորեն գերազանցում  էր՝  գումարած վարձկան ահաբեկիչներն ու Թուրքիայի վճռորոշ աջակցությունը:  Անհամեմատելիորեն անհավասար կռիվ էր, սակայն անկախ ուժերի այս հարաբերակցությունից, մեր զինվորների ոգեղենությունը, կռվելու վճռականությունը անչափելի էր, ընկճված, հուսահատ զինվոր չէիք նկատի. 18-20 տարեկան տղաները պատերազմ չէին տեսել, շատերը նրանցից  դեռ չէին էլ հասցրել մի կարգին վառոդաբույր շնչել,  բայց կռվում էին մարտերում եփված-թրծված զինվորի խիզախությամբ ու պատրաստվածությամբ: Կռվում էին կատակներ անելով, երգելով, հումորը շուրթերին… Իրենց կողքին զոհվում էին հասակակից տղաները՝ կյանքը սիրող, կյանքի կարոտ… Զոհված մարտական  ընկերների ցավը վերածվում էր վրեժի, ցասման, ու  բառացիորեն մաղում էին  թշնամուն։

Տղերքը կռվում էին խենթի պես ու  անձնուրաց պահում էին երկիրը, հողը, Հայրենիքը…

 

***

 

Մարտերը գնալով ավելի ու ավելի էին թեժանում,  հակառակորդը ինչ զինատեսակ ասես չէր գործադրում։

-Ռուսական «Anna news» կայքի նկարած կադրերից մեկում երեւում է, թե ինչպես է թշնամին Շուշիի մոտակայքում  խոցում  հայկական մեքենաները։  Առաջինն իմ մեքենան  էր, երկրորդ մեքենայի վարորդը զոհվեց,  երրորդ մեքենայի անիվները վնասվել էին,- պատերազմական դժնդակ օրերից դրվագներ է վերհիշում սպան:- Ծակված անվադողերով հասանք Քարինտակ, հետ գալիս նկատեցինք մեր հրահանգչին՝ Հենրիկին։

-Ամենաթեժ հատվածներից մեկում էինք՝ Շուշիի մատույցներում,- մտաբերում է զինակից ընկերը՝ Հենրիկը:- Ծուղակի մեջ էինք ընկել, մեծաթիվ զոհեր ունեինք: Թշնամին թիրախավորել էր մեր ուղղությունն ու կրակը չէր դադարեցնում, օղակն էլ գնալով ավելի ու ավելի էր սեղմվում: Արդեն հաշտվել էի մահվան հետ, բայց ուզում էի պատվով մեռնել, վերջին շնչում գոնե մի թշնամու էլ վերացնել: Մեկ էլ, այդ համատարած  կրակատարափի տակ, մոտեցող մի մեքենա եմ նկատում, վրան կարգին անիվ էլ չկար, ու լսում եմ մեկի ձայնը, որ անընդհատ կրկնում է. «Ախպե՛ր, նստի՛ր մեքենան, ախպե՛ր, նստի՛ր»…. Ոնց որ կինո լիներ, հրաշքին հավասարազոր էր այդ գեհենից փրկվելը… Ես հիմա հավատում եմ հրաշքներին….Եթե Արամը չգար, ընդմիշտ կմնայի այնտեղ:

Չափից ավելի ռիսկային էր այդ հատվածը մտնելը, բայց Արամը, անտեսելով ամեն վտանգ, մտել էր…։

Մի կյանք էլ  փրկվեց, մի օջախում էլ լույսը չմարեց…

 

***

 

Իրենց օջախում էլ իրեն էին սրտատրոփ, սրտադող սպասում։ Կինը՝ Գայանեն, որ մասնագիտությամբ հոգեբան է, դժվարությամբ էր կարողանում հոգին փոթորկած  տագնապները, լարվածությունը քողարկել, ջանում էր  ամուր երեւալ,  երեք որդիներին  ոգեւորում էր,  գոտեպնդում: Որդիներն էլ  իրեն էին գոտեպնդում, քաջալերում…

-Մեր հայրենիքի վրայով կրկին անցավ պատերազմի դաժան արհավիրքը,- անհուն ցավը սրտում ամբարած՝ ասում է Գայանեն,- մենք Շուշիում էինք ապրում, տունուտեղ էինք ստեղծել, պիտի վայելեինք, սակայն ամեն ինչ մնաց թշնամուն… Իմ արմատներն  էլ  Շուշիից են: 100 տարի անց պատմությունը նորից կրկնվեց՝ 1920 թվականին Շուշին դարձյալ հայաթափվել էր… Տարիներ անց մեր բերդաքաղաքն ազատագրվեց: Հայրս՝ Հայասեր Իշխանյանը,  Շուշին ազատագրող մարտիկներից մեկն է: Երեւի հայի ամեն  սերնդի վիճակված է պատերազմի թոհուբոհով անցնել… Այս վերջին կռվի ժամանակ էլ եղբայրներս ու ամուսինս էին մարտադաշտում, անարդար, անազնիվ պատերազմ  էր…

Սենյակում մի պահ  ծանրանում է լռությունը, հետո մեկեն լցվում աղմուկ-աղաղակով՝ երեխեքը կռիվ-կռիվ են խաղում…

-Դասեր պիտի քաղենք անցյալի ու ներկայի  սխալներից, պիտի համախմբվենք,  ամեն մեկիս «ես»-ը  փոխարինելով «մենք»-ի, ու մեր ամեն օրը,  ամեն ժամը պետք է միտված լինի Հայրենիքը հզորացնելուն,- բանաձեւում է Արամը,- հաղթողները նրանք են, ովքեր երբե՛ք, երբե՛ք չեն հանձնվում…

 

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #07 (1429) 27.04.2022 - 03.05.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/04/2022